Գյումրու քաղաքապետի նախկին խոսնակն ահազանգում է իրեն տնային հագուստով ու հողաթափերով ոստիկանություն բերման ենթարկելու, անհամաչափ ուժ կիրառելու, ձերբակալման վայր ընդունվելիս տեսախցիկի առջև մերկացնելու ու զննելու մասին: Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը Ֆեսյբուքի իր էջում հրապարակել է այն ոստիկանի լուսանկարը, որն, ըստ պաշտպանի, նվաստացրել, խոշտանգել է կնոջը:
Ներքին գործերի նախարարությունը հերքում է Փոստանջյանի պնդումները, վստահեցնում, որ Ոստիկանության Կումայրիի բաժնում կնոջը խուզարկել են կին ոստիկանները՝ առանց տեսախցիկների, իսկ ձերբակալվածների պահման վայրում բժիշկները նրան զննության են ենթարկել առանց ոստիկանների ու տեսախցիկների:
Քննչական կոմիտեն Աղեկյանին մեղադրում է խուլիգանության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Աղեկյանի ձերբակալությանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը: Ասաց՝ նրան կալանավորել են, քանի որ ազատության մեջ ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել:
«Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա՝ թե՛ դատարանում, թե՛ նախաքննության փուլում: Մենք ի սկզբանե անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել», - ասաց Պողոսյանը՝ շարունակելով. - «Անձը թե՛ դպրոցում՝ խուլիգանություն կատարելիս, անչափահաս երեխաների նկատմամբ, և դպրոցի՝ ամբողջ դպրոցի բնականոն գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել, ընդ որում՝ անձնական շարժառիթներով: Հաջորդը՝ դատական նիստի բնականոն պրոցեսը խաթարել, դատավորին վիրավորել, և այլն, և այլն: Դրա համար մենք ստիպված, հարկադրված գնացել ենք էդ ծայրահեղ խափանման միջոցին»:
Քննչականի ղեկավարը պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին. - «Պարոն Պողոսյան, քննչական վարույթներ նախաձեռնելիս, ես ակնհայտորեն տեսնում եմ երկակի ստանդարտների իրագործում և նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ՝ հարուցված գործերի շրջանակներում: Կա երկու պարզ դրվագ՝ մի դեպքում՝ մարդը ծեծում է, մյուս դեպքում՝ ուղղակի գնահատական է հնչեցնում, եթե կուզեք՝ վիրավորանք»:
Պատգամավորը Պողոսյանին հիշեցնում էր ընդդիմադիրների գործերը, երբ նրանց շատ արագ կալանավորում են, բայց իշխանականներին, օրինակ՝ տեսախցիկների առաջ ակտիվիստին դաժան ծեծած Նոր Նորքի իշխանական թաղապետին, թողնում ազատության մեջ. - «Ո՞նց է ստացվում, որ ծեծի ենթարկած թաղապետը շարունակում է, ոչ միայն պաշտոնավարում է, նաև ազատ է, բայց մյուս անձը, ով ընդամենը գնահատական է հնչեցրել, գտնվում է կալանքի տակ»:
Քննչականի նախագահը պնդեց, թե Նոր Նորքի թաղապետի արարքը ոչ մեծ ծանրության հանցագործություն է: Ինչ վերաբերում է Լիլիթ Աղեկյանին, ասաց՝ նա ազատության մեջ էր, մինչև իրեն վատ պահեց. - «Ասում եմ՝ Լիլիթ Աղեկյանը առաջին անգամ չի հանցանք կատարել, ասում եմ՝ Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել: Մենք ընտրել ենք անազատության հետ չկապված խափանման միջոց մեկ, երկու, երեք դեպքով»:
Աբովյանի բանտում պահվող Աղեկյանին տեսակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները: Անահիտ Մանասյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ նրա հարցով զբաղվում են:
«Մասնավորապես, անձը մի քանի մտահոգություններ է ներկայացրել իր նկատմամբ վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների առնչությամբ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առնչությամբ մի քանի մտահոգություններ է ներկայացրել, որոնք, բնականաբար, պետք է, իհարկե, մեր կողմից էլ դառնան քննարկման առարկա, պարզաբանումներ պահանջելով պետական մարմիններից», - նշեց Մանասյանը:
Մինչ մարդու իրավունքների պաշտպանը զբաղվում է Աղեկլյանի հարցով, որ գնահատականներ տա, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն արդեն ընդգծում է՝ կնոջը նվաստացրել են: Աղեկյանին տնային հագուստով ու հողաթափերով բերման ենթարկելու կադրերը համացանցում հայտնվելուց հետո իրավապահների հասցեին քննադատություն է հնչում, թե ինչու կնոջ նկատմամբ չեն դրսևորել տարրական հարգանք:
«Եվ էստեղ նվաստացում հստակորեն տեղ է գտել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը հայտնվել է համապատասխան մարմիններում բոլորովին չպատրաստված, տնային կամ միգուցե նաև անկողնային հագուստով, հողաթափերով, ինչը բոլորովին չի կարող համատեղելի լինել անձին բերման ենթարկելու, կամ ոստիկանության կամ քննչական մարմիններում ներկա գտնվելու իրավիճակի հետ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպանը:
Հովհաննիսյանը հիշեցնում է՝ կալանքը պետք է ծայրահեղ դեպքում կիրառվի, կնոջը կարող էին տնային կալանքի տանել: Նա ևս զուգահեռներ է անցկացնում ակտիվիստին ուղիղ եթերում ծեծած թաղապետի և այս գործի միջև՝ ազատության մեջ գտնվող թաղապետը շարունակում է աշխատանքի գնալ, իսկ Աղեկյանը ճաղերից այն կողմ է:
«Դարձյալ, կալանավորման վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն հույժ անհրաժեշտության սկզբունքով», - նշեց իրավապաշտպանը:
Հովհաննիսյանը նաև կարևորում է Աղեկյանին տնային հագուստով ու հողաթափերով բերման ենթարկած ոստիկանների հարցի քննությունը: Պետք է ծառայողական քննություն անցկացվի, հետո տրվի գնահատական՝ նվաստացրե՞լ են կնոջը, թե՞ ոչ: