Մատչելիության հղումներ

ՔԿ-ի նախնական վարկածով՝ զինվորն ինքն է իրեն վնասել. նա 1 տարի առաջ է վերադարձել ՀՀ


Արխիվ
Արխիվ

Վերին Դվինից բանակ զորակոչված ասորի երիտասարդը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունն այսօր այս տեղեկությունը հրապարակեց միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցներն արդեն գրել էին տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ ռազմական գերատեսչության՝ հրազենային վիրավորում ստացած զինվորն արդեն վիրահատվել է:

Քննչական կոմիտեն քննում է, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, վարույթն էլ նախաձեռնել է զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու՝ անդամախեղելու եղանակով, զինվորական ծառայությունից խուսափելու կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու հոդվածով: Այլ մանրամասներ Քննչականը չի հաղորդում:

Վերին Դվինի համայնքապետ Լյուդմիլա Պետրովան «Ազատությանը» փոխանցեց՝ երիտասարդի ընտանիքը երկար տարիներ Ռուսաստանում է ապրում, նա այնտեղ է դպրոց գնացել և շուրջ մեկ տարի առաջ է եկել Հայաստան՝ բանակ գնալու համար: Սերգեյ Վասիլևը 23 տարեկան է, հայտնեց Վերին Դվինի ղեկավարը:

«Հայրը, մայրը ապրում են Ռուսաստանում», - ասաց նա:

Քննչականի հաղորդագրությունից ենթադրվում է, որ Ռուսաստանից բանակ ծառայելու համար հայրենիք վերադարձած երիտասարդը փորձել է խուսափել ծառայությունից: Ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում, և արդյո՞ք իսկապես այդպես է եղել՝ պարզ չէ, և՛ ՔԿ-ն, և՛ Պաշտպանության նախարարությունը չեն պարզաբանել:

Իրավապաշտպանը մի քանի հարց է բարձրացնում՝ սկսած ՊՆ-ի թափանցիկությունից

«Հավատացած եմ, եթե լրատվամիջոցները չխոսեին սրա մասին, սա կլիներ հերթական դեպքերից մեկը, որի մասին ոչ ոք չի իմանում: Միակ բանը, որ կարար տեղեկությունը հրապարակեր, ենթադրենք, երբ որ մահվան բերեր այդ գործողությունը: Ուղղակի կհայտարարվեր, որ N զորամասում զինծառայողն ինքնասպան է եղել», - «Ազատությանն» ասաց բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը:

Նա մի քանի հարց է բարձրացնում՝ ՊՆ գործունեությունը թափանցիկ չէ՝ նման դեպքերի մասին գերադասում են լռել: Երկրորդ հարցն այն է, թե ինչու են զինվորները գնում նման քայլի: Չնայած, ընդգծում է, դեռ ապացուցված չէ, որ հայրենիքին պարտքը տալու համար Հայաստան վերադարձած զինվորն ինքն իր վրա ձեռք է բարձրացրել, ու եթե ամեն ինչ լավ լիներ, դժվար այս քայլին գնար: Չի բացառվում, որ նրան հասցրել են դրան, նկատում է իրավապաշտպանը:

«Տարբերակները շատ-շատ են: Չեմ կարող բացառել այն տարբերակը, որ ենթադրենք՝ զորամասում ճնշումներ են եղել զինծառայողի նկատմամբ, և դա եղել է վերջին միջոց, որպեսզի ազատվի այդ զորամասից կամ տեղափոխվի: Տարիների ընթացքում այնքան դեպքեր ենք տեսել, որ ոչ մի բան ես չեմ կարող բացառել», - ասաց Խաչատրյանը:

Խնդիրները լուծելու փոխարեն զինված ուժերում զբաղված են ծածկադմփոցով, ասում է բանակի խնդիրներով զբաղվող «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ղեկավարը: Իսկ նման գործելակերպը բերում է վստահության կորստի, հավելում է նա. «Այդ վստահության կորստի պատճառով էլ մենք անընդհատ փորձում ենք դավադրության տեսություններ մտածել, թե իրականում պատճառը դա էր, թե չէ, վիրավորումն ստացել է ծառայակցից, թե ինքնախեղում է: Սա էլ շատ կարևոր տարր է, որ եթե վստահություն լիներ, եթե թափանցիկ գործեին թե՛ պաշտպանական գերատեսչությունում, թե՛ վարույթն իրականացնող մարմնում, հավանաբար այդ հարցերը մեզ մոտ չէին ծագի»:

Իրավապաշտպանը հիշեցնում է Փաշինյանի կառավարության խոստումը բարեփոխումների մասին: Վարչապետն էր բանակի օրն անդրադարձել բարեփոխմանը, ընդգծել՝ առաջինը պետք է մտածողությունը փոխել, նշել՝ սկսել են այս գործընթացը, բայց հավելել՝ չի կարող ասել, թե ընթանում են բավարար արագությամբ:

«Ինչպես պետական համակարգի բազմաթիվ օղակներում, այստեղ էլ, կարծում եմ, արագության մասին մեր պատկերացումները պետք է փոխվեն», - հայտարարել էր նա:


Համակարգային փոփոխություններ չկան, հակադարձում է իրավապաշտպանն ու ընդգծում՝ կան որոշ փոփոխություններ, բայց հիմնական խնդիրները, այդ թվում՝ զինված ուժերը թափանցիկ ու հաշվետվողական գործելաոճով կառավարելու հետ կապված, մնում են չլուծված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG