Ուկրաինային հավելյալ զենք ուղարկելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից մեկ օր անց Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի տարբեր մարզերի վրա՝ հասցնելով 740-ից ավելի օդային հարված: Կիրառվել են անօդաչուներ, «Կինժալ» և «Իսկանդեր» տեսակի բալիստիկ հրթիռներ:
Հիմնական թիրախներից է եղել Լուցկ քաղաքը, նախնական տվյալներով՝ զոհեր չկան: Դոնեցկում կա երեք զոհ, 11 վիրավոր: Կուպյանսկում կա մեկ զոհ և երկու վիրավոր, ևս մեկ զոհ կա Խմելնիցկիում: Խերսոնում մեկ տարեկան երեխա է զոհվել, ևս 17 մարդ վիրավորվել է:
Ռուսական կողմը հայտարարել է, թե բարձր ճշգրտության հարվածներ է հասցրել ռազմական օդանավակայանների, նաև մեկ բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարձակվել է ռուսական բնակավայրերի վրա, այդ թվում՝ Կուրսկի, որտեղ սպանվել է երեք, վիրավորվել՝ յոթ մարդ:
Ուկրաինայի նախագահը սոցցանցում գրել է՝ ռուսական զինուժի այս լայնամասշտաբ հարձակումը վկայում է, որ Ռուսաստանը չի ցանկանում հրադար, հետևաբար անհրաժեշտ է ցավոտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Երեկոյան ուղերձում էլ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կարգադրել է ակտիվացնել շփումներն ԱՄՆ-ի հետ՝ կարևորագույն զենքերի մատակարարման շուրջ:
«Սա առաջին հերթին վերաբերում է օդային պաշտպանությանը, ինչպես նաև ԱՄՆ-ից մատակարարվող մյուս բոլոր տարրերին։ Սրանք կարևորագույն մատակարարումներ են, որոնց իրականացումը նշանակում է փրկել կյանքեր և պաշտպանել ուկրաինական քաղաքներն ու գյուղերը», - հայտարարել է Զելենսկին:
Այս ֆոնին Միացյալ Նահանգների նախագահը քննադատել է Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ դժգոհ է Ռուսաստանի նախագահից: Սպիտակ տանը կառավարության անդամների հետ հանդիպմանը երեկ Դոնալդ Թրամփն ասել է, որ քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նրա դժկամության պատճառով։
«Մենք դժգոհ ենք Պուտինից։ Ես դժգոհ եմ Պուտինից։ Այսքանը կարող եմ ասել հիմա, որովհետև նա շատ մարդկանց է սպանում ... Մենք շատ անհեթեթություններ ենք լսում Պուտինից, եթե կուզեք իմանալ ճշմարտությունը։ Նա միշտ շատ քաղաքավարի է, բայց վերջում պարզվում է, որ դա անիմաստ է», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Կրեմլի խոսնակն ասել է, թե «բավականին հանգիստ» են վերաբերվում այն հանգամանքին, որ Թրամփն ավելի կոշտ է արտահայտվում Պուտինի հասցեին, քանզի առհասարակ նրա ոճն է այդպիսին: Դմիտրի Պեսկովը նաև նշել է՝ Թրամփը կարևոր հայտարարություն է արել առ այն, որ ուկրաինական հակամարտության կարգավորումն այդքան էլ հեշտ չէ, որքան ի սկզբանե թվում էր:
«Սա այն է, ինչ մենք ասել ենք սկզբից ի վեր, որ հակամարտությունը հնարավոր չէ լուծել մեկ գիշերում… Ակնկալում ենք շարունակել Վաշինգտոնի հետ երկխոսությունը և լրջորեն վնասված երկկողմ հարաբերությունները վերականգնելու մեր ուղեգիծը», - ասել է Կրեմլի խոսնակը:
CNN-ը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ձայնագրությունը, հաղորդել էր, թե Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում դոնորների հետ մասնավոր հանդիպմանն ասել է, որ Պուտինին զգուշացրել է՝ «կռմբակոծի Մոսկվան», եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա։ Պեսկովն ասել է, թե վստահ չեն, որ ձայնագրությունն իրական է, և հորդորել է դիմել Սպիտակ տուն: Կրեմլը նաև ակնկալում է սկսել հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերի շուրջ քննարկումների երրորդ փուլը, նշել է նա:
Վատիկանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ռուս - ուկրաինական բանակցությունները: Հռոմի պապն այսօր Զելենսկիի հետ հանդիպմանն ասել է, որ անհրաժեշտ է արդար և երկարատև խաղաղություն հաստատել Ուկրաինայում:
Մինչ այդ, Ֆրանսիայի նախագահը երեկ բրիտանական խորհրդարանում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պետք է միասին աշխատեն միջազգային կարգը պաշտպանելու համար: Էմանյուել Մակրոնը վստահեցրել է՝ երբեք Ուկրաինային մենակ չեն թողնի, քանզի Ուկրաինայում վտանգված է ամբողջ Եվրոպայի անվտանգությունը, և հենց այդ պատճառով էլ այս տարի ստեղծեցին Ուկրաինայի աջակիցների կոալիցիան:
«Մենք մինչև վերջին րոպեն կպայքարենք հրադադարի հասնելու, ամուր և կայուն խաղաղություն կառուցելուն ուղղված բանակցություններն սկսելու համար։ Որովհետև սա մեր անվտանգությունն է և մեր ընդհանուր սկզբունքները, որոնք վտանգված են Ուկրաինայում», - հայտարարել է Մակրոնը:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարգավորելու դիվանագիտական միջոցները սպառվել են, և խոստացել է շարունակել աջակցել Կիևին ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։
Երեկ Թրամփը, ապա նաև Պենտագոնը հայտարարեցին, որ վերսկսելու են զենքի մատակարարումները Ուկրաինային՝ չմանրամասնելով, թե ինչ զենք նկատի ունեն։ Ամերիկյան The Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների, հայտնում է, որ Թրամփը քննարկում է Ուկրաինա լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համակարգ ուղարկելու հնարավորությունը։ Ըստ թերթի՝ եթե նա նման որոշում կայացնի, դա կլինի առաջին դեպքը, երբ Թրամփը կհաստատի Ուկրաինային ծանր զենքի նոր խմբաքանակի մատակարարումը, քանզի մինչ այժմ ԱՄՆ-ը շարունակել է միայն նախորդ վարչակազմի հաստատված մատակարարումները։
Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Եվրամիությունը քննարկում է Ուկրաինային աջակցելու համար ևս 100 միլիարդ եվրո հատկացնելու հնարավորությունը: Հաստատվելու դեպքում այն կարող է ներառվել ԵՄ-ի յոթնամյա հաջորդ բյուջեում, որը պետք է հրապարակվի հուլիսի վերջին, իսկ վճարումները կարող են սկսվել 2028 թվականին: Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր ԵՄ-ն Կիևին գրեթե 160 միլիարդ եվրո է տրամադրել՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով: