18-ամյա Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը, որ արդեն 5-րդ տարին է անցկացնում որդու փնտրտուքով, դժգոհ է Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ երեկվա հանդիպումից:
Ժամեր շարունակված ցույցից հետո միայն բարձրաստիճան զինվորականի սենյակ հասած հայրը պնդում է՝ պատասխանները չեն բավարարել իրենց:
«Իրենց պատասխանները մեզ չեն բավարարել, այսինքն, գիտեք ոնց, չի էլ կարա ինչ-որ մի պատասխան բավարարի, մինչև մեր երեխեքի տեղը չասեն, սկսենք դրանից։ 2-րդը՝ էն հարցերը, որոնք տվել ենք, մենք լիարժեք պատասխան չենք ստացել. լղոզված, չիմացված, այ տենց պատասխաններ ենք ստացել», - ասում է անհետ կորած Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը:
«Նախարարության հետ հետագա հանդիպումների պայմանավորվածություն է ձեռք բերվել»
Տարիներ շարունակ հարազատների մասին տեղեկություն փնտրող հարազատներին նախորդ շաբաթ՝ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը, խոստացել էին ղեկավարության հետ հանդիպում կազմակերպել: Սակայն, երեկ՝ պայմանավորված ժամին, նրանք անակնկալի եկան, երբ պարզվեց, որ ոչ թե իրենց նախընտրած պաշտոնյաններին, այլ՝ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին միայն կարող են տեսնել: Հարազատները դժգոհում էին, թե նա անհետ կորածների խնդրից տեղյակ չէ. «Արման Սարգսյանին բազմիցս տեսել ենք։ Մեզ հետաքրքրում էր 3 կառույցի մարդիկ, 3 պաշտոնյա մարդիկ, որ էդ մարդկանց հարցեր ունենք տալու, մենք Արման Սարգսյանին հարց չունենք տալու, ախպեր, պրծնելով, քցելով ջեբներս չի, չի՞ կարելի, չէ՞․․․», - ասում է Պողոսյանը:
Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպումից, սակայն, անհետ կորած զինվորի հայրը տպավորությունն էր ստացել, որ նա էլ իրենց խնդրից տեղյակ չէր. «Բովանդակությունը ես տենց եմ հասկացել, որ ինքը չի եղել ԳՇ պետը, շատ բաների էդ մարդը չի տիրապետում, բայց մեզ սենց ուղիղ ասեմ, հետաքրքիր չի՝ ԳՇ պետն այդ ժամանակ ով է եղել»:
«Պիտի պատասխան տան՝ էդ էրեխեքին որտեղ են տարել». անհետ կորածի ծնող
Հանդիպման ներկա մեկ այլ անհայտ կորածի հարազատն էլ «Ազատությանը» հայտնել է, որ «նախարարության հետ հետագա հանդիպումների պայմանավորվածություն են ձեռք բերել»: Առայժմ, սակայն, հստակ չէ՝ կոնկրետ ում հետ, երբ և ինչ օրակարգով: Բացի ԳՇ պետից, հարազատները նաև հանդիպում էին պահանջում Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ, ով այժմ ծառայության է անցել Հայաստանի Զինված ուժերում:
«Էս մարդիկ մի օր պիտի պատասխան տան՝ էդ էրեխեքին որտեղ են տարել, որտեղից են տարել, ինչ պայմաններում են կորել, ոնց ա եղել՝ կռիվ են արել, կռիվ չեն արել: Էդ իրանք սաղ պետք ա իմանան», - ասում է անհետ կորած զինվորի հարազատը:
Երեկ ողջ օրվա ընթացքում անպատասխան թողնելով լրագրողների զանգերը՝ Պաշտպանության նախարարությունը այսօր առավոտյան է միայն հաղորդագրություն տարածել՝ տեղեկացրել, որ ԳՇ պետի հետ հանդիպումը շարունակվել է մի քանի ժամ ու ակնարկել, որ նախարարությունն ամեն ինչ արել է՝ անհետ կորածների հարազատներին ընդառաջելու համար:
«Ակցիայի մասնակիցների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»:
Երեկ՝ ՊՆ դարպասների մոտ կրքերը պարբերաբար սրվում էին, հարազատներին նյարդայնացնում էին հատկապես տարածքում ավելացող ոստիկանական ուժերը: Լարվածությունը երբեմն վերածվում էր քաշքշուկի:
Օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված Խաղաղության պայմանագրի 9-րդ կետով կողմերը պարտավորվում են համագործակցել անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցով, փոխանակվել տեղեկություններով:
Օրեր առաջ Բաքվում էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, մինչև օրս, սակայն, պաշտոնապես չի հաղորդվել՝ արդյո՞ք անհետ կորած ու գերեվարված անձանց վերաբերյալ քննարկում եղել է, թե ոչ: