Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին պաշտոնն ստանձնելու առիթով:
«Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ համագործակցության՝ նպաստելու հայ-գերմանական քաղաքական և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանը», - գրել է Փաշինյանը X-ում։
Մերցը մայիսի 6-ից երկրորդ փորձից ընտրվեց կանցլեր:
Իր ուղերձում վարչապետը շեշտել է՝ Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, որի հետ բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացմանը Կառավարությունը մեծ կարևորություն է տալիս:
«Բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը», - նշել է նա: