Դաշնակցականները կասկածներ ունեն, որ իշխող ուժը մտադրվել է մինչև ընտրություններ խոչընդոտներ ստեղծել կուսակցության համար, որ չկարողանան առաջադրվել: Կամ ՀՅԴ-ն փակելու հիմքեր են ստեղծում:
«Փորձելու են խոչընդոտել, ակնհայտ է դա իր հայտարարություններից, նախ՝ ոչ թե փորձելու է, այլ հիմա ընթացքի մեջ է», - ասում է դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նա վարչապետ Փաշինյանի երեկվա խոսքերից տպավորություն ունի, որ կուսակցություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունից Փաշինյանն ու թիմակիցը՝ Նարեկ Բաբայանը հենց այնպես չէին խոսում:
Նարեկ Բաբայանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվում էր՝ արդյոք օրենսդրական փոփոխությունների ժամանակը չէ, որ մյուս կուսակցություններն էլ իրենց պես՝ ինչպես Բաբայանը գնահատեց՝ ժողովրդավար դառնան:
«Ձեր միտքը, համենայնդեպս, ինձ դուր է գալիս, որ ժողովրդավարական երկիր ենք, ուրեմն, մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որ գործում է մեր երկրում, իրենք նույնպես համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության կանոններին, և դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, հնարավորություն տալ- չտալու հարց առաջացնի», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ ընդդիմադիր կուսակցություններն էլ հրապարակեն ֆինանսավորման աղբյուրները, նվիրատուների ցանկը, ինչպես ՔՊ-ում: Բայց «Քաղաքացիական պայմանագրի» նվիրատուների ցանկը Փաշինյանի կամ իր թիմակիցների կամքով չի հրապարկվել, «Ինֆոքոմ» ու «Սիվիլնեթ» լրատվամիջոցների հետաքննությամբ է հանրությունը տեսել նվիրատուների ցանկը: Եվ այդ հետաքննության շնորհիվ էլ պարզ դարձավ, որ կասկածելի նվիրատվություններ են եղել իշխող կուսակցությանը. եկամուտ չունեցող մարդկանց անունից մեծ գումարներ են փոխանցվել, ոմանք նույնիսկ տեղյակ չեն եղել իրենց անունից կատարված նվիրատվությունից:
«Հիմա կարանք ասենք՝ ի՞նչ, շատ հարցեր է առաջացնում ՔՊ նվիրատուների ցուցակը, բայց ես ուզում եմ տեսնել Դաշնակցության նվիրատուների ցուցակը, ես ուզում եմ տեսնել ՊՈՒ-ի նվիրատվությունների ցուցակը։ Ո՞ւր է, ո՞ւր է, որտե՞ղ է։ Մի հատ տվեք, նայենք այդ նվիրատուների ցուցակը։ Ես ենթադրում եմ, որ ինչ-որ երկրների բյուջեներից, սակվոյաժներով ձեզ ֆինանսավորում են, դրա համար դուք չունեք, չունեք էդ խնդիրը», - հայտարարեց Փաշինյանը:
Դաշնակցական Քրիստինե Վարդանյանն էլ ասում է. «Ես ենթադրություններ չեմ կարող անել, ես անցյալի դառը փորձը կարող եմ հիշատակել, որ 90-ականների սկզբին Դաշնակցությունը հենց այդպիսի մի պատճառաբանությամբ էլ գործունեությունը կասեցվեց, անդամներ վտարվեցին՝ պատճառաբանելով, որ իբր Դաշնակցության ֆինանսավորումը արտերկրից է և Հայաստանում չի կարող գործել այդպիսի կուսակցություն»։
ՀՅԴ-ին արգելելու նախադեպ կա. Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք ժամանակավորապես կասեցրել են գործունեությունը՝ քաղաքական սպանություններ իրականացնելու, ահաբեկչական գործողություններ ծրագրելու հիմնավորմամբ։ Հետագայում Տեր-Պետրոսյանը պարզաբանել էր՝ Կանոնակարգային խախտումների պատճառով են ժամանակավորապես կասեցրել Դաշնակցության գործունեությունը, 6ամիս ժամանակ են տվել կուսակցության գործունեությունը Հայաստանի օրենքներին համապատասխանեցնելու համար։
Փաշինայնը դժգոհ է նաև դաշնակցական ժողովների տևողությունից ու ձևից: Սա էլ է ուզում արգելել
«Կոնսպիրատիվ, չեմ ուզում ասել ահաբեկչական: Պետք է փոխել այդ օրենքը, պետք է արգելել դա», - ասաց վարչապետ Փաշինյանը:
Դաշնակցությունը փակելու ողջամիտ կասկածների աղբյուրը Քրիստինե Վարդանյանը համարում է նաև Փաշինյանի թիմակցի՝ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայտարարությունը: Երեք ամիս առաջ իշխանական պատգամավորը ֆեյսբուքում գրել էր՝ «Ժամանակն է մտածել Դաշնակցական կուսակցությունը կրկին փակելու ու այն տեռորիստական կազմավորման մեջ ներառելու մասին»:
«Սա իմ անձնական կարծիքն է, սա, բնականաբար, կուսակցության դիրքորոշումը չէ, դա անգամ չի քննարկվել», - «Ազատության» հետ զրույցում իշխանական պատգամավորը վստահեցրեց՝ սա իր կարծիքն է ու «Քաղաքացիական պայմանագրում» ՀՅԴ-ն փակելու հարց չեն քննարկում. «Արդեն 3-րդ ամիսն է՝ իրենց դատարկ օրակարգը լցնում են այս մի մեկնաբանությամբ և ամեն ինչ կապում են դրա հետ», - ասաց նա:
Կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են անելու ու արդյոք դա կազդի135-ամյա Դաշնակցության գործունեության վրա, պարզ չէ: Ազգային ժողովում էլ Նիկոլ Փաշինյանն իր կասկածներից խոսեց ու այդ կասկածները օրենսդրական փոփոխություններով փարատելու մտադրությունից, բայց ՀՅԴ-ի գործունեությունն արգելելու, կասեցնելու մասին ուղիղ ոչինչ չասաց: