Մատչելիության հղումներ

Լեհաստանն իր տարածքում կործանել է ռուսական մի քանի ԱԹՍ-ներ․ Վարշավան դիմում է ՆԱՏՕ-ին


Լեհաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ, արխիվ
Լեհաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ, արխիվ

Լեհաստանն այս գիշեր իր տարածքում կործանել է ռուսական մի քանի անօդաչուներ, բանակը սա որակել է ագրեսիայի ակտ, որը իրական վտանգ է պարունակում ժողովրդի համար:

Մայրաքաղաք Վարշավայի և մի քանի այլ օդանավակայաններ մի քանի ժամով փակվել են: Վարչապետ Դոնալդ Տուսկը Կառավարության հրատապ խորհրդակցություն է հրավիրել՝ հայտնելով, որ մոտ երկու տասնյակ անօդաչուները Լեհաստան են մտել Բելառուսից:

Մինսկը, մինչդեռ, պնդում է, որ Վարշավային տեղեկացրել են մոլորված անօդաչուների մասին: Ավելին, Բելառուսը հավաստիացնում է, որ դրանց մի մասն էլ հենց իրենց օդային ուժերն են խոցել:

Մոսկվան գրեթե ամբողջ օրը լռելուց հետո միայն հայտնեց, որ Լեհաստանի տարածքում որևէ թիրախային հարված նախատեսված չի եղել, սակայն պատրաստ են լեհական կողմի հետ խորհրդակցություններ անցկացնել: Լեհաստանում Ռուսաստանի դեսպանն էլ ասել է, թե Վարշավան որևէ ապացույց չի ներկայացրել, որ անօդաչուները ռուսական են՝ օդային տարածքը խախտելու մեղադրանքները որակելով անհիմն:

Կրեմլի խոսնակն ավելի ընդհանրական է արձագանքել. - «ՆԱՏՕ-ի և Եվրամիության ղեկավարները ամենօրյա ռեժիմով մեզ մեղադրում են սադրանքների համար՝ հաճախ չփորձելով անգամ որևէ փաստարկ բերել»:

Պատերազմի երեք տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ փաստացի ռազմական գործողություն է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրում՝ ներգրավելով ռազմական դաշինքի օդային ներուժը: Վարշավայի դիմումով Հյուսիսատլանտյան դաշինքը գործարկել է 4-րդ հոդվածը: Այն ենթադրում է դաշինքի ներսում խորհրդակցությունների մեկնարկ՝ նկատի ունենալով, որ ՆԱՏՕ-ի անդամներից որևէ մեկին անմիջական սպառնալիք է ուղղված. «Ռուսական անօդաչուների մուտքը Լեհաստանի տարածք փոխում է քաղաքական իրավիճակը: Սա պարզապես պատերազմ չէ ուկրաինացիների դեմ։ Սա հակամարտություն է, որը Ռուսաստանը հայտարարել է ամբողջ ազատ աշխարհին»:

ՆԱՏՕ-ում, սակայն, միանշանակ մոտեցում կարծես չկա: Դաշինքի գլխավոր քարտուղարը թեև բացարձակ անխոհեմ ու վտանգավոր է որակել Ռուսաստանի այսօրվա վարքը, բայց նաև հավելել է, որ միջադեպին ամբողջական գնահատական դեռ չի կարող տալ:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունից Reuters-ին անանուն ասել են, որ տեղի ունեցածը չեն համարում պատահականություն, սակայն այն չեն էլ դիտարկում որպես հարձակում: ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի անմիջական հարևան Լիտվան առհասարակ սա չի գնահատում միտումնավոր գրոհ: Իսկ Գերմանիայում կարծում են, որ ռուսներն այսօր փորձել են եվրոպացիների վճռականությունը ստուգել:

Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը միայն ասել է, որ ազդանշաններ կան պնդելու, թե Լեհաստանի տարածք անօդաչուների մուտքը պատահական չէր:

Լեհաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի վրա գիշերային լայնամասշտաբ հարձակման ժամանակ Ռուսաստանի դրոնները մի քանի անգամ են անցել Լեհաստանի օդային տարածք: Օդ են բարձրացել F-16 և F-35 կործանիչներ, իտալական հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ: Reuters-ի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի զինանոցի առանցքային՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը գործի չեն դրվել:

Լեհաստանը հայտնաբերել է 7 դրոն և մեկ անհայտ ծագման հրթիռի բեկորներ: Անօդաչուներից մեկն ընկել է Բելառուսի սահմանին լեհական գյուղերից մեկի տան վրա, վնասվել է տանիքը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե այս իրադարձությունները հերթական վկայությունն են՝ ինչ նկատի ունի Ռուսաստանը դիվանագիտական լուծում ասելով. «Պուտինի ուղերձները հստակ են, մեր պատասխանն էլ պետք է հստակ լինի: Անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում՝ ստիպելու Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Անհրաժեշտ են նոր պատժամիջոցներ»:

Եթե Լեհաստան 19 անօդաչու է մտել, ապա Ուկրաինան այս գիշեր գրոհել է 415 դրոն: Զանգվածային այս հարձակումների ֆոնին Միացյալ Նահանգների նախագահը պատրաստվում է նորից խոսել Ռուսաստանի պաշտոնակցի հետ՝ մինչև դա սպառնալով նոր պատժամիջոցներով:



XS
SM
MD
LG