Պաշտպանության նախարարությունից պնդում են՝ «զորակոչիկի նախաձեռնությամբ բժշկական հետազոտություն անցնելն արգելող կամ հնարավորությունը սահմանափակող որևէ իրավական ակտ չկա»:
«Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան նշել են՝ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի եզրակացության հետ անհամաձայնություն ունենալու դեպքում զորակոչիկները կարող են սեփական միջոցներով բժշկական կենտրոններում հետազոտությունն անցնել:
Մինչդեռ զորակոչիկների խնդիրներով զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում են՝ զորակոչիկները, եթե չեն ընդունում զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի եզրակացությունն իրենց առողջական վիճակի մասին, անկախ բժշկական հետազոտություն անցնելու հնարավորություն չունեն։ Բժշկական հաստատությունները հրաժարվում են զորակոչային տարիքի երիտասարդներին ստուգել՝ նշելով, թե «վերևից հրահանգ ունեն», ասում է փորձագետ Նազելի Մովսեսյանը։
«Այսինքն, զորակոչիկը երբ որ անհամաձայնություն է ունենում իր առողջական վիճակի հետազոտման ակտի հետ և ցանկանում է ի՛ր միջոցով հետազոտվել, բժշկական հաստատությունները, ակնհայտ վախենալով տարբերվող ախտորոշում տալուց, միանգամից հրաժարվում են հետազոտել՝ հղում անելով ինչ-որ որոշման, որ ունեն հրաման՝ չհետազոտելու զորակոչային տարիքի անձանց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մովսեսյանը:
Պաշտպանական գերատեսչությունից հերքում են` որևէ նման հրաման չկա, և սահմանափակում լինել չի կարող:
«Բժշկական փորձաքննության ընթացքում հանձնաժողովները գնահատում են նաև զորակոչիկների կողմից ներկայացված՝ սեփական նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների տվյալները: Եթե այդ տվյալներն էապես տարբերվում են զինկոմիսարիատի ուղեգրով իրականացված հետազոտությունների տվյալներից և կարող են բերել նրանց պիտանելիության վերաբերյալ կայացված կամ կայացվող եզրակացությունների փոփոխության, զորակոչիկները նշված հանձնաժողովների եզրակացության հիման վրա ուղեգրվում են լրացուցիչ հետազոտության, և նրանց պիտանելիության վերաբերյալ վերջնական եզրակացություն կայացվում է անհրաժեշտ բոլոր հետազոտությունների տվյալներն ստանալուց հետո», - փոխանցում են նախարարությունից:
Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը կոնկրետ օրինակներ է բերում: Անցած ամիս ավարտված զորակոչի ընթացքում բազմաթիվ դիմումներ են ունեցել այն մասին, որ բուժհաստատություններում մերժել են հետազոտել զորակոչիկին:
«Այսինքն՝ ունենում ենք մի իրավիճակ, երբ զինվորական բժշկական հանձնաժողովի հետազոտությունների արդյունքները զորակոչիկին չեն գոհացնում, բայց ինքը հնարավորություն չունի այլ հետազոտության արդյունքներ ներկայացնել, այն դեպքում, երբ զինկոմիսարիատում հորդորում են իրեն գնալ, իր միջոցներով հետազոտվել ու բերել այդ արդյունքները», - ասում է իրավապաշտպանն ու պնդում՝ խնդիրը համակարգային է:
«Նույնիսկ չեն ասում ինչ-որ կոնկրետ հրաման, ասում են, որ հրահանգված է զորակոչային տարիքի անձանց չհետազոտել առանց ուղեգրի: Կարող ենք ենթադրել, որ կա ներքին համաձայնություն, որովհետև այլ բանի մասին դա չի խոսում», - ընդգծեց Մովսեսյանը:
«Ազատությանը» դիմած ծնողներից մեկն էլ, որ չցանկացավ ներկայանալ, ասաց՝ անգամ եթե հաջողվում է բուժհաստատություններում ստուգվել սեփական նախաձեռնությամբ, տվյալները չհամընկնելու դեպքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովը վերջնական որոշում կայացնելիս որպես կանոն հիմք է ընդունում իր ուղեգրումով փորձաքննություն կատարած բուժհաստատության եզրակացությունը: Ընդ որում, ծնողը նշում է, որ տարբեր բուժհաստատություններում ուղեգրումով հետազոտության արդյունքներն էլ հաճախ տարբերվում են, անգամ՝ տեսողական խնդիրների դեպքում, ինչը կասկածի տակ է դնում դրանց հիման վրա կայացված որոշումները:
Օրերս «Ազատություն»-ն անդրադարձել էր բանակ զորակոչված մի զինծառայողի պատմության, երբ մայրն ահազանգում էր՝ մտավոր հետամնացություն և վարքային խանգարումներ ունեցող որդին չպիտի զորակոչվեր, բայց իր պնդումներն ու տղայի առողջական վիճակի մասին նախկին տեղեկանքները հաշվի չեն առնվել:
Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Կարեն Շաքարյանի դեպքում հաշվի առնելով բժշկական եզրակացությունների տարբերվող տվյալները, զորակոչի ընթացքում նրան ևս լրացուցիչ հետազոտության են ուղարկել, և հոգեկան առողջության կենտրոնից ստացված տվյալներով՝ Կարենը ենթակա է եղել զինվորական ծառայության՝ սահմանափակումներով:
Մինչդեռ Կարենի խնդիրներին քաջատեղյակ իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը հարց է բարձրացնում՝ այդ ինչպե՞ս է պատահել, որ 18 տարի զորակոչի համար անընդունելի խնդիրներ ունեցող տղայի առողջական վիճակը փոխվեց զորակոչից առաջ: Մինչ այդ նա վարքային խանգարումներ է ունեցել, սակայն զորակոչից առաջ հոգեկան առողջության կենտրոնի տված արդյունքներով՝ դրանք վերացել են:
Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրել են, որ այս պահին Կարենը բուժում է ստանում Զանգեզուրի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժամունքում: Մայրը՝ Գայանե Շաքարյանն ասաց՝ տղան թոքաբորբով է հիվանդացել: