Մատչելիության հղումներ

Մարդիկ գիտեն, որ դեռ առկա չէ պատժողական մեխանիզմ, առիթից օգտվում են, չեն վճարում. փոխքաղաքապետ


Երևանյան տրանսպորտի ուղեվարձը 50 տոկոսով թանկացնելուց 4 ամիս անց քաղաքային իշխանությունները խոստովանում են՝ պլանավորվածից քիչ գումար է հավաքվում: Թվեր են հնչում՝ տարվա առաջին չորս ամիսների համար նախատեսվածից մոտ 6 միլիոն դոլար պակաս է փոխանցվել քաղաքային բյուջե:

Նախօրեին անձամբ քաղաքապետը հայտարարեց՝ թանկացումը բոյկոտելու ըննդիմության կոչերն ազդել են քաղաքի եկամուտների վրա. «Որոշակի թերհավաքագրում ունենք հանրային տրանսպորտի ոլորտում»:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրապարակած թվերը ենթադրում են, որ այժմ տրանսպորտից օգտվողների մոտ 20-ից 25 տոկոսը չի վճարում:

«Բոլոր այն կոչերը, որոնք միտված էին նրան, որ Երևանի քաղաքապետարանի եկամուտները նվազեցվեն, մասնավորապես տրանսպորտի ոլորտում, սիրելինե՛րս, դրանք ազդելու են հենց տրանսպորտի ոլորտի վրա», - ասաց քաղաքապետը երեկվա խորհրդակցությանը:

Ամիսներ շարունակ հատկապես տարեց երևանցիները դժգոհում են՝ տրանսպորտի այսչափ թանկացումը մեծ բեռ է իրենց համար, եթե ավտոբուսների վճարը 50 դրամով է ավելացել, տրոլեյբուսների դեպքում թանկացումը եռակի է՝ 50-ից 150 դրամ: Գուցե թերակատարումների պատճառը հենց սա՞ է. քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանցիների ավելացած ֆինանսական բեռի ու սոցիալական խնդիրների մասին որևէ բառ չասաց, չվճարողներին էլ անպատասխանատու անվանեց:

Տրանսպորտային բարեփոխումների գլխավոր ճարտարապետ Սուրեն Գրիգորյանն էլ այսօր թերակատարումների պատճառների մասին խոսելիս նույնպես քաղաքացիների սոցիալական դրությանը չանդրադարձավ ու կրկնեց իր անմիջական ղեկավարի մեկնաբանությունը. «Դա ուղղակի անպատասխանատվություն է, դա ուղղակի առիթից օգտվել է, կներեք այս արտահայտությանս համար, որ մարդիկ գիտեն, որ դեռ առկա չէ որևիցե պատժողական վարչական իրավախախտման տեսանկյունից մեխանիզմ, կներեք այս արտահայտության համար, առիթից օգտվում են, չեն վճարում»:

Քաղաքային իշխանությունները հայտարարում են՝ չվճարողները պետք է տուգանվեն: Անցած ամիսներին օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակեցին, խորհրդարան բերեցին, այն ընդգրկված էր Ազգային ժողովի նիստերի օրակարգում, բայց այդպես էլ չքննարկվեց: Կառավարությունից պարզաբանեցին՝ լրամշակման կարիք կա:

Դիմելով Սուրեն Գրիգորյանին՝ քաղաքապետը խնդրեց արագացնել:

Քաղաքապետարանն առաջարկում է տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին տուգանել 10 հազար դրամով, իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ անձ երթևեկի, տուգանքի չափն է՛լ ավելի մեծ կլինի՝ 15 հազար դրամ: Ներկայացված նախագծով ուղևորները պարտավոր կլինեն ավտոբուս բարձրանալուց անմիջապես հետո առավելագույնը մեկ րոպեում վավերացնել իրենց տոմսը: Մի բան, ինչը հենց հիմա հատկապես պիկ ժամերին շատ դեպքերում պարզապես անհնար է: Ուղեվարձի բարձրացմամբ առայժմ չի լուծվել տրանսպորտի ծանրաբեռնվածության հարցը:

Փոխքաղաքապետը չի բացառում՝ նախագիծը կարող է փոփոխվել: Տուգանքները կմեղմացվե՞ն, թե՞ տուգանելու մեխանիզմը կվերանայվի, այս պահին հստակություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG