Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ավելի քան մեկուկես տարի Բաքվում բանտարկված հորն ու մյուս 22 հայ գերիներին ազատ արձակելու խնդրանքով։ Կրտսեր Վարդանյանի հոդվածը՝ «Հայրս ավելի քան 550 օր բանտում է պարզապես քրիստոնյա լինելու համար» վերնագրով հրապարակել է ամերիկյան FoxNews-ը:
«Ես և իմ ընտանիքը հույս ունենք, որ Դոնալդ Թրամփը՝ որպես խաղաղության նախագահ, կկատարի իր հանձնառությունը: Նա կարող է դա անել՝ Բաքվի ռեժիմին հասկացնելով, որ պետք է հետևել միջազգային կանոններին և ցույց կտա իր հավատարմությունը Կովկասում խաղաղությանը՝ ազատ արձակելով հորս ու մյուս հայ բանտարկյալներին», - նշել է նա։
Դավիթ Վարդանյանը հիշեցրել է՝ մինչ նախագահը դառնալը Թրամփը նախընտրական քարոզչության ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածված քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին։
Դոնալդ Թրամփն անցած հոկտեմբերին քննադատել էր իր դեմոկրատ մրցակից, այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին՝ մեղադրելով, որ նա ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից։
«Նրա ազգային հարցերով անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցը նույնպես կոչ է արել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին: Հենց այսպիսի աջակցությունն ու ճնշումն է, որ, ի վերջո, կհաղթանակի», - գրել է կրտսեր Վարդանյանը։
Արցախի նախկին պետնախարարի որդին հայտարարել է, որ հայրը քաղբանտարկյալ է դարձել՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց նախնիների հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու համար»։
«Ավելի մտահոգիչ է այն, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գնահատմամբ՝ Ադրբեջանում այժմ պահվում է նաև ավելի քան 300 քաղբանտարկյալ, որոնց թիվը վերջին ամիսներին ընդլայնվել է՝ ներառելով ավելի շատ հայ և ադրբեջանցի իրավապաշտպաններ, լրագրողներ և ակտիվիստներ», - ընդգծել է նա։
Ռուբեն Վարդանյանի թիմակից, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հավատում է՝ ԱՄՆ նոր վարչակազմը կարող է ազդցեցություն ունենալ Բաքվի ռեժիմի վրա և ունի ցանկություն նպաստելու հայ գերիների ազատ արձակմանը: Թանդիլյանը ևս հիշեցրեց՝ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ Թրամփի ազգային անվտանգության արդեն նախկին խորհրդականի կոչը. «Դա այն երկիրն է, և այն վարչախումբն է ԱՄՆ-ում իշխանության, որը խաղաղության, մարդասիրության ջատագով է»:
Ընդդիմադիր գործիչը քննադատեց Հայաստանի իշխանություններին գերիներին ազատ արձակելու համար անհրաժեշտ քայլեր չիրականացնելու համար։
Երևանը խուսափում է հրապարակավ ասել, թե կոնկրետ ինչ է անում՝ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Իշխանության ներկայացուցիչներն այդ պահվածքը պատճառաբանում են գերիներին վնաս չտալու միտումով: Հայաստանի կառավարությունը հայ ռազմագերիների հարցով դեռ 2023-ին հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, դրա քննությունը դեռ ընթանում է: Բայց Երևանն ու Բաքուն միաժամանակ համաձայնել են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ետ կանչել իրար դեմ ներկայացված միջազգային հայցերը:
Բաքվի Բանտում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղական ղեկավարությունը։ Նրանց դատավարությունը տարեսկզբին մեկնարկեց: Արցախի նախկին նախագահների ու մյուս պաշտոնյաների դատավարությունից առանձին ընթանում է Ռուբեն Վարդանյանի դատաքննությունը։
Վարդանյանը, որը Արցախի պետնախարար է եղել ընդամենը երեքուկես ամիս ու երբեք չի համակարգել ռազմական ոլորտը, մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչ ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։
Առանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների ներկայության ընթացող դատական նիստերը պետական «Ազերթաջ»-ն է լուսաբանում՝ այն էլ հատվածական ներկայացնելով քննությունը։ Լրատվամիջոցը պարբերաբար գերիներին վերագրվող մեջբերումներ է անում, սակայն դրանց իսկությունը ճշտել հնարավոր չէ։ Օրինակ, գերության մեջ գտնվող Դավիթ Բաբայանը ընտանիքի հետ զրույցի ընթացքում օրերս հերքել էր «Ազերթաջ»-ի տեղեկությունը, թե իբր ինքը «հայերին է համարել Խոջալուի դեպքերի կազմակերպիչ»: