Ինչո՞ւ են Հայաստանից Ռուսաստան արտահանվող ալկոհոլային խմիչքները Վրաստանով անցնելիս ստուգումների ենթարկվում, եթե վրացական շուկայում չեն վաճառվելու, Երևանում Վրաստանի դեսպանատան առջև հավաքված՝ կոնյակ արտադրող ու բեռնափոխադրող ընկերությունների աշխատակիցներն էին հարցնում: Դեսպանի հետ հանդիպում էին պահանջում:
Պռոշյանի կոնյակի և գինու գործարանի ներկայացուցիչ Վահրիճ Մինասյանն ասում է՝ եթե այսպես շարունակվի, գործարանը կփակվի, ապրանքը մեկ ամսից ավելի է անցակետում է:
Մինասյանը որոշ կասկածներ ունի.- «Տարանցիկ երկիր որպես՝ էդ ապրանքը իրենց մոտ չի վաճառվում, զուտ տարանցիկ երկիր, չգիտեմ ինչի, ինչ-ինչ պատճառներով ... Մենք ունենք տեղեկություն, որ կան մեքենաներ, որոնք անցնում են: [Թե ինչպես], էդ վրացական կողմը պետք է ասի: Կան կոնյակով բեռնված մեքենաներ, աշխատում ենք, տեղյակ ենք, գիտենք, չգիտեմ ում մեքենաներ, ինչ մեքենաներ, որոնք որ անցնում են: Ինչ-որ մեկը, ինձ թվում է, իմ կարծիքով, ինչ-որ կասկածելի գործարք կա: Ես իմ կարծիքն եմ հայտնում՝ միգուցե, միգուցե, ինչ-որ, ես մոնոպոլիա եմ տեսնում էստեղ: Խնդիրը և՛ Հայաստանում է, և՛ Վրաստանում է»:
«Ազատություն»-ը դեռ նախորդ շաբաթ էր զրուցել արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք դժգոհում էին, թե տասնյակ տարիներ է Հայաստանից Լարսով կոնյակ են արտահանում, և առաջին անգամ է, որ վրացական կողմը մեքենաները շաբաթներով կամ ամիսներով կանգնեցնում է:
«Գենետիկական անալի՞զ է, ի՞նչ է, ասենք, ամիսներ պետք է տևի: Թող երկու-երեք օրում, եթե ուզում են վերցնեն, թող վերցնեն, խնդիր չկա: Նույն բանը ռուսական կողմն էլ է անում: Լավ, ռուսական կողմինը հասկանալի է՝ իրենց մոտ է վաճառվելու, թող անեն, վրացական կողմի նմուշառում վերցնելու իմաստը չեմ կարողանում հասկանալ», - ընդգծեց Վահրիճ Մինասյանը:
Կոնյակով բեռնված մեքենաներն, ըստ դեսպանատան առջև հավաքված կոնյակագործների, Վրաստանի Գեզի մաքսային տերմինալում են ստուգվում, որտեղ հիմնականում խիստ վտանգավոր բեռներ տեղափոխող մեքենաներն են: «Կոնյակ ենք տանում, հո զենք չե՞նք տեղափոխում», - տարակուսում են նրանք:
«Ամենավտանգավոր գռուզները [բեռները. - ռուս.], որ, ասենք, նենց բան, որ դու իրանց խաբես, իրանք տանում են ընդեղ ու քեզ ըտեղից էլ կալանավորում են: Ես էսքան ժամանակ նենց մի բան չեմ բարձել իմ ավտոյի մեջը, որ իրանք կասկածանք լինի», - ասաց բեռնափոխադրող ընկերության աշխատակիցը:
«Շահնազարյան գինու և կոնյակի տուն» ընկերության սեփականատեր Հայկ Շահնազարյանն անհանգստացած է՝ մայիսյան տոները բաց թողեցին, ռուսական շուկա իրենց խմիչքը պետք է դեռ մինչև մայիս հասներ: Արտահանողները ռուսական շուկայում իրենց ապրանքն իրացնող կազմակերպությունների հետ պայմանագրեր են կնքում, եթե ապրանքն այդ ժամկետից ուշ է նրանց հասնում, ապրանքի 100 տոկոսի չափով տուգանք են վճարում. - «Հինգ մեքենան, այսինքն՝ 100 հազար շիշ ապրանքը չի հասնում տեղ, և իր արժեքի 100 տոկոսի չափով ես կարող է վճարեմ տուգանքներ: Հիմա մենք օրեկան ամեն մեքենային 100 դոլար փող ենք տալիս, բայց դա չի կորուստը, կորուստն էն է, որ էդ պատճառով մենք կարող է շուկա կորցնենք: Այ էդ ժամանակ կարող է մենք բոլորս բանկրոտի շեմին կանգնենք, էլի»:
Շահնազարյանն ասաց՝ երկու շաբաթ առաջ են Էկոնոմիկայի նախարարություն դիմել, բայց խնդիրը դեռ չի լուծվում, իրենց մեքենաները դեռ վրացական կողմում ստուգվում են:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ նախորդ շաբաթ այս հարցը Հայաստան այցելած վրացի գործընկերների հետ էր քննարկել, այսօր չբացառեց, որ առաջիկայում ինքը Վրաստան կգնա: Կարծում է՝ խնդրի հասցեատերը Հայաստանի կառավարությունը չէ:
«Ինչո՞ւ են իրենք Վրաստանի դեսպանատան դիմաց իրար հետ ցույց անում, որովհետև իրենք էլ են հասկանում, որ խնդիրը Հայաստանի կառավարության մեջ չէ: Առաջիկայում հնարավոր է, չեմ բացառում նաև ևս մեկ անգամ արդեն ես այցելեմ Վրաստան, տեղում ևս մեկ անգամ քննարկենք, որովհետև ի տարբերություն մյուս ապրանքների, որոնք մենք հաջողությամբ էդ հարցը լուծել ենք, ես արդեն նշեցի դրա մասին՝ տեքստիլի մասին, ալյումինի մասին, ծաղիկի մասին, այո, կոնյակի սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ: Եվ խնդիրը կա, ու իրապես ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները էստեղ ճիշտ են», - հայտարարեց նախարարը:
Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսին ընդունեցին Վրաստանի դեսպանատանը: Հանդիպումից հետո ասացին՝ դեսպանը լսել է իրենց, ընդգծել, թե խնդրի մասին նոր է տեղեկանում՝ չնայած անցած շաբաթվանից այս թեման ակտիվ քննարկվում էր ոչ միայն մամուլում, այլև խորհրդարանում:
«Ձեզ ասացին՝ իրենք այսօր ե՞ն իմացել», - «Ազատության» այս հարցին հանդիպման մասնակիցն արձագանքեց. - «Այո, որովհետև մեզանից իրենք մանրամասն ինֆորմացիա էին ակնկալում, խոստացան՝ պաշտոնական Թբիլիսին հանդես գա հայտարարությամբ՝ հարցին լուծում, բացատրություն, թե կոնկրետ ինչ հայտարարություն, ինչ որոշում, դա դեռ ոչ ոք, նույնիսկ իրենք տեղյակ չեն: Իրենք դիմել են պաշտոնական Թբիլիսիին, հիմա իրենք, ոնց որ և մենք, ակնկալում են էնտեղից պատասխան»:
Կոնյակ արտադրող հինգ ընկերությունների ու բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչներն ասացին, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, բողոքի ակցիաները շարունակելու են: Անհանգստացած են՝ մինչ իրենց բեռները շարունակում են մնալ վրացական մաքսակետում, ադրբեջանական խմիչքներն են Ռուսաստանում դարակաշարեր զբաղեցնում, որովհետև, ասում են, նրանց ապրանքն անարգել է տեղ հասնում:
«Չեմ լսել որևէ դեպք, որ ադրբեջանական մեքենաները կանգնեն ու մնան», - ասաց Հայկ Շահնազարյանը:
Վրացական կողմն էլ մինչև այսօր պաշտոնական պատասխան չունի, թե ինչու են հայ կոնյակագործներն իրենց մաքսային տարածքում այսպիսի խնդիրների առաջ կանգնում: