Կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարողականի քննարկումներն այսօր ևս վերածվեցին փոխադարձ մեղադրանքների ու վիճաբանության: Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ընթացքում նիստը վարող խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախ վիճեց դաշնակցական Արթուր Խաչատրյանի, ապա վեճը շարունակեց Արծվիկ Մինասյանի հետ:
Իշխանական պատգամավորներն այսօր իրենց ելույթներում փորձում էին ցույց տալ, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել Փաշինյանի իշխանությունն անցած 7 տարիների ընթացքում, թոշակները ու աշխատավարձերը որքան են բարձրացրել, բյուջեի եկամուտները քանի միլիարդ դոլարով են ավելացել: Ընդդիմությունը հակադարձում էր՝ Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում Արցախի ու Հայաստանի տարածքային կորուստները, հարկերի բարձրացումը, կյանքի թանկացումն ու պետական պարտքի ավելացումը օրինակ բերելով:
«Ավելացել է հացի գինը 35 տոկոսով, մակարոնը՝ 490-ից դառնալով 740 դրամ, մրգի գները տեսե՞լ եք: Տրանսպորտը 50 տոկոսով է թանկացել: Ու թող ասի՝ հիմա ինքն ավելի շա՞տ բան է կարողանում առնել իր աշխատավարձով, թե՞ 3 տարի առաջ», - հարցրեց Քրիստինե Վարդանյանը:
Նրան արձագանքեց ՔՊ-ից Սիսակ Գաբրիելյանը. «Խոսեցիք մակարոնի գնից, բայց էլի վերջակետ դրեցիք ու չշարունակեցիք: Ասում եք՝ 5 տարի առաջ այլ գին էր, շատ լավ: 5 տարի առաջ Դուք՝ որպես պատգամավոր ստանում էիք 400 հազար դրամ աշխատավարձ: Մակարոնի գինը կարող է 50 տոկոս բարձրացել է, բայց Դուք չեք ասում, օրինակ, հանրությանը, որ նույն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Դուք այսօր 850 հազար դրամ աշխատավարձ եք ստանում: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ «Հայաստան» խմբակցության ցանկացած պատգամավոր, որ պատրաստ է ինձ տալ իր ավելացած 450 հազար դրամ աշխատավարձն ամեն ամիս, ես երաշխավորում եմ, որ իրեն և ամբողջ ընտանիքին կապահովեմ մակարոնով: Համաձա՞յն եք»:
Չշրջանցվեց նաև պաշտոնյաների ծառայողական մեքենաների կամ «պադավատների» հարցը: Իշխանական պատգամավորները վստահեցնում էին, թե ժամանակ առ ժամանակ կրճատում են դրանց թիվը: Սիսակ Գաբրիելյանն, ի դեպ, հակադարձելով իրենց հասեցին հնչող մեղադրանքներին, հորդորեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, որ նա էլ հրաժարվի իր ծառայողական մեքենայից: Ի պատասխան՝ պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկար շարասյան մասին, որը պարբերաբար խցանումներ է առաջացնում Երևանում:
«Կարող եմ հրաժարվել մեքենայից, եթե օրինակ՝ Ձեր կառավարության ղեկավարը հրաժարվի իր մեքենաների կեսից, որպեսզի ժողովուրդը երկար ժամանակ չսպասի, թե երբ է այդ մեքենաների կալոնան անցնելու, որ իրենք էլ անցնեն: Ես առաջարկում եմ այդ նույն բանն անել նաև ԱԺ ղեկավարության հետ», -ասաց Օհանյանը:
Սոցիալականից բացի, օրենսդիրները խոսեցին նաև անվտանգային խնդիրների մասին: Իշխանական պատգամավորները փորձում էին ցույց տալ, թե ինչ կարևոր քայլեր են արվել երկրի անվտանգությունը բարձրացնելու համար՝ խոսելով մասնակի սահմանազատման, շուրջ 3 տարի շարունակվող խաղաղության գործընթացի մասին: Ինչպես ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը ձևակերպեց, Հայաստանի քաղաքացին վերջապես մտածում է խաղաղության մասին:
«Ես վերջապես ունեմ սահման, որը ես ճանաչում եմ իմ հարևան պետության հետ: Վերջապես Հայաստանի քաղաքացին մտածում է խաղաղության մասին, մեր ժողովուրդը այլևս տեսնում է, որ մեր անվտանգության գիծը այլևս դիվանագիտությունն է վերցրել իր վրա, այսինքն՝ անվտանգությունը մի քայլ առաջ է գնացել», - նշեց նա:
Ընդդիմադիր պատգամավորները մինչդեռ իշխանությանը հիշեցնում էին Տավուշի հատվածում 4 գյուղ Ադրբեջանին հանձնելու, Շուռնուխ գյուղի կեսը Ադրբեջանին տալու, Սահմանադրությունը Ալիևի պահանջով փոխելու Փաշինյանի պատրաստակամության մասին:
«Սյունիքն էլ տաք, 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի», - նշեց Քրիստինե Վարդանյանը, - «Դուք Ալիևի ծրագրերի հայաստանյան ռեբրենդինգ իրականացնող ֆիլիալն եք, ձեր իրական Հայաստանը Ադրբեջանի Արևմտյան Ադրբեջանն է»:
Կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի քննարումներն այսօր ավարտվեցին վարչապետի եզրափակիչ ելույթով, Նիկոլ Փաշինյանը խոսեց Ղարաբաղյան շարժումը «շարունակելու կործանարարության» և Ադրբեջանի հետ միասին խաղաղության նոր դարաշրջան բացելու մասին: