Մատչելիության հղումներ

Համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի. Իրանի նախագահ


Իրանի դիրքորոշումն անփոփոխ է. Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը: Վարչապետ Փաշինյանի հետ նեղ ու ընդլայնված կազմով բանակցություններից հետո Երևանում հայտարարեց Իրանի նախագահը. «Իրանի դիրքորոշումը սահմանների անփոփոխության մասին է ու գտնում ենք, որ այդ փոփոխությունն աշխարահաքաղական մրցակցության պատճառ կարող է դառնալ»:

Կովկասում կառավարումը պետք է կովկասյան լինի. Փեզեշքիան

Իրանի ղեկավարը նորից ընդգծեց՝ դեմ են, որ տարածաշրջանի հարցերը արտապատվիրակեն տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին. «Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս գտնվող տերություններին կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում», - հայտարարել է Իրանի նախագահը:

Կովկասում խաղաղությունը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար: Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունն Իրանի քաղաքականությունն է ու տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը դեմ են, հայտարարեց Մասուդ Փեզեշքիանը, ողջունեց խաղաղության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները:

«Իրանի Իսլամական Հանրապետության համար Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է: Մենք աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները», - հայտարարեց Փեզեշքիանը:

Քննարկվել են տարածաշրջանային խաղաղության ու ճանապարհների ապաշրջափակման հարցերը

Իրանի ղեկավարի հետ քննարկվել են տարածաշրջանային խաղաղության ու ճանապարհների ապաշրջափակման հարցերը: Հայաստանի վարչապետը հավաստիացրեց՝ Հայաստանի ու Իրանի համար միջազգային սահմանների անխախտ լինելը կենսական նշանակություն ունի: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրի մանրամասները քննարկել է Մասուդ Փեզեշքիանի հետ, որը տարածաշրջանի զարգացման համար, ըստ Փաշինյանի, հեռանկարներ կբացի. «Ես ուրախ եմ և շնորհակալ նախագահ Փեզեշքիանին՝ այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար: Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար, փոխադարձ հարգանքով: Գործնականում, սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և ի վերջո, դեպի Սև ծով: Սա ամբողջությամբ համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Հայ- իրանական սահմանին երրորդ երկրի ներակայության վերաբերյալ Իրանի մտահոգությունները, կարծես թե, Փեզեշքիանի ու Փաշինյանի բանակցությունների արդյունքում չեն փարատվել: Հանդիպումից ու հայտարարությունից հետո Իրանի ղեկավարը X-ում գրել է. «Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ես ընդգծեցի՝ Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետը Հայաստանի ինինքշխանության և տարածքային ամբողջականության պահպանման մասին, շեշտեցի նաև, որ մեր համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի»:

Փաշինյանը նրա գրառմանը դեռ չի արձագանքել: Ավելի ուշ արտգործնախարար Աբբաս Արաղչին է իրանական լրատվամիջոցի հետ զրույցում ասել՝ Երևանից հավաստիացրել են, թե Հայաստանի տարածքից Իրանի նկատմամբ երբեք սպառնալիք թույլ չեն տա: «Հայկական կողմը մանրամասն բացատրություններ է տվել Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ և վստահեցրել, որ տեղյակ է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից գծված կարմիր գծերին և միշտ ուշադրություն է դարձնելու դրանց։ Այս հավաստիացման հիման վրա Հայաստանը երբեք թույլ չի տա Իրանին իր տարածքից որևէ սպառնալիք»։

Իրանի ու Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի. Արաղչի

Մոտ ապագայում Իրանի ու Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ կստորագրվի, ասել է Իրանի արտգործնախարարը: Հարևան երկրների հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու որոշման վերաբերյալ այսօր նշեց նաև Նիկոլ Փաշինյանը. «Մենք երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի»:

Հայաստանի ու Իրանի կառավարությունները մինչև նախագահների հայտարարությունը՝ փաստաթղթեր ստորագրեցին տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:

Փոխադրումների աճող ծավալը հաշվի առնելով՝ կողմերը պայմանավորվել են՝ հայ-իրանական սահմանին երկրորդ կամուրջ կառուցել: Իրանի ու Հայաստանի ղեկավարները նաև համատեղ հայտարարություն ստորագրեցին, որում Երևանի ու Թեհրանի գործընկերությունը ռազմավարական դարձնելու մտադրությունից բացի՝ անդրադարձել են տնտեսական ու առևտրային կապերի զարգացմանը:


XS
SM
MD
LG