Մատչելիության հղումներ

Մխչյանի դպրոցի տնօրենը հրաժարական տվեց աղմկահարույց պատմությունից հետո


Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցը
Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցը

Մխչյանի դպրոցի տնօրենը հրաժարական է տվել, նոր պաշտոնակատարը մխչյանցի է, հարևան բնակավայրի դպրոցներից մեկի փոխտնօրենն է եղել: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Արարատի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանը:

«Տնօրենը ամսի 16-ին ազատման դիմում է գրել: Արդեն իսկ նշանակված է պաշտոնակատար՝ այլ դպրոցի փոխտնօրեն», - ասաց Մանուկյանը:

Նախորդ շաբաթ տեղեկություն տարածվեց, թե Մխչյանի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ չորս ամիս շարունակ հետապնդել են չորրորդ դասարանի երկու երեխաների, նրանց շուրթերին ստիպողաբար թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել, հետո այդ տեղեկությունը չհրապարակելու դիմաց պահանջել, որ տնից գումար բերեն ու իրենց փոխանցեն:

Քննչական կոմիտեից հայտնում են՝ գործով չորս մեղադրյալ կա: Նրանցից երկուսը մեկ ամիս կմնան տնային կալանքում, մյուս երկուսը՝ վարչական ու դաստիարակչական հսկողության տակ: «Ազատության» հարցին՝ հայտնաբերվե՞լ է արդյոք նրանցից երրորդը, որին ոստիկանները փնտրում էին, կոմիտեից փոխանցեցին՝ արդեն տնային կալանքում է: Մեղադրյալներից երեքը 11-րդ դասարանցներ են՝ անչափահաս, մյուսը 12-րդ դասարանցի է, 18- տարեկան է՝ չափահաս:

Քննչական կոմիտեի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանն այսօր ասուլիսի ընթացքում ասաց՝ քրեական գործերը հարուցված են միայն ֆիզիկական ներգործության և անչափահասից շորթում կատարելու հոդվածներով:

«Թմրամիջոցների իրացման հոդվածով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ: Արդյոք դա հանդիսացել է թմրամիջոց և թե արդյոք երեխաների օրգանիզմում կան թմրամիջոցի ազդեցության հետքեր, կպարզի տոքսիկոքիմիական փորձաքննությունը», - նշեց Համբարյանը:

Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ տոքսիկաքիմիական փորձաքննության պատասխանները մեկ ամսվա ընթացքում կստանան ու միայն դրանից հետո կասեն՝ սպիտակ փոշին թմրանյո՞ւթ է եղել, թե՞ ոչ:

Իրավապահները դեպքի մասին տեղեկացել են մայիսի 12-ին, դրանից հինգ օր անց է տնօրենը դիմում գրել ու հեռացել:

Աղմկահարույց այս պատմությունից հետո կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր. - «Եթե դպրոցը այդ մասին տեղեկացված եղել է և պատշաճ քայլեր չի ձեռնարկել, բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից»:

«Արձագանքը կտեսնենք, էդ հարցերը էսպես չենք թողնելու», - իր հերթին, վստահեցրել էր Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

«Ազատության» տեղեկություններով, տնօրենն ինքնակամ է դիմում գրել ու հեռացել՝ պայմանով, որ իր աշխատակազմից որևէ մեկին աշխատանքից չազատեն: Մարզպետարանի հանրակրթության վարչության պետը, սակայն, հերքեց, նշելով՝ նրա հետ ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Իսկ նախորդ շաբաթ, երբ Մարտուն Մանուկյանն էր դպրոցում, ծնողները նրան խնդրել էին տնօրենին աշխատանքից չազատել. - «Պահանջում էին, որ ընթացքում ինչ գործողություններ կկատարվի՝ դպրոցի տնօրենը աշխատանքից չազատվի: Մենք դպրոցի տնօրենին չենք ազատել, դպրոցի տնօրենը ինքը ազատման դիմում է գրել»:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ եթե 2018 թվականին թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 877 դեպք է արձանագրվել, ապա հինգ տարի անց՝ 2023-ին այդ թիվը հասել է 5070-ի, իսկ միայն 2024-ի առաջին վեց ամիսների ընթացքում՝ 1800-ի:

«Անչափահասների շրջանում թմրանյութի տարածման ու օգտագործման դեպքերի աճ է գրանցվում», - այս պնդումներին Քննչական կոմիտեի պաշտոնյա Հովհաննես Համբարյանն այսօր թվերով պատասխանեց: Ասաց՝ 2024-ին թմրանյութի իրացման, պահելու ու մաքսանենգության հոդվածներով 1228 մարդ է պատասխանատվության ենթարկվել, բայց նրանցից միայն յոթն էին անչափահասներ:

«Մեր հասարակության մեջ, նույնիսկ մեկ դեպքով անչափահասի ներգրավվածությունը այս հանցագործություններին կարող շատ ցավալի լինել և մեզ մտածելու տեղիք է տալիս: Սակայն բազմաթիվ ոչ այնքան հավաստի տեղեկությունները, որ անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը շատ մեծ ծավալներ ունի, կարծում եմ, ցայտուն արտահայտված է այս տոկոսային հարաբերության մեջ», - ընդգծեց Համբարյանը:

Ներքին գործերի նախարարությունը թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը վերջերս վարչապետի սեղանին է դրել, այն դեռ չի հաստատվել: Հենց Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2018-ից մինչև 2022 թվականը Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցանքների թիվը 158 տոկոսով աճել է, իսկ 2022-ից մինչև 2023-ը՝ 123,7 տոկոսով: Ըստ ռազմավարության, գրեթե բոլոր գերատեսչություններն անելիք ունեն: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն, օրինակ, պատրաստվում է մի քանի խոշոր դպրոցների ելումուտը վերահսկելի դարձնել՝ անցակետեր տեղադրելով, քննարկվում է նաև աշակերտների թեստավորման հարցը, դեռ վերջնական որոշում այս ուղղությամբ չկա:

Կախվածությունների ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը, որ այս ոլորտում է ավելի քան տասը տարի, ասում է՝ ոչ անցակետերը, ոչ էլ երեխաներին թեստավորելը խնդրի լուծում չէ, ըստ նրա՝ դպրոցներից դուրս էլ է այս ամենը տեղի ունենում: Կարևորը, ասում է, երեխաներին կրթելն ու տեղեկացնելն է, հենց այդտեղ է նա բաց նկատում:

«Թմրամիջոցները որոշակի ժամանակահատվածով են օրգանիզմում մնում՝ հիմնականում մի քանի օր: Եթե տվյալ անձը, օրինակ, ութ օր առաջ մեթամֆետամին է գործածել, հինգ օր հետո այլևս այդ մեթամֆետամինը չի հայտնաբերվելու: Թմրամիջոցների կանխարգեման լավագույն եղանակը համարվում է բավարար գիտելիքների տրամադրումը և առողջ կենսակերպի ձևավորումը», - ընդգծեց Նազինյանը:

Կախվածությունների ազգային կենտրոնը 2024-ին պետք է 16 տարեկանների շրջանում հետազոտություններ անցկացներ՝ հարցաշարերի միջոցով: Ըստ Նազինյանի՝ դա ամենայն խորությամբ կպարզեր, թե ինչ է կատարվում դպրոցներում: Նախկին տնօրենի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը պետք է նախաձեռներ, բայց չի արել: Նախարարությունից էլ ասացին՝ ժամկետները հենց կենտրոնն է խախտել, ծրագիրն այդ պատճառով չի իրականացվել:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG