Վերոնիկա Միքայելյանը ստացել է դաժանաբար ծեծված ամուսնու հետազոտությունների ամբողջական պատկերը. մեկ աչքը չի տեսնում, ծնոտը փշրված է, կողոսկրերը՝ կոտրված: Վերոնիկան էլ, ամուսինն էլ Կադաստրի պետական կոմիտեի նախկին աշխատակիցներ են, կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ լարված հարաբերություններ են ունեցել ու պնդում են՝ հաշվեհարդարը հենց Կադաստրի գործող պետի հրահանգով է եղել:
«Ինձ ընդհանրապես չի կարելի նման բան վերագրել», - այսօր հայտարարեց Թովմասյանը:
Հարուցված քրեական գործով զարգացում չկա: Թեև երրորդ օրն է՝ Վերոնիկա Միքայելյանը պնդում է, որ ամուսինն իրեն առևանգողների ու ծեծողների խմբում տեսել է կոմիտեի ղեկավարի ու գլխավոր քարտուղարի մերձավորներին, նրանց հարվածների ընթացքում էլ լսել Թովմասյանին պաշտպանող խոսքեր, բայց Քննչականը նրանցից որևէ մեկին հարցաքննության դեռ չի կանչել:
«Կհրավիրեն հարցաքննության, կգնանք, կպարզվի՝ ովքեր են մեղավորները, եթե կան այդպիսիք», - ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սուրեն Թովմասյանը շարունակում է պաշտոնավարել, այսօր Կառավարության նիստին է մասնակցել ու դրանից հետո էլ լրագրողների հարցերին պատասխանեց, պնդեց, թե դեպքի հետ առնչություն չունի:
«Այդ նույն կնոջ հայտարարությունները, որոնք որ ես հասցրել եմ լսել, իհարկե, էդքան ժամանակ չունեմ, որպեսզի լսեմ, այդ նույն կնոջ հայտարարությունների մեջ լսել եմ բազմաթիվ հակասական բաներ», - պնդեց Թովմասյանը:
Վերոնիկա Միքայելյանը Կադաստրի արտաքին վարչության բաժնում է աշխատել մինչև սեպտեմբերի 9-ը՝ որպես գլխավոր մասնագետ: Նրան աշխատանքից ազատել են: Ամուսինն էլ, որ Սուրեն Թովմասյանի հետ հին հաշիվներ է ունեցել, բարկացած հաղորդագրություններ է ուղարկել, որոնց հաջորդել է ծեծը:
Սուրեն Թովմասյանը հաստատեց միայն, որ հայհոյանքներով հաղորդագրություններ է ստացել. - «Հայհոյանքները լսել եմ մի մասը և միայն ես»:
Կադաստրի կոմիտեի ղեկավարը վստահեցնում է՝ այդ հաղորդագրությունները ոչ մեկը չի լսել, ընտանիքից էլ տեղյակ չեն: Մինչդեռ առևանգված ու ծեծված տղամարդու կինը պնդում է, որ այդ խմբում եղել է նաև Թովմասյանի կնոջ եղբայրը, ներկայացել ու պատճառն էլ ասել, թե քրոջն է հայհոյել:
«Ու նաև Սուրեն Թովմասյանի կնոջ եղբայրն էլ ա եղել: Հա, հա, ամուսինս ասել ա, որ նա էլ ա եղել: Ինքն էլ իրա քրոջ համար ա սպառնում՝ քրոջն ես քրֆել, երեխաներին, էդ ամենը հերյուրանք ա», - «Ազատությանը» ասաց Վերոնիկա Միքայելյանը:
Սուրեն Թովմասյանը Կադաստրի կոմիտեի ղեկավար է նշանակվել 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի հրամանով; Թեև երեք օր է լրահոսը հեղեղված է ՔՊ-ական պաշտոնյանյին առնչվող աղմկոտ քրեական պատմությամբ, իշխող կուսակցությունից արձագանք չկար: Այսօր վարչապետ Փաշինյանն է արձագանքել դեպքին, թե քննությամբ կպարզվի իրականությունն, ու մեղավորն անպատիժ չի մնա:
«Եվ ինձ հայտնի չի փաստ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Այսինքն, ընդհանրապես, տեսեք, չի կարելի քրեական դատավարության հետ կապված հարցերը ձևակերպել էնպես, որ իրանք հարյուրավոր մետրերի ամլպիտուդ ունենան», - հայտարարել է վարչապետը:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործով որևէ մեկին դեռ մեղադրանք չի առաջադրվել, որևէ կասկածյալ չկա: Սա այն դեպքում, երբ տուժող կողմը պնդում է, թե ծեծողները 40-50 հոգով են եղել: