Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտում է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած «լկտի զինված հարձակումը», որի հետևանքով կա երկու զոհ:
ՆԳՆ ոստիկանությունն այսօր կեսգիշերն անց հաղորդել էր, որ Մերձավանում կրակոցներ են հնչել, սպանվել է համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը: Փաշինյանը նշել է, որ սպանվածներից մյուսն էլ Գրիգորյանի ընկերն էր։ Եվս մեկ վիրավորված անձ, վարչապետի փոխանցմամբ, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ցավակցելով սպանվածների հարազատներին և Փարաքարի ժողովրդին՝ վարչապետը շեշտել է, որ Հայաստանի իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
Ոստիկանությունն այս պահին դեռևս այլ մանրամասներ միջադեպից չի հայտնել:
Փաշինյանը հավելել է, որ պետք է մանրամասն վերլուծության ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել, և որ այդ վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ։
Փարաքար համայնքում ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը մարտին հաղթանակ էր տարել ընտրություններում: Գրիգորյանի առաջնորդած «Միասնություն» դաշինքը ստացել էր ձայների ավելի քան 57 տոկոսը:
Այստեղ արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, այդ ժամանակվա համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց արյունալի մի միջադեպի ներկա գտնվելու պատճառով: