Ամերիկյան R.E.M. ռոք խումբը թողարկել է 1981 թվականի Radio Free Europe անվանումով իր հիթի ռեմիքս տարբերակը, որը կօգտագործվի «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիակորպորացիայի աջակցությանն ուղղված դրամահավաքի համար։ Աշխարհահռչակ խումբը սինգլի հատուկ վերաթողարկման մասին հայտարարել է վաղը նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախաշեմին` իր այդ նախաձեռնությունը նվիրելով «Ազատություն» ռադիոկայանի 75-ամյակին։
«Սա նվազագույնն է, որ մենք կարող էինք անել խոսքի ազատությանը և հատկապես որակյալ լրագրությանն աջակցելու համար», - հայտարարել է խմբի վոկալիստ և համահիմնադիր Մայքլ Սթայփը։
«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրողներին բռնապետները տանել չեն կարողանում 75 տարի շարունակ», - ասել է խմբի բասիստ Մայք Միլսը և հավելել․ - «Դուք գիտեք, որ ճիշտ եք աշխատում, երբ նման թշնամիներ եք ձեռք բերում։ Շնորհավոր Մամուլի ազատության համաշխարհային օրը, «Ազատ Եվրոպա» ռադիոկայան»:
«Ի նշան խորը աջակցության և համերաշխության՝ խումբն իր նոր թողարկման և դրան առնչվող ապրանքների վաճառքից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերում է «Ազատություն» ռադիոկայանին: Խմբի անդամները և նրանց ղեկավարությունը ցանկանում էին իրենց ներդրումն ունենալ մեր գործում, և նրանք դա արեցին իրապես ստեղծագործ ձևով, որն արտացոլում է նրանց հավատը մեր առանցքային առաքելության նկատմամբ», - հայտարարել է մեդիակորպորացիայի նախագահ Սթիվեն Կապուսը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) միջոցով:
Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը 7 դաշնային գործակալություններ կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև USAGM-ն է։ Հրամանագրի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»:
«Ազատություն»-ը USAGM-ի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով կանխել Կոնգրեսի կողմից «Ազատությանը» տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու գործակալության փորձերը։ Լրատվամիջոցը պնդում է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ: