Չնայած վարչապետի հավաստիացումներին, երկու օրից կայանալիք համագումարին ընդառաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հակասությունը չհաջողվեց պահել կուսակցության ներսում: Նախ լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին նամակ ստացվեց, ուղարկողը, որն անաուն էր ցանկացել մնալ, հավաստիացնում էր, թե ինքը ներկա է եղել մի քանի օր առաջ Կոտայքում տեղի ունեցած կուսակցության ժողովին, որի ժամանակ Հայկ Սարգսյանը պատմել է, թե դիմել է ՔՊ վարչությանը՝ ԱԺ նախագահին կուսակցությունից հեռացնելու համար:
Տարաձայնությունների հիմքում Սարգսյանի հեղինակած բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու նախագիծն է եղել, որը, ըստ նամակագրի, ջղայնացրել է ԱԺ նախագահին, քանի որ ««Վիվառո» ընկերությունից ֆինանսական շահ ունի»։
Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև երկրի վարչապետին, ըստ անանուն օգտատիրոջ, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել։ Սա անանուն օգտատիրոջ վարկածն է:
Ոչ Ալեն Սիմոնյանը, ոչ Հայկ Սարգսյանը չեն մեկնաբանում այս տեղեկությունները:
Այս հրապարակումից հետո միայն կուսակցությունն ընդունեց, որ ապրիլին Ալեն Սիմոնյանի դիմումից հետով Հայկ Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։
Հարցի քվեարկությունից առաջ, ըստ ՔՊ-ի, Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանում չգտնվելու պատճառով։ Կուսակցությունից հավաստիացրել են, թե ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։
«Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ կանոնադրության համաձայն կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության», - նշել են իշխող ուժից։
Բայց թե ի՞նչ է տեղի ունեցել, այդ ի՞նչ բանավեճից է խոսում վարչապետը, ի՞նչ անհարգալից վերաբերմունքի մասին էր գրված կուսակցության հայտարարության մեջ, ոչ ՔՊ-ն պարզաբանեց, ոչ վարչապետ Փաշինյանն այսօրվա ասուլիսում:
«Քննարկումները տեղի են ունենում միշտ բուռն, միշտ սուր քաղաքական բանավեճի մթնոլորտում, լինում են նաև, ցավոք սրտի, բոլորի հետ լինում է, ինձ հետ էլ է պատահել և նույնիսկ վերջերս, որ քաղաքական բանավեճի ընթացքում թույլատրելիի սահմանները մի փոքր կամ ոչ մի փոքր անցնում ենք, և բոլոր այդ դեպքերում վրա են հասնում կարգապահական գործընթացները», - ասաց Փաշինյանը:
Լրացվող