Մատչելիության հղումներ

Պարեկների կողմից վարորդի նկատմամբ բռնության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել


Արտապատկերում համացանցում տարածված տեսանյութից
Արտապատկերում համացանցում տարածված տեսանյութից

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել պարեկների կողմից փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ բռնության դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, որի հաղորդման հիման վրա էլ նախաձեռնվել է վարույթը Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի՝ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից բռնություն է գործադրվել փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ, մասնավորապես՝ վարորդին բռնությամբ հանում են մեքենայից, քաշքշում և պառկեցնում գետնին, հագցնում ձեռնաշղթաներ, այն պայմաններում, երբ անձը որևէ դիմադրություն չի ցուցաբերում։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ը վերոգրյալի առթիվ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել և խնդրել նախաձեռնել քրեական վարույթ՝ ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդում:

Էդգար Այվազյանը, ով ահազանգել էր մարտի 31-ին բռնության մասին, «Ազատությանը» պատմել է, որ շտապում էր պապի հուղարկավորությանը, երբ Երևանի կենտրոնում հայտնվել է երկարատև խցանման մեջ, մյուս վարորդների պես զայրացել ու ազդանշան տվել:

Գերմանիայի նախագահի պաշտոնական այցի առիթով փակված փողոցում հայտնված վարորդը պնդում է, որ իր մեքենային մոտեցած ոստիկանները ո՛չ ներկայացել են, ո՛չ ասել, թե ինչ են ուզում իրենից կամ ինչից են դժգոհ, ու առանց որևէ բացատրության մի քանի հոգով իրեն տապալել են գետնին: Նա հերքում է, թե հայհոյել է: Մինչդեռ Ներքին գործերի նախարարության միակ բացատրությունն այն է, որ վարորդը հայհոյել է, թե ում՝ չեն ասում:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG