Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Հաղթանակի օրվա առթիվ իր իսկ հայտարարած եռօրյա հրադադարը խախտելու համար, որն ուժի մեջ է մտել կեսգիշերից: Ուկրաինան, որը հրադադարին չի միացել՝ պահանջելով կրակը դադարեցնել առնվազն 30 օրով, հայտարարել է, որ ռուսական զորքը հարձակվում է առաջնագծի ողջ երկայնքով, մի քանի անգամ կառավարվող ռումբեր է նետել Սումիի վրա, թեև հրադադարի առաջին ժամերին հարաբերական հանգիստ է եղել:
Ուկրաինայի արտգործնախարարն X-ում գրել է, որ օրվա ընթացքում ռուսական կողմը հրադադարը խախտել է մի քանի հարյուր անգամ: Անդրեյ Սիբիգան նշել է, որ խախտումների մասին տեղեկացնում են ԱՄՆ-ին, եվրոպական գործընկերներին, ապա հավելել է՝ 30-օրյա հրադադարի մասին Կիևի առաջարկը դեռ ուժի մեջ է:
«Մենք համարժեքորեն արձագանքում ենք բոլոր հարձակումներին ... Մենք թույլ չենք տա, որ Պուտինը խաբի որևէ մեկին, երբ նա նույնիսկ իր խոստումը չի պահում», - գրել է Սիբիգան:
Ռուսական կողմն, իր հերթին, տեղեկացրել է, որ ուկրաինական զինուժը մի քանի հարյուր անգամ խախտել է հրադադարը, երկու անգամ էլ փորձել է ճեղքել սահմանը Կուրսկում։
Մինչ Կիևն ու Մոսկվան մեղադրանքներ են փոխանակում, Մոսկվա են ժամանում տարբեր երկրների ղեկավարներ՝ մասնակցելու վաղվա ռազմական շքերթին, թեև Ուկրաինան հայտարարել էր, որ չի երաշխավորում որևէ մեկի անվտանգությունը, և կոչ էր արել չմասնակցել շքերթին: Մոսկվան ակնկալում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 30 երկրի առաջնորդ, թեև մի քանիսը, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահը, մերժել են հրավերը:
Ռուսաստան է ժամանել նաև Չինաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածվել, որում կողմերը համաձայնել են՝ ուկրաինական խնդրի կարգավորման համար հարկավոր է նախ վերացնել դրա ծագման գլխավոր պատճառները, մի բան, որը մշտապես պնդել է Ռուսաստանը:
Մոսկվայում տոնական պատրաստությունների ֆոնին Ուկրաինայի նախագահը Հաղթանակի օրվան նվիրված ուղերձում այսօր կոչ է արել Ռուսաստանի դեմ պայքարել բոլոր հնարավոր ճակատներով և ստիպել, որ դադարեցնի պատերազմը:
«Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է, որ լռություն տիրի, որ խաղաղությունը հաղթի։ Մենք պայքարում ենք դրա համար։ Եվ հասկանում ենք, թե ինչ է անհրաժեշտ դրա համար։ Կա՛մ Ռուսաստանը պետք է արմատապես փոխվի, կա՛մ աշխարհը պետք է փոխվի», - հայտարարել է Զելենսկին:
Մինչ այդ, Միացյալ Նահանգների նախագահը, որն ընտրվելուց առաջ խոստանում էր օրերի ընթացքում դադարեցնել պատերազմը, հայտարարել է, թե մոտենում է պահը, երբ անհրաժեշտ է ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշումներ կայացնել: Դոնալդ Թրամփը դարձյալ դժգոհել է բանակցությունների ընթացքից:
«Մենք հասնում ենք մի կետի, երբ որոշ որոշումներ պետք է կայացվեն։ Ես դժգոհ եմ դրանից», - ասել է Թրամփը:
ԱՄՆ փոխնախագահն, իր հերթին, ասել է, թե Ռուսաստանը չափազանց շատ բան է պահանջում պատերազմը դադարեցնելու դիմաց: Ջեյ Դի Վենսը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է բանակցությունները, որպեսզի հասկանան, թե կողմերին ինչ է հարկավոր խնդրի կարգավորման համար: Սակայն Ռուսաստանը և Ուկրաինան պետք է սկսեն ուղիղ խոսել միմյանց հետ, ասել է նա:
«Ակնհայտորեն Միացյալ Նահանգներն ուրախ է մասնակցել այդ բանակցություններին, բայց շատ կարևոր է, որ ռուսներն ու ուկրաինացիները սկսեն խոսել միմյանց հետ։ Կարծում ենք՝ սա հաջորդ մեծ քայլն է, որ կցանկանայինք անել», - հայտարարել է Վենսը:
Մինչ Միացյալ Նահանգներն ուղիղ բանակցելու կոչ է անում, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը սոցցանցում տեղեկացրել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ քննարկել է ուղիները, թե ինչպես ճնշել Ռուսաստանին, որպեսզի համաձայնի 30-օրյա հրադադարին:
Անդրեյ Երմակը չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների հետ առցանց քննարկումը, սակայն նշել է՝ բոլորն են համաձայնել, որ լիակատար և անվերապահ հրադադարը պետք է լինի արդար և կայուն խաղաղության հասնելու առաջին քայլը։
«Մենք նաև քննարկել ենք, թե ճնշման ինչ գործիքներ ունենք, եթե Ռուսաստանը մերժի նախաձեռնությունը կամ խախտի պայմանավորվածությունները», - նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Ուկրաինացի պաշտոնյան նաև պնդել է, որ Պուտինը եռօրյա հրադադարն առաջարկել է ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ Մոսկվայում շքերթն անվտանգ անցկացնելու նպատակով, ինչը, ըստ Երմակի, քաղաքական մանիպուլյացիա է: