Մատչելիության հղումներ

Լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ բռնության առիթով քրեական գործ է հարուցվել, ձերբակալված կա

Լրացված

Լրագրող Հակոբ Կարապետյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
Լրագրող Հակոբ Կարապետյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

«Արյունահոսում էի, շատ, բազմաթիվ տեղերում հիմա մարմնիս վրա վնասվածքներ ունեմ». - լրագրող Հակոբ Կարապետյանն ահազանգում է՝ անցած ուրբաթ իրեն ծեծել են՝ Ֆեյսբուքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին հրապարակավ քննադատելուց հետո։

Լրագրողը շաբաթներ առաջ անդրադարձել էր հանրային տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին անհիմն տուգանելու միջադեպին, որի մասին պատմել էր «Ազատություն»-ը։ Տարածելով նյութը՝ Կարապետյանը եզրահանգել էր, թե «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է»։

Ասում է՝ այդ գրառումից հետո Ֆեյսբուքով իր հետ կապվել է քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը, սկզբում` վիրավորել, հետո էլ անցել է հայհոյանքների. - «Արձագանքեցի և նաև համապատասխան ձևով հրավիրեցի ավելի բարեկիրթ գտնվել անծանոթ մարդկանց հետ շփվելիս: Ի պատասխան՝ ստացա արդեն հայհոյանքներ իմ ընտանիքի, իմ մերձավորների հասցեին և այլն, և բլոկ արեց մարդը»:

Կարապետյանը, ով այժմ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակն էր, դիմել է քաղաքապետարանի աշխատակազմին՝ հորդորելով կարգի հրավիրել իրենց աշխատակցին։ Ասում է, սակայն, դիմումն անարձագանք է մնացել։ Հետո գտել է պաշտոնյայի՝ Ավետ Բաբայանի կոնտակտներն ու զանգել նրան, ներողության փոխարեն քաղաքապետարանի աշխատակիցը, ասում է, շարունակել է հայհոյանքներն ու ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքները։

«Ոչ միայն հայհոյանքներ, այլ՝ սպառնալիքներ, «նենց կանեմ դեմդ չես տեսնի, այ ակնոցավոր»՝ էս կարգի աշխարհընկալմամբ մարդու հետ գործ ունենք, և «ոտքերդ կջարդեմ», և այն, և այլն, «տեղդ ասա գամ ոտերդ ջարդեմ»... Բառի բուն իմաստով փողոցային վարքագիծ: Իհարկե, ես չեմ կարող չասել, որ իր հնչեցրած հայհոյանքների պատասխանը ինքը ստացել է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց լրագրողը:

Բանավոր սպառնալիքներից հետո, ասում է, անցած շաբաթավերջին աշխատանքից հետո իր վրա դիմակավորված մի քաղաքացի է հարձակվել ու ծեծել։ Համոզված է՝ բռնության կազմակերպիչը հենց քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնակատարն է։

«Անկյունից միանգամից մի մետրի վրա, հեռավորության վրա դուրս եկավ և սկսեց հարվածել: Պարզ է՝ մթության մեջ, ես էլ ակնոց եմ կրում, էդ Բաբայան Ավետիքի ասած՝ «Շուրիկ» եմ, էլի, հա՞, էդ աշխարհընկալման տեսանկյունից, և ակնոցս ընկավ և, էդպես, չէի կարողանում լավ պաշտպանվել: Բայց, ամեն դեպքում, էդպես, նաև օգնություն կանչեցի», - նշեց Կարապետյանը:

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ֆիզիկական ներգործության հոդվածով։ Գերատեսչությունից հայտնում են, որ այս պահին նախաքննություն է ընթանում, այլ մանրամասներ չհաղորդելով։ Ներքին գործերի նախարարությունից էլ հայտնում են, որ երեկ հայտնաբերել են միջադեպի մասնակիցներից մեկին, նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Ըստ գերատեսչության խոսնակի՝ հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև դիմակավորված անձին դեպքի վայր հասցրած մեքենան։ ՆԳՆ-ից, սակայն, չեն բացահայտում ձերբակալվածի ինքնությունը։

«Ես կարծում եմ, որ սա հանրային գործունեության հետ կապ ունեցող հարձակում է, և ես իհարկե պետք է պնդեմ և միջնորդություն ներկայացնեմ, որ մաքսիմալ կերպով կա՛մ վերաձևակերպվի հոդվածը, կա՛մ էդ խստացնող հանգամանքները հաշվի առնվեն», - ընդգծեց լրագրողը:

Ինքը՝ Ավետ Բաբայանն այսօր հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, պատճառաբանելով, թե զբաղված է։ Ավելի վաղ նա «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հերքել էր, թե ճանաչում է Կարապետյանին ու նրա հետ նամակագրություն է ունեցել։ Մինչդեռ լրագրողը պնդում է՝ ունի Բաբայանի հետ նամակագրությունը և դա փոխանցել է նախաքննական մարմնին։

Միջադեպին նաև քաղաքապետարանից են հրաժարվում անդրադառնալ, խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր «Ազատությանը» միայն փոխանցեց, թե կճշտեն, կհասկանան, այս պահի համար ավելացնելու այլ բան չունեն։

Մինչ այդ, Ավետ Բաբայանը շարունակում է պաշտոնավարել։

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ Հայաստանում վերջին ամիսներին ավելացել են լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ճնշումները։ Միայն այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին ճնշման 36 դեպք է արձանագրվել՝ 11-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածից։ Բռնության երկու դեպքերը իրավապահների կողմից են եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG