Մատչելիության հղումներ

Փաստաբանը պնդում է՝ ոստիկաններն իր պաշտպանյալի նկատմամբ անհարկի են ուժ կիրառել. ՆԳՆ-ից արձագանքել են

Լրացված

Փաստաբան Արա Ղարագյոզյանը կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով գետնին պառկեցրել իր պաշտպանյալին, բռունցքով սեղմած պահելով նրա պարանոցն ու դեմքը՝ փորձում են ձեռնաշղթաներ հագցնել ու բերման ենթարկել:

«Տուժողն ինձ պատմեց, որ նաև ոստիկանության բաժին այդ ձևով տանելուց հետո այնտեղ բռնություն են կիրառել, բռնության հետքերն ակնհայտ էին՝ ամբողջ դեմքի այտուցները, կապտուկները, գլխի, մեջքի վնասվածքները, ու միայն ֆիզիկական ուժ գործադրելով չէր կարող նմանատիպ վնասվածքներ առաջանար», - ասաց փաստաբանը:

Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում գործող խանութից գողություն է եղել: Վկայի կարգավիճակով Քննչական կոմիտե ներկայանալու պահանջով Սերգեյ Աբրահամյանը ծանուցագիր էր ստացել: «Ազատության» հետ զրույցում տղամարդը պատմեց՝ առավոտյան ուշ է արթնացել, զանգահարել հարցրել է, կարո՞ղ է այլ ժամի ներկայանալ, պատասխանել են՝ «այո, 16:00-ին եկեք»: Պնդեց՝ գնացել է, բայց չեն ընդունել: Դրանից հետո տղամարդը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակ, կասկածներ ունենալով, որ չեն ընդունել, որովհետև ոստիկանությամբ են ցանկանում բերման ենթարկել: Ըստ Սերգեյ Աբրահամյանի՝ այդպես էլ եղել է. հաջորդ օրն առավոտյան, երկու ոստիկան են իր տան դուռը թակել:

«Հրավիրեցի տուն, կոֆե հյուրասիրեցի, հագնվեցի, որ դուրս գամ հետները, դռան մոտ կանգնած եմ, սպասում եմ, որ տվյալ ոստիկանը կոֆեն խմի գնանք, էն մյուսն անընդհատ դուրս էր գալիս հեռախոսով խոսում էր, կնոջիցս եմ իմանում, որ ոստիկանապետի հետ առանձնազրույց է եղել, էդտեղից է պարզվել, որ դուրս է եկել, զանգել է, որ գան ինձ բռնեն տանեն: Լցվել են տուն, ինձ բրդբրդելով, ուզում են կանդալեն, տանեն, ասում եմ, ինչի համար, ո՛չ փախնում եմ, ո՛չ փախել եմ», - պատմեց Աբրահամյանը:

Սերգեյ Աբրահամյանը, որ հերքում է իր կապը ոստիկանների նշած խանութի գողության հետ, ասաց՝ նախ սեփական տանն են իրեն նվաստացրել ոստիկանները, հետո արդեն ոստիկանությունում ավելացրել են ծեծն ու բռնությունը:

«Ոտքերս ու ձեռքերս կանդալած, ոսկորներս ջարդում, լայն սկոճով բերանս կապել են, մի 15 հոգով քացիներով, կոշիկի տակով դեմքիս, թքել վրես», - նշեց նա:

Տղամարդն «Ազատությանը» նաև պատմեց՝ ՄԻՊ էր զանգահարել, որ գան ու իրեն ոստիկանության բաժնում տեսնեն՝ կապտուկներն արձանագրեն, կամ հենց ՄԻՊ-ը միջամտեր, որ շտապ օգնության մեքենան մոտենար ոստիկանություն, որովհետև ըստ նրա՝ ոստիկանությունում անտեսել են իր խնդրանք ու շտապօգնություն չեն զանգահարել: Սերգեյ Աբրահամյանն ասում է՝ իրենց զանգերի պատասխանել, բայց այդպես էլ ոչ ոք չի եկել: Անչափահաս երեխաների հայրն իրեն նվաստացած է զգում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ տեղյակ են խնդրին, Պաշտպանի իրավասությունների շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: Իսկ թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը և ինչ է արել ՄԻՊ-ը՝ չմանրամասնեցին:

Փաստաբան Արա Ղարագյոզյանի հրապարակած կադրերում լսվում է Սերգեյ Աբրահամյանի ու տեսարանը նկարահանող նրա կնոջ ձայնը, թե ձեռնաշղթաների կարիք չկա, նա պատրաստ էր ոստիկանություն գնալ: Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն է արձագանքել փաստաբանի հրապարակմանը, ընդգծելով՝ քաղաքացին չի ենթարկվել ոստիկաններին:

«Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են բնակչի տուն, ներկայացրել են քննիչ որոշումն, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին: Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունն ուսումնասիրվում է Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից», - նշել է Սարգսյանը:

Փաստաբան Ղարագյոզյանը խուսափողական է համարում ոստիկանության այս պատասխանը: Ներքին գործերի նախարարին դիմում՝ սա՞ է իրական բարեփոխումը:

«Ինչու՞ է նախարարության անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում քննվում ոստիկանների գործողությունը», - հարցնում է Ղարագյոզյանը, խնդրահարույց համարելով նաև դա:

«Սա կոնկրետ խոշտանգում է անմարդկային ենթադրյալ գործողությունը, որը պետք է քրեաիրավական գնահատական տրվի, ոչ թե վարչաիրավական, քանի որ այդ վարչությունը զուտ ոստիկանության վարքագծի կանոններն է քննում», - նշեց փաստաբանը:

Արա Ղարագյոզյանն առնվազն 5 դեպք է հիշում, երբ վերջին 7 տարիների ընթացքում, խոշատնգման հոդվածով անցնող ոստիկանները հետո պաշտոնի առաջխաղացումներ են ունեցել. - «Մենք պրակտիկան տեսնում ենք, թե ոստիկանական բռնություններն ինչքան են անպատիժ մնում և շարունակվում է: Կարելի է ասել, որ այս 7 տարիների ընթացքում, որ ասեմ՝ ոստիկանական համակարգում ինչ-որ բան փոխվել է, բռնություն իրականացնող ոստիկանները պատժվեցին, ցավոք սրտի, այդպես չէ»:

Ներքին գործերի նախարարությունից մինչդեռ տեղեկացնում են՝ հակաիրավական տարբեր արարքներ թույլ տրված ոստիկանների նկատմամբ, անցած տարի իրականացվել է 1911 ծառայողական քննություն, 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ: Իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ 206 կարգապահական տույժ է կիրառվել, 9 ծառայող էլ ազատվել է աշխատանքից:

Փաստաբանի փոխանցմամբ՝ իր վստահորդը երեք օր առաջ նաև դատախազություն է դիմել, այս կառույցից ասացին՝ նամակը դեռ չեն ստացել, բայց Արա Ղարագյոզյանի հրապարակման հիման վրա քրեական վարույթ են նախաձեռնել մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգման հոդվածով:





XS
SM
MD
LG