«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Մամուլի ազատության ամենամյա սանդղակում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ տեղը: Անցած տարի Հայաստանը 43-րդ հորիզոնականում էր:
Միաժամանակ, հեղինակավոր կազմակերպությունը փաստում է, որ չնայած բազմակարծիք միջավայրին՝ հայաստանյան մեդիան շարունակում է մնալ բևեռացված։ Մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին հրապարակած զեկույցում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը փաստում է, որ Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով։
Ըստ զեկույցի՝ տեղեկատվության հիմնական աղբյուրը Հայաստանում սոցիալական մեդիան է, ուր օրական մուտք է գործում բնակչության երկու երրորդը: Նշվում է, որ 2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո հայտնվել են բազմաթիվ նոր լրատվամիջոցներ, իսկ անկախ լրատվական կայքերը, ինչպես՝ Civilnet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը, «զարգանում են և անկախ վերահսկողի դեր կատարում, ինչը կարևոր է ժողովրդավարության համար»։ Այդուհանդերձ, «հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ճնշման հանդիպել իրենց խմբագրական քաղաքականության հարցում»։
Մամուլի ազատության վիճակը երկրում գնահատվել է բավարար, Հայաստանը հարևան բոլոր երկրներից առաջ է, Հայաստանին հաջորդում է Մոլդովան, որն այս տարի վատթարացրել է դիրքերը: Տարիներ շարունակ աղյուսակը գլխավորում է Նորվեգիան, երկրորդ տեղում այս տարի Էստոնիան է:
Freedom House միջազգային իրավապաշտպան կառույցի տվյալներով՝ Հայաստանը մասնակի ազատ երկիր է: Amnesty International-ն էլ նախօրեին հրապարակած զեկույցում քննադատել էր իշխանություններին այդ թվում լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունների համար: