Մատչելիության հղումներ

«Քնած էի, կրակեցին». խոզնավարցի Ռուբեն Խաչատրյանը հազիվ է փրկվել ադրբեջանական կրակոցից


Ադրբեջանի զինուժի կրակոցի հետևանքով նախօրեին խոզնավարցի Ռուբեն Խաչատրյանի տան պատուհանն էր վնասվել: Երեկոյան 10:20 էր, ինքը՝ քնած, կինը՝ խոհանոցում, երբ ընտանեկան անդորրը խախտեց ադրբեջանական զինուժը:

«Ես քնած էի ննջասենյակում: Հեռախոսը դրել էի տումբչկայի վրա, դրմբոցը լսեցի, ես ասեի՝ երևի հեռախոսը ընկավ, ձեռս տանեմ, տեսնեմ՝ չէ, հեռախոսը նույն տեղն ա: Կինս էլ էն ժամանակ կուխնումն էր», - պատմեց նա:

Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղի տնից ադրբեջանցիների դիրքերը 1-2 կիլոմետր են հեռու:

Կրակոցների տակ ապրելու սովոր 73-ամյա տղամարդն ասում է՝ եթե պառկած չլիներ, այլ՝ նստած, փամփուշտը հաստատ կվնասեր իրեն. - «Լավ ա, որ քնած եմ եղել էլի, պառկած եմ եղել: Ոչ մի բան չենք հավաքել, հայելու փշրանքներն ա, որ գան տեսնեն»:

Չնայած երեկվանից ննջասենյակը խառնաշփոթի մեջ է, իրենք էլ անհանգստացած, բայց տարեց ամուսինները հաստատակամ են՝ հարազատ տնից ոչ մի տեղ չեն գնա:

«Գյուղից ոչ մի տեղ չենք գնա, բա իմ հոր, մոր գերեզմանը որտե՞ղ թողնեմ գնամ, ինչ ուզում ա լինի, մնալու եմ»:

Երեկվանից դեպքի վայրը նույնությամբ պահպանող ընտանիքում սպասում են, որ պատասխանատուները գան, արձանագրեն: Նկարել են վնասված պատուհանը, այս ու այն կողմ ընկած իրերն ու փոխանցել Պաշտպանության նախարարությանը: Ռազմական գերատեսչությունը դեպքից մեկ ժամ անց հաղորդեց կրակոցի ու վնասված պատուհանի մասին՝ հավելելով, որ տուժածներ չկան:


Խաչատրյանները Խոզնավարում վերջին մեկ ամսում ադրբեջանական զինուժի առաջին թիրախը չեն: Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ևս ադրբեջանական կողմը կրակել էր Խոզնավարի ուղղությամբ, վնասել Ռուբենի համագյուղացու՝ Կարինե Հակոբջանյանի տան տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Ադրբեջանական դիրքերով շրջապատված Խոզանավարի ու Խնածախի բնակիչներն արդեն մեկ ամիս է գիշերներն անցկացնում են կրակոցների ձայնի տակ: Խնածախում էլ ադրբեջանական գնդակները հասել էին գյուղապետի տուն ու մշակույթի տուն:

Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցող վարչապետ Փաշինյանն առավոտյան դատապարտել է խոզնավարցի Ռուբեն Խաչատրյանի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և Ադրբեջանի իշխանություններին կոչ արել քննության առնել այդ դեպքերը և հանդես գալ պարզաբանումներով։

Պաշտպանության նախարարությունն էլ նորից հիշեցնում է Երևանի առաջարկը՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ։ Բաքուն այն մինչ օրս անպատասխան է թողել։ Ադրբեջանական կողմի կրակոցները սկսվեցին հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց մի քանի օր անց:

«Բնականաբար Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիա, մենք էլ ամեն անգամ փորձում ենք ենք էդ նոր էսկալացիան թույլ չտալ», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Մեկ շաբաթ առաջ վարչապետ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր՝ «Հայաստան-Ադրբեջան նոր սրացում, նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»: Չնայած այս հայտարարությանը, երեկ վարչապետի թիմակից Վահագն Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ Բաքուն էսկալացիայի է ձգտում:

Ընդդիմությունից հայտարարում են՝ բանակցված, բայց դեռ չստորագրված փաստաթղթից դուրս Բաքուն պահանջներ ունի, փորձում է սպառնալիքի ներքո հասնել դրանց կատարմանը: Բաքուն հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ չի փոխվել Հայաստանի Սահմանադրությունն ու չի լուծարվել ղարաբաղյան հակամարտությամբ զբաղված միակ միջազգային հարթակը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը:



XS
SM
MD
LG