44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում, «Ազատությանը» հայտնեց Ազգային ժողովի նախագահը։
«Տեղի կունենան փակ լսումներ, և փաստաթուղթը կներկայացվի հենց այդ ձևաչափով, քիչ առաջ ենք խորհրդում քննարկել և նման որոշում ընդունել», - նշեց Ալեն Սիմոնյանը։
Խորհրդարանի խոսնակի խոսքով, ինչպես արդեն ասվել է՝ զեկույցը լիագումար մտցնելու իրավական հիմքեր չկան։
Որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ չի մտնելու, Ալեն Սիմոնյանը հայտարարել էր նախօրեին: Նա վստահեցրել էր՝ կքննարկեն զեկույցին այլ ձևաչափով անդրադառնալու որևէ տարբերակ:
Ազգային ժողովի նախագահի որոշումից վրդովված էր 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Քննիչ հանձնաժողովի նախագահն այսօր կրկին պնդեց՝ սպասում է, որ զեկույցը ներառվի հաջորդ լիագումար նիստերի օրակարգ, հակառակ դեպքում պետք է իրավաբանները պարզաբանումներ տան։ Քոչարյանի գնահատմամբ՝ լսումների ֆորմատը վիճահարույց է։
«Փակ լսումներ այդ ֆորմատը որ ասվում էր ... ըստ Կանոնակարգ օրենքի, որ ասում են ժամկետը խախտվել է, ուրեմն զեկույցը չկա, իհարկե դա վիճահարույց է, էն էլ ոնց։ Եթե ընդունում ենք, որ զեկույցը կա, գնում է փակ լսումների, ապա լիագումար ինչո՞ւ չի գնում։ Եթե լիագումար չի գնում, նշանակում է՝ զեկույցը չկա», - արձագանքելով Ալեն Սիմոնյանին՝ նշեց Անդրանիկ Քոչարյանը, ապա շարունակեց. - «Լսումներ ո՞ր կետի համաձայն են անելու, որովհետև եթե լիագումար չի մտնում, ինքն առկախված է մնում, եթե մտնում էր, ուրեմն զեկույցը գոյություն ունի, և այդ դեպքում օրենքի պահանջն էր, որ լիագումարում զեկույցը [քննարկվի], եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է՝ զեկույցը գոյություն չունի, այսինքն՝ եթե ասում ենք ժամկետն անց է, չի կարող գոյություն ունենալ, նշանակում է՝ զեկույցը չկա, ի՞նչն ենք զեկուցելու»։
Քոչարյանը շեշտեց, թե սպասում է, որ գործուղումից վերադառնա Պետաիրավական հանձնաժողովի նախագահն ու տա պատասխան զեկույցի շուրջ իրավական վեճի վերաբերյալ։
Ալեն Սիմոնյանը, մինչդեռ, երեկ պնդել էր՝ Պետաիրավականն արդեն տվել է պատասխան, և ասել էր, որ չի կարող մտնել լիագումար նիստ։ Նույնն են ասել նաև ԱԺ իրավաբանական վարչությունն ու քարտուղարության պատասխանատուն։