Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին Ոստիկանության Լոռու մարզային բաժանմունքում խոշտանգելու դեպքով հարուցված քրեական վարույթը կփակվի:
Այսօր Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ քննիչն այս վարույթով քրեական հետապնդում չհարուցելու միջնորդություն է ներկայացրել, որը դատախազը բավարարել է:
Տիգրան Ուլուբաբյանը դեռ գարնանն էր բարձրաձայնել, թե Լոռու ոստիկաններն իրեն խոշտանգել ու ստիպել են խոստովանական ցուցմունք տալ: Դրանից հետո իրավապահ կառույցի դիմաց բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որից հետո քրեական վարույթ հարուցվեց, բայց այդպես էլ մեղադրյալներ չեղան. ոստիկանները հերքեցին խոշտանգելու մասին Ուլուբաբյանի պնդումները, այլ ապացույցներ էլ՝ ի հայտ չեկան:
Դեռ գարնանը դիմակավորված անձինք էին հարձակվել, զենքով սպառնացել ու ոսկեղեն էին գողացել Ուլուբաբյանի արցախցի բարեկամուհու տնից: Տուժած ընտանիքը, որ շատ մտերիմ հարաբերություններ ունի Ուլուբաբյանի հետ, ոչ մի կասկած չունի, թե նա կարող է կապ ունենալ այս հանցագործության հետ, մինչդեռ իրավապահների առաջին կասկածյալը հենց նա է եղել. դեպքից անմիջապես հետո նրան ոստիկանություն էին տարել ու հարցաքննել:
Իրեն խոշտանգելու համար ոստիկաններին մեղադրող Տիգրան Ուլուբաբյանն ամիսներ անց՝ հուլիսի սկզբից, կալանավորված է այս ավազակային հարձակմանն օժանդակելու մեղադրանքով:
Կալանավայրում հացադուլ հայտարարած Ուլուբաբյանի առողջական վիճակը վատանում է. փաստաբան
Թե՛ Տիգրան Ուլուբաբյանը ու թե՛ նրա փաստաբան Էրիկ Բեգլարյանը շարունակում են պնդել, որ քրեական հետապնդում է տեղի ունենում՝ առանց ապացույցների: Ուլուբաբյանն արդեն 12 օր հացադուլի մեջ է ու ասում է, որ պատրաստ է անգամ ջրադուլի գնալ՝ արդարության պահանջով, թեև բանտում առողջական վիճակը գնալով վատանում է, ասում է փաստաբանը: Այսօր նա հեռախոսազրույց է ունեցել իր պաշտպանյալի հետ, ով պատմել է, որ քաշը 41 կգ է դարձել, անընդհատ գլխապտույտներ է ունենում, ոտքերը թուլանում են:
«Անգամ ադեկվատ չի պահում իրեն, ոտքերը թուլանում է, գլուխն է պտտվում, շատ նիհարել է, ասում է՝ ջրադուլ էլ եմ անելու, միանգամից մահանամ: Ասում է՝ անիմաստ ինձ բերել են այստեղ, պահում են՝ իբրև հանցագործության կազմակերպիչն եմ, ես ընդհանրապես այդ մասին չգիտեմ: Նա իմ համար քույր է, չի կարող տենց բան լինել, ոնց կարող է տենց բան լինել», - փոխանցում է փաստաբանը:
Հացադուլի 12 օրերին Տիգրան Ուլուբաբյանին այցելել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ու քրեական վարույթը հսկող դատախազը: Փաստաբանը համոզված է, որ երիտասարդ կալանավորը հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունի, բայց այդ մասին դեռ նույնիսկ քննարկումներ չկան: Ավելին, իր տեղեկություններով՝ օրեր անց քննիչները պատրաստվում են Ուլուբաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնել դատարան. «Այո, ես այդ մասին էլ տեղեկություն ունեմ, որ քննիչները ուզում են մեկ ամսով նորից կալանքը երկարաձգեն: Ես այդ մասին ասել եմ իրեն, ասել է, որ ես մի ամիս չեմ դիմանա, կմահանամ: Ամենից կարևորն այն է, որ ոչ մի նոր հանգամանք չի բացահայտվել, նախկինում ինչ հիմնավոր կասկած եղել է, այդ նույն հիմնավոր կասկածով տանում են երկարաձգման», - ասաց փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
Քննչական կոմիտեից այս տեղեկությունը ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին: Ասացին՝ «նման տեղեկատվություն չեն տրամադրում»:
Ավազակային հարձակման գործով չորս մեղադրյալ կա, երեքը կալանավորված է, մեկը՝ հետախուզման մեջ:
29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը բանտախուցը կիսում է հացադուլ հայտարարած ևս երկու կալանավորի հետ, ասաց փաստաբան Էրիկ Բեգլարյանը: