Մատչելիության հղումներ

Ո՞վ կարող է ձեռք բերել ՀԷՑ-ը


Հայաստանի էլեկտրական ցանցերի կառույց, արխիվ
Հայաստանի էլեկտրական ցանցերի կառույց, արխիվ

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր փեսային պատկանող «Ջի Թի Բի հոլդինգս»-ից չեն հերքում լուրերը, թե իրենց ընկերության համասեփականատերը կարող է ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: «Ջի Թի Բի հոլդինգս»-ի փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում կրկնեց իր ավելի վաղ արված պնդումը՝ ընկերությունը ՀԷՑ-ը գնելու բանակցություններում ներգրավված չէ, սակայն սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի հնարավոր մասնակցությունը նա չի բացառում:

Այս իշխանությունների օրոք մի քանի մեծ նախագիծ իրականացնելու թույլտվություն ստացած Գրիգոր Տեր-Ղազարյանի հնարավոր հետաքրքրվածության վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին, երբ անցած շաբաթ լրագրողները «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր մասնաշենքում տեսան նրան: Ոչ մի բացատրություն չհնչեց՝ մասնավոր ընկերության ներկայացուցիչն ինչ գործ ունի ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում, նա լրագրողների հարցերն անպատասխան թողեց:

Շրջանառվող լուրերն ավելի ակտիվացան, երբ հանգստյան օրերին տարածվեցին Տեր-Ղազարյանի ու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի զրույցի կադրերը, նրանք «Ստարտափ սամիթի» շրջանակում շրջում էին Սևանի ափին: Տեսանյութն, ի դեպ, անձամբ Ռոմանոս Պետրոսյանն էր տարածել:

Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ն ազգայնացնելուց հետո այն Գրիգոր Տեր-Ղազարյանին վաճառելու լուրերի տարածմանը նաև վերջինիս ֆեյսբուքյան էջում հայտնվող ու անհետացող գրառումներն են նպաստում: Նա մի քանի օր առաջ կտրուկ հերքել էր տեղեկությունները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնեմասեր ձեռք բերել չի պատրաստվում: Այժմ Տեր-Ղազարյանի էջում այս գրառումը գտնել հնարավոր չէ՝ նա կա՛մ ջնջել է այն, կա՛մ փակել:

Երեկ նա թեմայի շուրջ մեկ այլ գրառում է արել. - «Ընկերներ, ՀԷՑ-ն այս պահին «Տաշիր» ընկերությանն է պատկանում, որտեղ պետությունը կառավարիչ է նշանակել և որոշակի պրոցեսներ է տեղի ունենում: Հիմա հարց. ինչպե՞ս կարող եմ ես այն գնել: Խնդրում եմ ինձ/մեզ հանգիստ թողեք»:

Շրջանառվող լուրերը, մինչդեռ, միայն ՀԷՑ-ն ազգայնացնելուց հետո այն օտարելուն է վերաբերում: Գրիգոր Տեր-Ղազարյանի այս նոր գրառումը որևէ կերպ չի անդրադառնում հարցին, թե ինչ է լինելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացումից հետո:

Իշխանությունները հայտարարել են Եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից հետո ճաղերի հետևում հայտնված Կարապետյանին պատկանող ընկերությունն ազգայնացնելու մասին, հապճեպ ընդունված օրենսդրական փոփոխություններից հետո ժամանակավոր կառավարչի նշանակումը սկսված գործընթացի առաջին քայլն է, կարգավորող հանձնաժողովը վարույթ է հարուցել և առաջիկա ամիսներին պետք է քննի ՀԷՑ-ում հնարավոր խախտումները և այս քննության ավարտին ընկերության ապագայի մասին որոշում կայացնի: Իշխանությունների գործողությունները ՀԷՑ-ում շարունակվում են՝ չնայած արբիտրաժի՝ այսպիսի քայլերն արգելող հրատապ պահանջին:

Մեկ ամիս առաջ, մինչ ժամանակավոր կառավարիչ նշանակվելը, Պետրոսյանը հերթական կուսակցական նիստից հետո չէր բացառել, որ ՀԷՑ-ը գուցե հետագայում մասնավորի անցնի. - «Ոչինչ չեմ բացառում, ես խնդրում եմ հանկարծ վերնագրեր չդնեք, որովհետև չեմ բացառում ոչինչ, բայց որևէ որոշում այս պահին ինձ հայտնի չէ»:

Ավելի ուշ նաև վարչապետը չբացառեց՝ պետականացումից հետո ընկերության կառավարումը հնարավոր է այլ կազմակերպության պատվիրակեն. - «Այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, պետությունը, և կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման այդ գործընթացից հետո կամ էդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը Հայաստանի էներգետիկ ցանցերի ... »:

Մինչ բաժնեմասերի հնարավոր օտարումը իշխանությունները նախ պետք է ավարտեն ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը: Հայաստանի Մայր օրենքը սահմանում է՝ առանց նախնական և համարժեք փոխհատուցման սեփականությունը չի կարող օտարվել:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում վերահաստատել է՝ Սամվել Կարապետյանին միանշանակ փոխհատուցում կտան:

«Ժողովրդի շրջանում, երբ ասվում է ազգայնացում, բոլորը պատկերացնում են, որ խոսքը խլելու մասին է ինչ-որ մեկի սեփականությունը, բայց մեր երկրում նման իրավական ընթացակարգ որևէ սեփականության ձևի հետ կապված գոյություն չունի: Մենք ինչի մասին էլ խոսենք, դա հատուցելի բնույթ է կրելու», - ասել է Գալյանը :

Հարկատուների հաշվին ՀԷՑ-ի համար որքա՞ն գումար կտրամադրեն Կարապետյանին, և ընդհանրապես ի՞նչ արժե այս ընկերությունը, ազգայնացման գործընթաց սկսած իշխանությունները չեն հերքում՝ դեռ հաշվարկ չունեն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG