Փամբակի համայնքապետը, թեև անցած շաբաթ կայացած ավագանու նիստում հայտարարել էր, թե Քարաբերդում երկրաբանական ուսումնասիրություններ անելու նախնական թույլտվություն են տալիս «Զով-Գուժ» ընկերությանը, բայց հետո նորից ձայները հաշվել ու համարել են, որ ավագանու որոշումն ընդունված չէ:
Սա նշանակո՞ւմ է, որ Փամբակի ավագանին հանքարդյունաբերող ընկերությանը չի թույլատրում այստեղ ոսկի որոնել: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռաիսա Մինասյանն ասաց՝ ավագանու նիստում շփոթմունք է տեղի ունեցել. - «Համայնքի ղեկավարը, լսելով 6 կողմ, երևի, ավտոմատ կերպով հայտարարեց, որ որոշումն ընդունված էր։ Հետո ես եկել եմ իմ աշխատասենյակ, ասել եմ պարոն Կոստանդյանին, որ 6-ը դեռևս մեծամասնություն չէ»։
Հարցին, թե ինչո՞ւ այդ մասին հենց նիստի ընթացքում չասաց, արդյոք կաշկանդվա՞ծ է եղել, պատասխանեց. - «Չէ, կաշկանդված չեմ եղել, ես էլ էդ պահին չեմ հասկացել, հետո եկա, ՏԻՄ օրենքը բացեցի, հասկացա»:
ՏԻՄ օրենքով քվեարկողների կեսից ավելին պետք է կողմ լինի, մինչդեռ, ավագանու12 անդամների կեսը՝ 6 անդամ, կողմ էին քվեարկել, մյուս կեսը հավասարապես դեմ ու ձեռնպահ էին: Սակայն ավագանու քվեարկությունից անմիջապես հետո համայնքի ղեկավարը հայտարարել էր, թե որոշումն ընդունված է:
Փամբակ համայնքի փոքր՝ ընդամենը մի քանի տասնյակ բնակիչ ունեցող Քարաբերդ գյուղում ոսկի որոնելու քննարկումները տեղի են ունենում արդեն մի քանի տարի: Ավելի քան 10 անգամ տարբեր ընկերություններ գյուղ են եկել ու աղմկոտ հանրային լսումներ արել ու երբեք հանքի հետ կապված համաձայնություն չեն ստացել:
Այստեղ դեռ 2000-ականներին հանքարդյունաբերության թույլտվություն ստացած «Ասսաթ» ընկերությունն ընդհատումներով է աշխատել: Հանրային լսումներում գյուղի բնակիչներից ոմանք ասում էին՝ գոնե եղածը չընդլայնեն, նոր տարածքներ հանքեր չդարձնեն:
Բայց վերջին հանրային լսմանը, որ այս անգամ էլ բուռն ու աղմկոտ էր, ներկա բնակիչներից շատերը կողմ էին արտահայտվում, նույնիսկ նրանք, որոնք նախկինում դեմ են եղել: Ներկա էին նաև բնապահպաններ, որոնք հիշեցնում էին հանքի վնասների մասին ու տեղացիներին հորդորում դեմ կանգնել հանքի հետ կապված ցանկացած գործընթացի:
Չնայած այս տարաձայնություններին, համայնքապետարանն արձանագրել էր, թե գյուղի բնակիչները կողմ են ու հարցը դրել էր ավագանու քննարկմանը, բայց, փաստորեն, դեմ եղավ, որ «Զով-Գուժ» ընկերությունն այստեղ ուսումնասիրություններ սկսի: Թե ինչ կանի ավագանին, արդյո՞ք հարցը կրկին կքննարկի, թե՝ ոչ, աշխատակազմի քարտուղարը հստակ չպատասխանեց: Ասաց՝ դեռ հայտնի չէ:
Ի դեպ, մինչ այս պահը Փամբակի համայնքապետարանի պաշտոնական էջում ո՛չ ավագանու նիստի արձանագրությունն է տեղադրված, ո՛չ էլ Քարաբերդին վերաբերող որոշումը, չնայած այդ օրը կայացված բոլոր որոշումները դեռ անցած շաբաթվանից կան: