Մատչելիության հղումներ

«Լույսը, արևն անջատում եք»․ բնակիչները դեմ են բարձրահարկի կառուցմանը Գայի պողոտայում


Մի քանի բազմաբնակարան շենքերի հենց մեջտեղում՝ այգու, խաղահրապարակի փոխարեն 18 հարկանի բարձրահարկի կառուցումը վրդովեցրել է Երևանի Գայի պողոտա 45 հասցեի բնակիչներին։

Նոր Նորքի թաղապետարանում նոր բազմաբնակարանի կառուցման վերաբերյալ կազմակերպված հանրային հերթական քննարկումը թեժ մթնոլորտում անցավ։

«Լույսն անջատում եք, արևն անջատում եք, թթվածինն անջատում եք», - դժգոհեցին բնակիչները:

Վերջիններս ամիսներ շարունակ պայքարում են իրենց բակում կառուցապատման դեմ։ Բազմաբնակարան շենքը շուրջ 5000 քառակուսի մետր տարածքի կենտրոնական հատվածն է զբաղեցնելու՝ 2200 քմ:

Բնակիչների խոսքով՝ անցած 3 տասնամյակներին և՛ պետությունը, և՛ մասնավորը բազմիցս փորձել են տարածքում տարբեր նշանակության շինություններ, այդ թվում՝ բազմահարկեր կառուցել, սակայն այդ փորձերը տապալվել են իրենց բողոքների արդյունքում: Համայնքային՝ ոչ օտարելի նշանակության կանաչապատ հողատարածքը 2007-ին Երվանդ Զախարյանի օրոք է վաճառվել, հետո 4 անգամ վերավաճառվել։

Թե ինչպես է մի քանի շենքերի միակ ազատ տարածքն օտարվել մասնավորին, ի՞նչ օրենքի ու որոշման հիման վրա, անհայտ է։ Բնակիչները կասկած չունեն՝ ապօրինի գործարք է տեղի ունեցել։ 2024 թվականին էլ քաղաքային իշխանությունները տարածքին կառուցապատման նշանակություն են տվել:

«Հողատարածքն օտարվել է, այնինչ ըստ հողային օրենսգրքի 60 հոդվածի՝ դա համարվում է օտարման ոչ ենթակա հող, այնինչ Երևանի քաղաքապետարանն այդտեղ կառուցել է խաղահրապարակ և թենիսի կորտ: Տեսնում ենք՝ Երևանի քաղաքապետարանն ավտոտնակներ է ապամոնտաժում, որից հետո խաղահրապարակ է կառուցում, իսկ բնակիչներից՝ մասիվցիներից՝ երևանցիներից օտարվում է խաղահրապարակը թենիսի կորտի հետ միասին, բայց խաղահրապարակի փոխարեն ցանկանում են կառուցել 18 հարկանի շենք, ինչն առնչվում է», - ասաց բնակիչներից Արթուր Չախոյանը:

2200 քմ հողատարածքի նոր սեփականատերը, որն էլ ցանկանում է բարձրահարկը կառուցել, Սամվել Սահակյանն է։ Նրան համայնքային իշխանությունն այլ տարածքներ է առաջարկել, սակայն պնդում է, թե համարժեք տարածքներ չեն եղել։ Նպատակադրված է կառուցապատումն իրականացնել հենց իրեն պատկանող հողում, եթե քաղաքապետարանից շինթույլտվություն ստանան։

«Համարժեք հողակտոր այս վարչական մարմինը չի կարողանում առաջարկել», - հայտարարեց նա այսօրվա քննարկման ժամանակ:

Կանաչ գոտուց, խաղահրապարակից, արևի լույսից զրկվելուց բացի, բնակիչներն ասում են՝ 18 հարկանի շենքը նաև անվտանգային խնդիր է առաջացնելու։ Թաղամասի բնակիչ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ստեփան Բադալյանը պնդում է՝ արտակարգ իրավիճակներում տարածքից տարհանումը բարդանալու է, հրշեջ մեքենաները, շտապօգնության մեքենաները բակ չեն կարողանալու մտնել։

Բնակիչներն այսօրվա հանրային լսումներից գոհ չէին։ Չնայած կառուցապատողը պնդում էր` զիջումներ է արել՝ կառուցապատման տարածքն է նվազեցրել՝ ի շահ կանաչ տարածքի, բնակարանների թիվն է նվազեցվել։

«Այսինքն՝ կառուցապատման տոկոսն իջել է, կանաչապատման տոկոսը շատացել է, կանաչ զոնան մի քիչ ավելի շատ է: Բնակարանների քանակը համապատասխան իջել է 20-ով, դարձել է 128», - ասաց նախագծի ճարտարապետ Գեորգի Պոչոյանը:

Բնակիչներն ասում են՝ շատ հարցերի պատասխաներ այդպես էլ չստացան։ Հիմա սպասում են Երևանի քաղաքապետարանի որոշմանը, հայտարարում են՝ եթե քաղաքապետարանը շինթույլտվություն տա, իրենք բողոքի ակցիաներ են սկսելու:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG