Մատչելիության հղումներ

ՔՊ-ն դեմ քվեարկեց Հայկ Սարգսյանի՝ բանակին առնչվող նախագծին


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագծին, որով հնարավորություն է ընձեռվում գումարի դիմաց վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

87 դեմ քվեարկողների մեջ նաև ինքը՝ Սարգսյանն էր: Նա իր այդ քայլը հիմնավորեց, թե վարչապետի հորդորով դեռ աշխատելու է նախագծի վրա։

Այսօր մինչ քվեարկությունը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու նախագծին:

Ի դեպ, քվեարկությունից րոպեներ առաջ վարման կարգով իր խոսքում Սարգսյանը շարունակեց պնդել, թե պետք է գնալ վճռորոշ լուծումների, և որ հետաձգում չի լինելու։

Նա երեկ «Ազատությանն» ասել էր, որ իր տպավորությամբ՝ թիմակիցները կողմ են քվեարկելու իր նախաձեռնությանը: Նա պնդել էր, որ սա փողով բանակից ազատվելու դեմ պայքարելու միջոց է:

Զինծառայության վերաբերյալ իշխանական պատգամավորի օրինագիծը խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովում նախորդ շաբաթ շուրջ չորս ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չէր ստացել:

Վիճահարույց օրինագծով Հայկ Սարգսյանն առաջարկում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել մեկ ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 60 հազար դոլար, և 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ՝ ավելի քան 47 հազար դոլար:


Մանրամասները տե՛ս այստեղ




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG