Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ իշխանության սկսած արշավն արդեն լուրջ միջադեպերի է հանգեցնում նաև երկրից դուրս՝ վիճաբանության առիթ դառնալով Սփյուռքի հայկական եկեղեցիներում:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանն օրերս արգելել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին կնքահայր դառնալ՝ հաշվի առնելով իշխանական պատգամավորի՝ վեհափառի հասցեին հնչեցրած հայտարարությունները:
Միջադեպը տեղի է ունեցել հենց եկեղեցում, երբ քահանան պատահաբար ճանաչել էր իշխանական պատգամավորին. - «Հանկարծ տեսնում եմ, որ այդ անձնավորությունը, ով վեհափառին ավազանի անունով է դիմում, ու ասում է, որ նրան Վեհարանից պետք է դուրս շպրտեն, այդ անձնավորությունը եկել էր, և ուզում էր կնքահայրության պատվին արժանանալ: Ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր»:
168.am-ի հետ զրույցում Սեբեոս քահանան առաջարկել է կնքել երեխային, սուրբ մեռոնով օծել, կատարել քառասունքի կարգը՝ բայց մեկ պայմանով, որ կնքահայրը կլինի առնվազն հարգալից անձնավորություն, մեկն, ով ընդունում Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական կարգը, ով ընդունում է, որ հոգևորականը բազմում մեղքերով հանդերձ ունի առաքյալներից մինչ օրս իրենց հասած իշխանությունը՝ մկրտելու կնքելու, հաղորդություն տալու և օրհնելու:
Քահանայի այս առաջարկից հետո իրավիճակը լարվել է, հնչել են վիրավորական խոսքեր, ու ըստ Սեբեոս քահանայի, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը սպառնացել է. - «Այստեղից հեռանալուց առաջ, հնչեցնելով վեհափառի ավազանի անունը, նա ինձ խոստացավ, որ այդ վեհափառին պարանոցից բռնած պետք է վեհարանից դուրս շպրտի»:
Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվը հարց է տալիս՝ արդյոք այդքանից հետո ինքն իրավունք ունե՞ր ՔՊ-ական պատգամավորին թույլ տալ դառնալ կնքահայր. «Ովքեր համարում են հայոց եկեղեցին ահաբեկիչների որջ, ովքեր հայ եպիսկոպոսներին համարում են ահաբեկիչներ ու կալանքի տակ են պահում, արդյոք ես իրավունք ունեի՞ թույլ տալու այդ ոչ պատգամավորին կրելու այն պատիվը, որ կրում է կնքահայրը հայոց եկեղեցում»:
«Եթե ինչ -որ քահանա կորոշի՝ ով դառնա քավոր, ով չկնքվի, այդ մարդկանց պատժելու եմ». ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ Նիժնի Նովգորդի հայկական եկեղեցում քահանան մերժել է մկրտել երեխային՝ իր քավորությամբ, առաջարկելով փոխել քավորին, ինքն էլ հոգևորականին անվանել է սատանա:
«Իսկ մարդիկ ասեցին՝ «սրբությունները չենք փոխում, իսկ քավորը սրբություն է և չենք փոխելու մեր քավորին»... ես իրեն ասել եմ սատանա, ով չի ուզում՝ երեխան կնքվի ու դառնա քրիստոնյան ինքը սատանա է», - ասաց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Ասել եմ սրանից հետո՝ կլինի ՔՊ-ական պատգամավոր, թե այլ մարդ, ով կգա կնունքի ու ինչ -որ քահանա կորոշի՝ ով դառնա քավոր, ով չկնքվի, այդ մարդկանց պատժելու եմ»:
Հարցին, թե ինչպե՞ս է պատժելու, իշխանական պատգամավորը պատասխանեց. - «Հանրային ցասումով, հանրահավաք կկազմակերպեմ, կասեմ՝ էս քահանան չպետք է էստեղ աշխատի, որովհետև չի ուզում, որ մարդը դառնա քրիստոնյա»:
Նարեկ Գրիգորյանն ասում է, որ թեև երեխան չի մկրտվել, միևնույն է՝ ինքը նրա կնքահայրն է, քանի որ իրեն ընտրել են որպես քավոր, իսկ քավորը սրբություն է. - «Կկնքենք երեխային ու ավելի բարձր մակարդակով ու իրական հոգևորականով, ինչի՞ հավերժական են քահանաները»:
Նարեկ Գրիգորյանը, ինչպես ՔՊ-ական մյուս պատգամավորները, վեհափառի դեմ վարչապետ Փաշինյանի սկսած արշավից հետո, բազմաթիվ հայտարարություններ է արել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ ասելով, որ ամբողջությամբ կիսում ու ստորագրում է Փաշինյանի բոլոր գրառումների տակ: