Մատչելիության հղումներ

Մոսկվան միտումնավոր միջուկային միջադեպերի ռիսկ է ստեղծում, պնդում է Զելենսկին


Ուկրաինա - Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագը, արխիվ
Ուկրաինա - Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագը, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ Ռուսաստանին մեղադրել է միտումնավոր կերպով միջուկային միջադեպերի ռիսկ ստեղծելու մեջ, երբ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երեք ժամով ընդհատվել է Չեռնոբիլի չշահագործվող ատոմակայանի էլեկտրամատակարարումը:

Երկու տասնյակից ավելի անօդաչուներ են մասնակցել Չեռնոբիլին մերձակա Սլավուտիչ ավանի վրա հարձակմանը՝ կտրելով ատոմակայանի, այդ թվում 1986 թվականի պայթյունի հետևանքով վնասված ռեակտորը շրջապատող և ռադիոակտիվ փոշու տարածումը կանխող բետոնե պաշտպանիչ կառույցի՝ սարկոֆագի էլեկտրասնուցումը, X-ում գրել է Զելենսկին:

«Ռուսները չէին կարող տեղյակ չլինել, որ Սլավուտիչում կառույցներին հարվածելը նման հետևանքներ կունենա Չեռնոբիլի համար», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաղորդել է, որ սարկոֆագի էլեկտրասնուցումն այժմ իրականացվում է երկու դիզելային գեներատորների միջոցով, իսկ մյուս երեք ռեակտորները միացվել են այլ գծի:

Զելենսկին նաև հայտարարել է, որ Մոսկվան ոչինչ չի անում՝ շտկելու իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանում, որը նույնպես գեներատորներով է սնուցվում էլեկտրամատակարարման ընդհատման պատճառով, և որ ԱԷՄԳ ղեկավարն ու մնացած աշխարհը բավարար չափով չեն գործում:

«Ռուսաստանը միտումնավոր կերպով միջուկային միջադեպերի ռիսկ է ստեղծում՝ օգտվելով, դժբախտաբար, ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի թույլ դիրքորոշումից, ինչպես նաև համաշխարհային ուշադրության ցրվածությունից», - պնդել է Ուկրաինայի նախագահը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG