Վլադիմիր Պուտինը չմեկնեց Ստամբուլ՝ մասնակցելու ռուս - ուկրաինական ուղիղ բանակցություններին, փաստացի մերժելով Ուկրաինայի նախագահի հանդիպման առաջարկը: Փոխարենը, ռուսական պատվիրակությունը ղեկավարում է նախագահի օգնական, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին, պատվիրակության կազմում կան նաև փոխնախարարներ: Կողմերը վերջին անգամ դեմ առ դեմ բանակցել էին կրկին Ստամբուլում՝ 2022-ի մարտին:
Այսօրվա հանդիպումը նախատեսված էր կեսօրին մոտ, սակայն տեղափոխվեց օրվա երկրորդ կես, թեև կոնկրետ ժամ չի նշվել: Մեդինսկին հայտարարել է, որ Ստամբուլում են ու պատրաստ են քննարկել հնարավոր փոխզիջումները։ Կրեմլի խոսնակն էլ ասել է՝ ռուսական պատվիրակությունն առավոտից սպասում է ուկրաինացիներին, որոնք դեռ չեն եկել հանդիպման վայր՝ Դոլմաբահչեի պալատ:
«Ստամբուլում է ռուսական պատվիրակությունը, որը սպասում է ուկրաինական կողմին, որը դեռ այնտեղ չէ», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
Ավելի ուշ ռուսական պատվիրակությունը գնացել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն, որտեղ հրավիրած ասուլիսին Մեդինսկին հայտարարել է՝ ուղիղ բանակցությունների նպատակն է, որ վաղ թե ուշ կարողանան հասնել երկարաժամկետ խաղաղության՝ վերացնելով հակամարտության գլխավոր պատճառները: Նա նաև ասել է, որ Մոսկվան այս բանակցությունները դիտարկում է որպես Ստամբուլում տեղի ունեցած խաղաղության գործընթացի շարունակություն, որն ընդհատվել էր երեք տարի առաջ, ապա հավելել, որ այս պատվիրակությունն իրավասու է որոշումներ կայացնել:
«Մեր պաշտոնական պատվիրակությունը հաստատվել է նախագահի հրամանագրով, և այն ունի բոլոր անհրաժեշտ իրավասություններն ու լիազորությունները բանակցություններ վարելու համար», - ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը:
Այսօր Անկարայում Թուրքիայի նախագահի հետ հանդիպել է Ուկրաինայի նախագահը: Հանդիպումից առաջ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Ռուսաստանին՝ ասելով, որ Ստամբուլ ուղարկված պատվիրակությունը «բուտաֆորիա» է: Հանդիպումից հետո էլ հրավիրած ասուլիսին ասել է, որ Ուկրաինան պաշտպանության նախարարի գլխավորությամբ պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ բանակցելու ռուսական կողմի հետ:
Զելենսկին նշել է, որ Պուտինի հետ նախատեսված հանդիպումը կարող են բաց թողնել, եթե Ստամբուլում հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերվի։ Նա նաև ասել է, որ նման ցածր մակարդակի պատվիրակություն ուղարկելով՝ Ռուսաստանն անհարգալից է վերաբերվում ոչ միայն Ուկրաինային, այլև Միացյալ Նահանգներին և Թուրքիային:
«Ո՛չ հանդիպման օրակարգ կա, ո՛չ բարձր մակարդակի պատվիրակություն, դա անհարգալից վերաբերմունք է ... Նրանք չեն հարգում Էրդողանին, չեն հարգում Թրամփին», - պնդել է Զելենսկին:
ԱՄՆ նախագահն այս ֆոնին հայտարարել է, որ ուրբաթ օրը կարող է մեկնել Ստամբուլ, եթե այսօրվա բանակցություններում առաջընթաց գրանցվի։ Կատար այցի ժամանակ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի ինչ-որ արդյունք գրանցել:
«Եթե ինչ-որ բան տեղի ունենա, ես կգնամ ուրբաթ օրը, եթե դա նպատակահարմար լինի։ Նրանք հիմա բանակցում են։ Պարզապես հույս ունեմ, որ Ուկրաինան և Ռուսաստանը կկարողանան ինչ-որ բան անել», - ասել է Թրամփը:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահն ընդգծել է, թե հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է, որ ինքն անձամբ հանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, այլապես ոչինչ չի ստացվի։
Այս ֆոնին Անթալիայում այսօր անցկացվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումից առաջ ասել է, որ բանակցություններում առաջընթաց են ակնկալում առաջիկա օրերին: Մարկո Ռուբիոն նշել է, որ նախագահ Թրամփը բաց է ցանկացած մեխանիզմի, որն արդար խաղաղության կտանի: Խնդրի կարգավորումը բարդ է, բայց այն կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով, ասել է նա:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով», - պնդել է Ռուբիոն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ ասել է, որ ամեն կերպ կօգնեն, որպեսզի դադարեցնեն պատերազմը և հասնեն երկարատև և կայուն խաղաղության։ Մարկ Ռյուտեն նշել է՝ Ուկրաինան բազմիցս է ապացուցել, որ ցանկանում է հրադադար հաստատել և պատրաստ է բանակցել, և հիմա գնդակը Ռուսաստանի դաշտում է:
«Ուկրաինան պատրաստ է հրադադարի և անհապաղ բանակցությունների։ Դա միանգամայն պարզ է։ Գնդակն այժմ ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է։ Նրանք պետք է բացատրեն, թե ինչ են անում, ինչու են այստեղ կամ ինչ թիմով», - ասել է Ռյուտեն:
Բանակցությունների նախօրեին Ռուսաստանը շարունակել է Ուկրաինայի վրա անօդաչուներով հարձակումները: Տուժել են Սումիի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Կիևի մարզերը։ Ռուսական զինուժը հաղորդել է, որ Դոնեցկում ևս մեկ բնակավայր է վերցրել: