Մատչելիության հղումներ

Քասախցիները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը. տրանսպորտային թնջուկը չի հանգուցալուծվում


Երևանի անմիջական հարևան բնակավայրերում տրանսպորտային թնջուկը չի հանգուցալուծվում. շուտով Պռոշյան և Քասախ գյուղերի ավելի քան տասը հազար բնակիչներին սպասարկող մայրաքաղաքային 150 դրամանոց ավտոբուսներին պետք է փոխարինեն Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերության ավելի թանկ՝ 200-ից 250 դրամանոց միկրոավտոբուսները, որոնցով բնակիչները միայն Երևանի մոտակա թաղամաս կհասնեն, հետո ստիպված կլինեն ևս 150 դրամ վճարել ու այլ ավտոբուսից օգտվել:

Սպասվող փոփոխությունների պատճառով բնակիչները փաստի առաջ են կանգնել, եթե պատասխանատուները հետքայլ չանեն, ստիպված կլինեն շատ ավելին վճարել Երևան գնալ-գալու համար: Բողոքի ակցիաները չեն դադարում, պռոշյանցիներից հետո այսօր էլ քասախցիներն էին փողոց դուրս եկել ու առավոտից փակել Երևան-Աշտարակ ճանապարհը:

Սպասվող փոփոխության մասին բնակիչներն անցած ամսվա վերջին են իմացել. Քասախի և Պռոշյանի վարչական ղեկավարների գրասենյակներն իրենց ֆեյսբուքյան էջերում նոր երթուղիների վերաբերյալ կառավարության հրամանն էին հրապարակել: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի որդուն պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը տարիներ առաջ հաղթել է Կոտայքի մարզում տրանսպորտային փոխադրումների մրցույթում, և ըստ կարգի՝ մարզում կանոնավոր փոխադրումներն իրենք պետք է իրականացնեն: Այս գյուղերը թեև Երևանի կողքին են, բայց Կոտայքի մարզում են գտնվում:

Բողոքի ակցիային հաշմանդամություն ունեցող անձ էր մասնակցում, չի պատկերացնում միկրոավտոբուսով ինչպես է երթևեկելու:

Պռոշյան 25 համարի ավտոբուսն է հասնում, Քասախ՝ 59-ը: Երեկ գյուղերի բնակիչները կառավարությունում էին. պռոշյանցիներն առաջարկում էին, որ 25 համարը գոնե Պաշտպանության նախարարության նախկին շենք հասնի, ըստ բնակիչների սրա շուրջ համաձայնութjան հասել են: Քասախցիներին, մինչևդեռ, պատասխանները չէր բավարարել: Նրանց առաջարկել են, որ 59 համարը գլխավոր ճանապարհից գյուղ չմտնի և հենց այնտեղից շրջադարձ կատարի: Քասախցիները պահանջում են, որ ավտոբուսը գոնե մի փոքր առաջանա, քանի որ ճանապարհը բարձրադիր է, ոտքով այդքան բարձրանալ-իջնել չեն կարող:

Երևան-Աշտարակ ճանապարհը փակած քաղաքացիները մի քանի ժամ շարունակ սպասում էին, որ պաշտոնյաներ գան իրենց լսելու: Արդեն կեսօրին Քասախ եկան տրանսպորտի ոլորտը համակարգող տարածքային կառավարման փոխնախարար Արսեն Սիմոնյանն ու Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Ցուցարարները բացեցին ճանապարհը, արդեն գյուղի ներսում փակ հանդիպում սկսվեց:

Հանդիպման ավարտին հայատարվեց՝ պաշտոնյաները քասախցիներից մեկ շաբաթ ժամանակ են խնդրել քննարկումների համար. փոխնախարարը Արսեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ կդիտարկեն բնակիչների պահանջը: Քասախցիները խոստացան մեկ շաբաթ սպասել:


XS
SM
MD
LG