Գիշերը Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսարանում արված տեսագրությունից հետո Բորիս Ավագյանին, ըստ ռուսական լրատվամիջոցների, մահացած են գտել, նախնական տեղեկություններով, հյուպատոսարանի զուգարանում:
«Այսօրվա դրությամբ իրավապահ մարմինները չեն կարողանում ինձ պատասխանել, թե ինչ պատճառներով ՀՀ քաղաքացուն չեն կարողանում ձևակերպել էքստրադիցիայի պահը», - մահից առաջ հրապարակված տեսանյութում ասում էր Ավագյանը:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալն իր վերջին տեսագրությունն ուղարկել է հայաստանցի լրագրող Լիա Սարգսյանին, բացատրել, որ14 ժամ խնդրում է իրեն արտահանձնել հայրենիք, բայց հայաստանյան իշխանությունները մերժում են:
«Ցանկանում են, որ ՌԴ իրավապահ մարմիններին ինձ հանձնեն, որ չիրականանա իմ էքստրադիցիան: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը կայացնի որոշում և ուղարկի ՀՀ ոստիկանության աշխատակիցներին իմ էքստրադիցիայի կատարման համար», -տեսանյութում շեշտում էր Ավագյանը:
Տեսագրությունից ժամեր անց հայտնի դարձավ նրա մահվան մասին: Ռուսաստանի իրավապահները տեղի ունեցածն արդեն ինքնասպանություն են որակել: Սանկտ Պետերբուրգի դատարանների Միացյալ մամուլի ծառայության ղեկավարը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ մինչ այդ Ավագյանը, ով նաև «Ռոսրեեստր»-ի Սանկտ Պետերբուրգի վարչության ղեկավարի նախկին տեղակալն էր, փախուստի է դիմել Կրոնշտադտի շրջանային դատարանից: Ռուսական կողմը նրան դատարանի առջև էր կանգնեցրել ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերից խուսափելու գործով:
«Այսինքն՝ հետախուզման մեջ գտնվող անձը ինքնակամ գալիս է և ուզում է որպեսզի Հայաստանում իրեն դատեն, սակայն, այդ պահին, երբ նա ինձ հետ զրուցում էր, ասաց, որ արդեն 13-14 ժամ է՝ գտնվում է հյուպատոսարանում և տեղեկություն ունի, որ իրեն հանձնելու են ՌԴ իրավապահներին: Նա այդ պահի դրությամբ փախուստի էր դիմել, դատարանից դուրս էր եկել: Իմ տեղեկություններով՝ ասել էր, որ գնամ ծխեմ, հետ վերադառնամ ու այնտեղից փախուստի էր դիմել: Եվ, որպես ապահով ապաստան, գնացել էր Հայաստանի հյուպատոսարան», - «Ազատության» հետ զրույցում պատմեց լրագրող Լիա Սարգսյանը:
43-ամյա Ավագյանի դեմ քրեական գործ կա նաև Հայաստանում: Նա մեղադրյալի կարգավիճակ ունի: Քննչական կոմիտեից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ Ավագյանին հետախուզում էին փողերի լվացման, պետական սահմանն ապօրինի հատելու համար:
Հայաստանի իրավապահներն առայժմ որևէ տեղեկատվություն չեն փոխանցում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի տարածքում տեղի ունեցած մահվան դեպքի վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարությունը ևս լուռ է: «Ազատությունը» զանգահարեց հյուպատոսի պաշտոնակատար Ազա Գրիգորյանին, խոսափողից այն կողմ գտնվող կինը խուսափեց մեր հարցերին պատասխանել ու անջատեց:
«Ազատություն». -Հյուպատոսարան եմ չէ՞ զանգել:
Ազա Գրիգորյան.- Այո:
«Ազատություն». - Բորիս Ավագյանի հետ կապված եմ զանգում, գիտեք, այստեղ լուրեր են տարածվում...
Ազա Գրիգորյան.- Այո, գիտեմ, գիտեմ, ուղղակի չեմ կարող հիմա ես որևիցե բան ասել:
Հայաստանը, թե՞ Ռուսաստանը կքննի 43-ամյա Ավագյանի մահվան գործը, պարզ չէ: Հասկանալի չէ նաև, թե ինչու են ռուսաստանցի իրավապահները քննությունը սկսել ինքնասպանության, ոչ թե սպանության վարկածի շուրջ: