Մատչելիության հղումներ

«Պատասխանատվությունից խուսափելու փորձ». ընդդիմությունը՝ Փաշինյանի ուղերձի մասին


Ինքն իրեն հակասող ուղերձ ու պատասխանատվությունից խուսափելու փորձ. ընդդիմությունից այս որակումն են տալիս վարչապետ Փաշինյանի նոր բացատրությանը, թե ինչո՞ւ պատերազմից խուսափելու համար նախքան 2020 թվականի սեպտեմբերը զիջումների չգնաց:

«44-օրյայից հետո ամեն անգամվա իրար հակասող, պատմության հետ աղերս չունեցող, փաստական հիմք չունեցող բոլոր հայտարարությունները խոսում են մեկ բանի մասին՝ չքմեղանալ, ազատել իրեն այն բոլոր պատասխանատվություններից, որ բնականաբար, պետք է կրեր երկրի որպես ղեկավար ներկայացող կամ ղեկավարի աթոռը զբաղեցնող անձ», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:

Օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ հրապարակած ուղերձում Նիկոլ Փաշինյանը պնդել է՝ եթե զիջումների գնար, գուցե Հայաստանը պետականությունը կորցներ. «Ի վերջո, ինչո՞ւ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի»:

44-օրյա պատերազմից 5 տարի անց իր այս նոր բացատրությունը Փաշինյանը որևէ կերպ չի բացատրում. զիջումների գնալով ինչպե՞ս էր Հայաստանը կորցնելու անկախությունը, առանց հազարավոր զոհերի առաջարկվող պայմաններին համաձայնելն այդ ինչպե՞ս էր անհամաչափորեն մեծացնելու եղած բոլոր սպառնալիքները: Այս հարցերին վարչապետը չի անդրադարձել:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը նշում է՝ Փաշինյանի պնդումները հակասում են նախորդ տարիներին արված իր հայտարարություններին:

«Ինչպես Արցախի ապագայի, 44-օրյա պատերազմի, այնպես էլ հայ ժողովրդի վերջին 35 տարիների, ամբողջ ղարաբաղյան պայքարի մասին: Սեփական հանցանքները և զանցանքները կոծկելու փորձերն այնքան իրարամերժ են դարձնում, որ համատեղելով իր նախորդ բոլոր հայտարարությունները կարելի է մի ամբողջ հաստափոր քրեական գործ ուղղակի ձևակերպել ու վերջացնել», - ասաց Մանուկյանը:

Ի՞նչ բացատրություններ ու պարզաբանումներ էր տալիս վարչապետը նախորդ տարիներին. զիջումների ու պետականության հնարավոր կորստի միջև կապի մասին Փաշինյանը երբեք չի խոսել: Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից. այս հարցադրումն առաջին անգամ վարչապետն արեց 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ Ազգային ժողովի ամբիոնից. երկընտրանքն, ասում էր, հետևյալն էր՝ կա՛մ հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից, կա՛մ ստանալ պատերազմ:

«Պիտի անեինք մի բան՝ համաձայնեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, եթե ոչ ինքնավար մարզ.... ինքնավար մարզ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել», - հայտարարել էր Փաշինյանը:

Այն ժամանակ դահլիճից «ոչ» վանկարկումներ հնչեցին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG