Մատչելիության հղումներ

Փաշինյանին հարցաքննելու Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը մերժվել է

Լրացված

Ադրբեջան - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում, մարտ, 2025թ.
Ադրբեջան - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում, մարտ, 2025թ.

Բաքվի զինվորական դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու Ռուբեն Վարդանյանի միջորդությունը: Նախօրեին կայացած դատական նիստում Արցախի նախկին պետնախարարը միջնորդել էր Հայաստանի վարչապետից բացի հարցաքննել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին:

Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Վյուսալ Ալիևը, սակայն, նշել է, որ Հայաստանի վարչապետը ինչպես նաև մյուս անձինք հարցաքննության ենթակա չեն, քանի որ կապ չունեն մեղադրանքի հետ, և պահանջել է դատարանից Վարդանյանի միջնորդությունը թողնել առանց քննության: Գործով տուժողները ևս պնդել են մերժել միջնորդությունը:

Թե ինչ հիմնավորմամբ է Ռուբեն Վարդանյանը միջնորդել Բաքվի դատարանում հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնի չէ: Անկախ լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատական նիստերը լուսաբանում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, որն այս մասով որևէ տեղեկություն չի հայտնում: Բաքվի զինվորական դատարանն, ամեն դեպքում, որոշել է չքննել Վարդանյանի այս միջնորդությունը:

Նիկոլ Փաշինյանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հարցաքննելու միջնորդության մերժումից հետո Ռուբեն Վարդանյանը մեկ այլ միջնորդությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ ինքը զինծառայող չէ և հետևաբար համաձայն չէ, որ իրեն վերագրվող քրեական գործը քննվում է զինվորական դատարանում: Ի պատասխան, գլխավոր դատախազի օգնականը հակադարձել է, թե քանի որ Ռուբեն Վարդանյանին վերագրվում են նաև ռազմական հանցագործություններ, նրա գործը քննում է Բաքվի զինվորական դատարանը, և պահանջել է այս միջնորդությունը ևս քննության առարկա չդարձնել:

Ավելի քան երկու տարի Բաքվի բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանը, որ երբևէ զինվորական պաշտոն չի զբաղեցրել, իսկ Արցախի պետնախարարի պաշտոնում աշխատեց ընդամենը երեք ամիս, մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։

Չընդունելով բոլոր այս մեղադրանքները՝ Ռուբեն Վարդանյանը նախօրեին դատարանում նաև հայտարարել է, որ չի ընդունում սահմանը ապօրինի հատելու մասին հերթական մեղադրանքը: Այս մեղադրանքի շրջանակում Վարդանյանը միջնորդել է, որպեսզի հարցաքննվեն Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատարները:

Վարդանյանի այս միջնորդությանն ի պատասխան՝ նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևն ասել է, թե առայժմ ներկայացված մեղադրանքներին իրավական գնահատական դատարանը չի տվել: Դատավորը նաև պնդել է, թե ռուսական խաղաղապահ ուժերը որևէ կապ չունեն Վարդանյանին ներկայացված մեղադրանքի հետ, և հետևաբար այս միջնորդությունը ևս հրաժարվել է քննել:

Շուրջ ութ ամիս շարունակվող դատական նիստերում Ռուբեն Վարդանյանի գործով ցուցմունքներ են տալիս տարբեր տարիներին վնասվածքներ ստացած զինծառայողներ կամ քաղաքացիական անձինք:

Նախօրեին դատարանում ցուցմունքներ են տվել մի քանի տասնյակ զոհված անձանց հարազատները, ինչպես նաև վիրավորումներ ստացած քաղաքացիներ, նրանք հերթով պատմել են, թե որտեղ և ինչ զինատեսակից են վիրավորվել: Ըստ «Ազերթաջ»-ի, Ռուբեն Վարդանյանը հարցեր է տվել տուժողներին, դրանց բովանդակությունը, սակայն, ադրբեջանական պետական լրատվամիջոցը չի հրապարակել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG