30 տարվա դադարից հետո Ռուսաստանը մայիսի 1-ից վերսկսել է կանոնավոր չվերթները դեպի Աբխազիա։ Առաջին չվերթն իրականացրել է UVT Aero ավիաընկերությունը՝ Վնուկովո օդանավակայանից դեպի Սուխումիի օդանավակայան, հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Վրաստանի կառավարությունը դատապարտել է օդանավակայանի շահագործումը՝ շեշտելով, որ այն տեղի է ունենում միջազգային նորմերի խախտմամբ, հաղորդում է "Эхо Кавказа"-ը՝ նշելով, որ Վրաստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին անպատասխան է թողել "Эхо Кавказа"-ի հարցը, թե արդյոք պաշտոնական Թբիլիսին այս հարցով դիմել է Մոսկվային։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպի Սուխումի թռիչքները կվերսկսեն նաև iFly Airlines-ն ու NordStar-ը։ Բոլոր երեք ավիաընկերություններն էլ արևմտյան պատժամիջոցների տակ են Ուկրաինա Ռուսաստանի 2022-ի ներխուժումից հետո:
Աբխազիայի հետ օդային հաղորդակցության վերականգնման մասին ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Ռուսական մարդատար ինքնաթիռը 30 տարվա դադարից հետո առաջին անգամ փորձնական վայրէջք էր կատարել Սուխումիի օդանավակայանում այս տարվա փետրվարի 7-ին։ Այդ ժամանակ պաշտոնական Վրաստանը, վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային օրենսդրությունը, հայտարարեց, որ որևէ ավիաընկերություն իրավունք չունի միջազգային չվերթեր իրականացնել դեպի Սուխումի կամ հակառակ ուղղությամբ՝ առանց Վրաստանի թույլտվության։
Օդանավակայանը, որին 1993 թվականից արգելված էր միջազգային չվերթներ ընդունել, վերանորոգվել է «ռուս մասնավոր ներդրողի միջոցներով» 2024 թվականին։
Աբխազիան (խորհրդային շրջանում Վրաստանի կազմում ինքնավար հանրապետություն) անկախություն է հռչակել 1993-ին Վրաստանի հետ պատերազմից հետո: Աբխազիայի անկախությունն այն ժամանակ ինչպես Վրաստանը, այնպես էլ աշխարհի այլ երկրներ չէին ճանաչել: 2008-ին ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը, Վենեսուելան, Նաուրուն, Նիկարագուան և Սիրիան ճանաչեցին Աբխազիայի անկախությունը։
Թբիլիսին ու միջազգային հանրությունը Աբխազիան և Հարավային Օսիան համարում են Վրաստանի անբաժանելի մասը, որն օկուպացվել է Ռուսաստանի կողմից։