Իշխող խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որ ութ տարի առաջ էլ նույն տեղում նստած էր Սերժ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցության ցուցակով, կարծում է, որ վարչապետ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը բալանսավորված է, հաջողված ու այսօր էլ Ազգային ժողովում խնդրեց, որ Փաշինյանը բացահայտի հաջողության գաղտինքը. «Բալանսավորված արտաքին քաղաքականությունը ևս հեշտ չի ու բարդ է, ինչո՞ւմն է այս ամենի հաջողության գաղտինքը», - հարցրեց պատգամավորը:
Հարցից ոգևորված Փաշինյանը իր հմուտ դիվանագիտության մասին պատմեց մեկ օրինակով՝ Հայաստանում միջուկային ռեակտոր կառուցելու շուրջ իր ճկուն բանակցություններով. «Մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային: Մենք բազմակողմանի քննարկում ենք ունեցել և այդ որոշումը կայացրել ենք: Հիմա հաջորդ հարցը. ո՞ւմ հետ ենք մենք կառուցելու, ո՞ւմ հետ ենք գործընկություն անելու: Մենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր նման տեխնոլոգիա ունեն կամ կարող է ունենան, բոլորին հարցրել ենք, ասել ենք՝ դուք կնեղսրտե՞ք, եթե մենք այս թեման քննարկենք նաև մյուսների հետ, բոլորն ասել են՝ ոչ: Ինչո՞ւ եմ ասում: Որովհետև երբ ես գնում եմ Մոսկվա, ասում են՝ վերջ, որոշվել է, որ Ռուսաստանի հետ է կառուցվում: ԱՄՆ-ի հետ հուշագիր ենք ստորագրում ու նոր գնում Մոսկվա, ասում են՝ բա հուշագիրը ստորագրեցին, ինչի՞ գնացին Մոսկվա», - ասաց վարչապետ Փաշինյանը, ընդգծելով. «Պետք չի գործընկերությունը շփոթել ամուսնության, ամուսնությունն էլ գործընկերության հետ»:
Ընդդիմությունն էլ հետաքրքրվեց Փաշինյանի դիվանագիտության չբացահայտված էջերով
Ի տարբերություն ՀՀԿ-ական, ապա ՔՊ-ական ցուցակով պատգամավոր դարձած Թորոսյանի, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները հետաքրքրված էին Փաշինյանի դիվանագիտության չբացահայտված էջերով: Օրինակ 44-օրյա պատերազմին նախորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը ինչո՞ւ Փաշինյանը չի հրապարակում: Ի՞նչ են առաջարկել պատերազմից առաջ, որ, ըստ ընդդիմադիրների, Հայաստանի ղեկավարը մերժել է: Փաշինյանն ուղիղ հայտարարեց՝ դեռ ձգելու է, չի հրապարակելու. «Հիմա էլ նոր բան են գտել. նույն փոցխի վրա կանգնելու սովորությունն ինձ հիացնում է: Հիմա էլ նոր բան են գտել. 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը: Հիմա հետ գնանք: Մի անգամ էդ փոցխի վրա կանգնեցին. հուշագրերը չեն հրապարակում: Դրանից առաջ խաղաղության համաձայնագիրը. գնում էին, նայում էին, դուրս գալիս...Խաղաղության համաձայնագիրը հիմա հրապարակված է...հանգիստ տեղավորվեք էդ փոցխի վրա, որովհետև այդ փոցխը նույն տեղը վայրէջք է կատարելու», - ասաց Փաշինյանը:
Նախկին նախագահները «թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար». Փաշինյան
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ մեջբերեց. «ԵԽԽվ Ձեր ելույթում նշել եք՝ ինչ-որ առումով 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս է, որի թիրախում ՀՀ պետականությունն էր, Հայաստանի անկախությունը: Անկախության հռչակագրի 35-ամյակի կապակցությամբ Ձեր ուղերձում համահունչ մի միտք եք արտահայտել. ի վերջո ինչո՞ւ մինչև 20 թվականի սեպտեմբերը ՀՀ-ն, մեր կառավարությունը, ես ինքս չգնացինք զիջումների, ինչը 44 -օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր, դրա առանցքային պատճառն այն է, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքներն ու կախվածությունները մեծանալու էին՝ հանգեցնելով ՀՀ անկախության ու պետականության կորստին: Սրան էլ ավելացնենք Ձեր այն պնդումները, որ ոչ թե Արցախն եք կորցրել, այլ Հայաստանն եք գտել: Եթե վերծաենք Ձեր օգոստոսի ուղերձը, կստացվի, որ գիտակցաբար չկանխված և պարտված պատերազմը նպաստել է Հայաստանի անկախության ամրապնդմանը և պետականության հզորացմանը: Որովհետև, եթե լիներ զիջում չլիներ պատերազմ կամ պատերազմը հաղթեինք, դա կարող էր հանգեցնել Հայաստանի անկախության և պետականության կորստին»:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեջբերելով Փաշինյանի մեկնաբանություները, հարցրեց՝ եթե պարտությունը հաղթանակ է համարում, ինչո՞ւ են դատվում զինվորականները, որոնք, ըստ իշխանության, այդ պարտության մեղավորներն են և ինչո՞ւ է Փաշինյանի գլխավորած կուսակցությունը 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծել խորհրդարանում: Նիկոլ Փաշինյանն էլի մեղադրանքի սլաքներն ուղղեց ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կողմը:
«Երբ 2022 թվականին հասկացանք, որ ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները մեր նկատմամբ չի կատարել, չի կատարում և չի կատարելու, այդ պահին մենք անկախացանք, որովհետև հասկացանք, որ հույսները մեր վրա պետք է դնենք: Հասկացանք, որ անվտանգության այն համակարգը, որ դուք իբր կառուցել էիք, որ մենք անվտանգության համակարգ ունենք, դա փուչիկ էր, դա ոչ մի բան էր, դա ընդամենը գործիք էր մեր պետության կայացումը թույլ չտալու համար: Նորությո՞ւն է: 2021 կամ 2022 թվականին եմ ասել: Ինչքան էլ դառը լինի, մենք պետք է առերեսվենք՝ Ղարաբաղը մի շարք երկրների կողմից օգտագործվել է որպես թոկ՝ Հայաստանի շարժը և զարգացումը թույլ չտալու համար: Դուք էլ այդ թոկի պարաններն եք ձեր նախկին երեք, այլևս բացահայտված, այսպես կոչված՝ «նախագահների» հետ: Իրենք հո պետությունն առաջնորդելու համա՞ր չեն եղել: Իրենք եղել են նրա համար, որ պետություն չլինի, և իրենց ժամանակ պետություն չի եղել, իրենք թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար», - հայտարարեց նա:
Միջազգային ամբիոններից հետո Նիկոլ Փաշինյանը նորից խոսեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման մասին, այսօր էլ ՀՀ խորհրդարանում անդրադարձավ դրան: Ադրբեջանը շարունակում է այդ եզրույթը կիրառել: Փաշինյանն այսօր նորից հիշեցրեց, որ վաշինգտոնյան փաստաթղթերում նման ձևակերպում չկա:
«Երբևէ որևէ տեղում մենք ունե՞նք ընդունած թուղթ, որտեղ նման արտահայտություն կա։ Չկա նման բան։ Ես պարզ հարց տվեցի և ասացի, որ արժի, որ պարզաբանում հնչի, թե էդ որտեղի՞ մասին է դա։ Եթե Ադրբեջանում այդ կերպ անվանում են, օրինակ, Հորադիզ–Զանգելան ճանապարհը, մենք այդտեղ պետք է մեզ հարց տանք՝ դա մեզ հուզում է, թե՞ չի հուզում։ Հայաստանի պարագայում անուններ որոշողը Հայաստանն է, Ադրբեջանի պարագայում՝ Ադրբեջանը։ Դա արձանագրված է նաև այս թղթում, որովհետև մենք միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչել ենք։ Օգոստոսի 8-ից հետո, ենթադրվում է, որ մենք այլ կերպ պետք է մոտենանք հարցերին, այլ կերպ դիտարկենք։