Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը վաղուց արդեն ուժի մեջ չէ, սա մեռած փաստաթուղթ է, քանի որ կետերի հսկա մասը չկայացավ, «Ազատության» հետ զրույցում ասաց միջազգային հարաբերությունների մասնագետ, «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Աննա Օհանյանը:
«Էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ, և այդ առումով, այսինքն, թե դա հակասո՞ւմ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համաձայնած փաստաթղթին, կասեի, որ ոչ, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն արդեն վաղուց չէր գործում», - նշեց նա։
Ինչ վերաբերում է ձևակերպմանը, թե «Ռուսաստանը լքում է Կովկասը», ըստ փորձագետի՝ սա պարզեցնում է միջազգային քաղաքականությունը 21-րդ դարում:
«Հիմա ազդեցության ուժերը գերտերություններից բազմաշերտ են, և Ռուսաստանի՝ որպես գերտերություն, ռեգիոնալ կազմակերպություններ և այլն հիմնեց, բայց չկարողացավ ճիշտ աշխատացնել։ Ռուսաստանի անկումը Հայաստանում սկսեց, երբ որ ՀԱՊԿ-ը չկարողացավ պատասխանել Հայաստանի շատ ռեալ անվտանգության պահանջներին», - նկատեց նա:
Օհանյանը շեշտեց՝ մյուս կողմից՝ Ռուսաստանը դեռ ունի բավականին լծակներ, և խնդիրն այն է, թե Ռուսաստանը ինչպես է պատկերացնում իր ուժը, իր ներկայությունը տարածաշրջանում:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի ստորագրեցին, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:
Հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ տեսանյութում.