Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ»-ն այսօր խորհրդարան է ներկայացրել «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման հիմքերով վարչապետին անվստահություն հայտնելու մասին» հայտարարության նախագիծ, որն առաջիկայում պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում:
Ընդդիմադիր խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու մի շարք հիմնավորումներ է ներկայացնում՝ Փաշինյանի կառավարությունը խարխլել է ազգային անվտանգությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարվել է, թշնամական ուժերն էլ 2021-ից տարածքներ են գրավել սահմանամերձ շրջաններում։
«Կառավարությունը ոչ միայն չի ապահովել երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, այլև պաշտոնական մակարդակով հրաժարվել է տարածքային վերահսկողությունը վերականգնելու հանձնառությունից, ինչը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան», - ասված է նախագծում։
Անվստահություն հայտնելու հայտարարության նախագծում նաև նշվում է, որ կառավարությունն իր միակողմանի զիջումները քողարկում է «խաղաղության դարաշրջանի» և «խաղաղության խաչմերուկի» կեղծ հռետորաբանությամբ, որը հանգեցնում է Ադրբեջանի կողմից հերթական պահանջների առաջադրմանը և պարունակում է նոր ագրեսիայի վտանգ:
Արցախի հարցում «Պատիվ ունեմը» մեղադրում է Փաշինյանին հակամարտության՝ տասնամյակների բանակցային գործընթացի ձեռքբերումները ոչնչացնելու, արկածախնդրության հետևանքով սանձազերծված պատերազմի և հետո արդեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար:
Սերժ Սարգսյանի առաջնորդած խմբակցությունը նաև արձանագրում է, որ կառավարությունը հանցավոր անգործություն է ցուցաբերել Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող գերիներին Հայաստան վերադարձնելու համար:
Մանրամասն ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը, «Պատիվ ունեմը» եզրահանգում է, որ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը, և որ նրա պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի համար։
Ստեղծված իրավիճակի միակ սահմանադրական լուծումը ընդդիմադիր խմբակցությունը համարում է խորհրդարանի կողմից վարչապետին անվստահություն հայտնելը, որը ենթադրում է գործընթացի շուրջ պատգամավորների համախմբում, անցումային կառավարության ձևավորում, ապա և ազատ ու արդար ընտրությունների անցկացում:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետև մենք զբաղված ենք իմփիչմենթի կազմակերպմամբ և հույս ունենք, որ դրանում մեզ կաջակցեն մեր բոլոր գործընկերները, որովհետև ընտրությունները այսպես թե այնպես լինելու են, իսկ մինչ այդ Փաշինյանը այնքան անդառնալի բաներ կարող է անել, որ արդեն բավական ուշ կլինի», - ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ի դեպ, անվստահության գործընթացի շրջանակներում խմբակցությունն առաջիկայում ծրագրում է նաև խորհրդարանական լսումներ հրավիրել: Մամիջանյանը նշում է, որ պատրաստ են լսել ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ նաև այլ առաջարկներ:
«Մենք ակնկալում ենք առաջին հերթին լսել լուծումներ, տարբերակներ, որոնք կիրառական հնարավոր են դարձնում իշխանափոխությունը Հայաստանում: Մեր առաջարկն այդ պարագայում իմփիչմենթի, իսկ եթե իրավական տերմինով՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, և մենք ակնկալում ենք, որ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության շրջանում և արդեն նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ՀԿ-ների կկարողանանք ձևավորել կոնսենսուս և միահամուռ արդեն առաջարկը ներկայացնել մեր քաղաքացիներին», - շեշտեց պատգամավորը: