Մատչելիության հղումներ

Փաշինյանը կարծում է՝ բանակը պետք է լինի անվտանգության ապահովման վերջին գործիքը


Հայաստանի վարչապետը կարծում է՝ բանակը պետք է լինի անվտանգության ապահովման վերջին գործիքը: Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ եթե այն դառնում է առաջին կամ նույնիսկ երկրորդ, նշանակում է՝ անվտանգություն չկա:

«Ինչքան իրենից առաջ դու այլ գործիքներ ունես, ընդ որում, եթե վերջինը 6-րդն է, դա արդեն վատ է, դա նշանակում է, որ դու բանակից առաջ ունես 5 այլ անվտանգության գործիք: Դու պետք է այնպես անես, որ բանակը լինի 15-րդը, 20-րդը, 50-րդը, 100-րդը», - հայտարարում է վարչապետ Փաշինյանը:

Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական պոտենցիալը, իսկ Հայաստանի իշխանությունը գնում է հակառակ ճանապարհով. Աբրահամյան

Առաջին անգամը չէ, որ կառավարության ղեկավարը հայտարարում է՝ ստեղծում են անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ:

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տարակուսած է՝ ո՞վ է պնդել, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն զինված ուժերի միջոցով, բայց մարտունակ բանակն անհրաժեշտ է, որ տվյալ երկրի հետ հաշվի նստեն:

«Միայն մարտունակ զինված ուժերի պայմաններում է, որ դու միջազգային հարաբերություններում, ցանկացած միջազգային իրավունքի սուբյեկտի հետ բանակցություններում դու հանդես ես գալիս շատ ավելի ուժեղ դիրքերից: Ինչի հետպատերազմյան իրավիճակում Ադրբեջանն ավելի շատ գնում էր շանտաժի, ինչի Ադրբեջանն անընդհատ զիջումներ էր կորզում Հայաստանի իշխանություններից, որովհետև նա հանդես է գալիս ուժեղի դիրքերից, որովհետև նույնիսկ այս 5 տարվա ընթացքում Ադրբեջանը շատ ավելի մեծացրել է իր ռազմական պոտենցիալը, իսկ Հայաստանի իշխանությունը գնում է ճիշտ հակառակ ճանապարհով», - ասում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Նիկոլ Փաշինյանը, որ մինչ 44-օրյա պատերազմը բանակում բարեփոխումներն ու հզորացումն առաջնահերթություն էր համարում, այսօր զինված ուժերում նույն բարեփոխումների օրակարգի շրջանակում հարցնում էր՝ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ և ումի՞ց ուժեղ:

«Եթե մեր ռազմավարությունն այն է, որ մենք պետք է ուժեղ բանակ ունենանք, համեմատաբար, մի պայմանական հակառակորդից, համեմատությամբ, իսկ ո՞րն է լինելու մեր արձագանքը, եթե պարզվի, որ մի պայմանական հակառակորդը ունի իր հետ ևս երեք կամ չորս գերուժեղ ներգրավված կողմ. ստացվելու է, որ մեր ռազմավարությունները զրո՞ են, ոչ մի բան չարժե՞ն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Այս հարցադրումներն անհասկանալի են պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամի համար: Ասում է՝ պետությունը, գնահատելով հնարավոր վտանգները, կառուցում է դրանց համապատասխան անվտանգային համակարգ: Իսկ բանակի մարտունակության գնահատման հիմքում տվյալ երկրի շուրջ առկա ռազմաքաղաքական իրավիճակն է: Իսկ ուժեղ բանակի մասին վարչապետի մեկնաբանությունները, ըստ Տիգրան Աբրահամյանի այլ նպատակ ունեն:

«Փաշինյանի գաղափարախոսությունը, որով առաջնորդվում են, դա պարտվողականությունն է: Հիմա իշխանությունը պարտվողականությունը հիմնավորելու համար անընդհատ փորձում է բանակի դերը նվազեցնել, ցույց տալ, որ բանակն առհասարակ խնդիր չի կատարում, հաջորդ քայլը լինելու է ռազմական բյուջեի կրճատումը, անձնակազմի կրճատումը, այսինքն՝ նա, ըստ էության, դրա համար է ճանապարհ բացում: Եվ պետք չէ Փաշինյանի խոսքում լուրջ աշխարհաքաղաքական կամ նույնիսկ անվտանգության հետ կապված հաշվարկներ փնտրել», - ընդգծում է Աբրահամյանը:

Որ ռազմական ծախսերը չեն ավելանալու, կառավարության ղեկավարն արդեն հայտարարել է, թիմակիցներն էլ որպես հիմնավորում ներկայացնում են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության նախաստորագրված պայմանագիրը:

Բացի այդ, անցած շաբաթ կառավարությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որի ընդունման դեպքում՝ վեց ամսով կկրճատվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատում է. «Չի բացառվում, որ Հայաստանը նաև փորձում է իր պատրաստակամությունը ցույց տալ և առանց նախապայմանների գնում է ադրբեջանական նախապայմանների կատարմանը: Համենայնդեպս, այս քայլերը բանակցային առումով Հայաստանին հաստատ չեն ուժեղացնելու, բայց զինված ուժերին այս բառապաշարով իմպուլսներ հաղորդելը էականորեն թուլացնելու է բանակի ներուժը, պոտենցիալը, էլ չեմ ասում գրավչությունը զինվորական ծառայությունը՝ որպես մասնագիտություն ընտրելու առումով»:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարում էր՝ նախ պետությունը պետք է պաշտպանի բանակը, հետո՝ հակառակը: Անվտանգության առաջին գործիքն էլ, ըստ վարչապետի, լեգիտիմությունն է:

Իսկ Ադրբեջանում այսօր պաշտպանական ոլորտի պատասխանատուները Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները:

XS
SM
MD
LG