Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակը հերքում է, թե Ռուսաստանն արգելել է Սուքիասյանի մուտքը իր տարածք: Աննա Մկրտչյանն ասաց՝ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապատում, իսկ վերջին շրջանում առիթ չի եղել, որ պատգամավորը մեկնի Ռուսաստան:
Սուքիասյանի մուտքի արգելքի մասին գրել է 24News-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին: Ռուսական աղբյուրներում այս մասին պաշտոնական տեղեկություն չգտանք:
Օրերս Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) հայտնել էր, որ բացահայտել է ադամանդների մաքսանենգության խոշոր սխեմա, որի շրջանակում մատակարարված թանկարժեք քարերն ուղարկվել են Հայաստան՝ ADM Diamonds ընկերություն։ Մասնավորապես, ФСБ-ն հայտարարել էր, որ այդ ընկերության շահառուն ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն է։
Պատգամավորի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում արդեն հերքել է այս պնդումները՝ նշելով, որ Սուքիասյանն ոչ մի կապ չի ունեցել և չունի ADM Diamonds ընկերության հետ։
Այս գործի շրջանակում ձերբակալվել են "АЛРОСА" ռուսական ընկերության աշխատակցուհի Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշենկովը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներ Արմեն Պետրոսյանը և Արման Սահակյանը։ Ըստ ФСБ-ի՝ այդ անձինք մեղադրվում են շուրջ 1.7 միլիոն ռուբլի արժեքով ադամանդներ գողանալու, դրանք ավելի ցածրարժեք քարերով փոխարինելու և Ռուսաստանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար։
ADM Diamonds-ը, իր հերթին, հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ երբևէ չի գործակցել հանցավոր խմբերի հետ և չի հանդիսանում ներգրավված որևէ մաքսանենգ գործարքի մեջ։ Ընկերությունը նաև հերքել է Խաչատուր Սուքիասյանի հետ որևէ իրավական, բաժնետիրական կամ սեփականատիրական կապը։
Պետական ռեգիստրի տվյալներով՝ «Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերության սեփականատերերը 2017 թվականից եղել են Ասպարիկ Բաղիկյանը և Մարինե Բաղիկյանը: 2024-ից արդեն միակ բաժնետերը Արթուր Մավրիկի Օհանջանյանն է:
Սուքիասյանն ինքը տարբեր հրապարակային ելույթներում ասել է, որ գործարանի ղեկավարները՝ Բաղիկյան եղբայրները, իր «հարազատ մարդիկ են», սակայն ինքն այդ բիզնեսում ներգրավված չէ: Պատգամավորը 2019-ին մասնակցել է ադամանդի վերամշակմամբ զբաղվող այս գործարանի բացմանը, նույնիսկ հարցազրույցներ է տվել ու բավականին տեղեկացված էր գործարանի ծրագրերից:
«Ադամանդագործությունը առաջիկա տաս տարում ֆանտաստիկ զարգանալու է Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարում էր Խաչատուր Սուքիասյանը:
Ռուսական կողմի պնդմամբ` ադամանդների մաքսանենգության մեջ ներգրավված ADM Dimonds-ի տնօրեն Արսեն Արտաշեսյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ Ռուսաստանից իրենց հետ կապ չեն հաստատել: