Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Բելառուսը զորավարժություններ են սկսել ՆԱՏՕ-ի սահմանի մոտ՝ Լեհաստանի տարածք ԱԹՍ-ների ներխուժումից հետո


Ռուսաստանի և Բելառուսի անցկացրած զորավարժությունները, արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Բելառուսի անցկացրած զորավարժությունները, արխիվային լուսանկար

Ուկրաինայի նախագահը Կիևում երեկ ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին: Հանդիպումը տեղի է ունենում օրեր առաջ Լեհաստանի օդային տարածք ռուսական անօդաչուների ներխուժման ֆոնին, որը լրջորեն մտահոգել է ողջ Եվրոպային:

Վլադիմիր Զելենսկին և Քիթ Քելլոգը քննարկել են Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հետագա ուղիները, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի գնման ու անօդաչուների համատեղ արտադրությանն առնչվող հարցեր: «Հուսով ենք՝ ԱՄՆ-ից դրական արձագանք ստանալ»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը երեկ անդրադառնալով Լեհաստան ռուսական անօդաչուների ներխուժմանը, դաշնակիցներին կոչ է արել վերանայել իրենց օդային պաշտպանությունը:

Patriot համակարգերով Լեհաստանը չի կարող պայքարել «Շահեդ» անօդաչուների դեմ, ասել է նա, ապա հավելել՝ Ուկրաինան մեծ փորձ ունի ռուսական անօդաչուների դեմ պայքարում և պատրաստ է օգնել Լեհաստանին ու կիսվել փորձով:

«Մենք բաց ենք և պատրաստ օգնել ... մեր պաշտպանության նախարար Ալեքսանդր Սիրսկին կապի մեջ է Լեհաստանի զինված ուժերի հրամանատարի հետ... Այնպես, որ հաջորդ քայլերը տեխնիկական են», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Այսօր արդեն Կիև է այցելել Լեհաստանի արտգործնախարարը: Ռադոսլավ Սիկորսկին ասել է, որ կքննարկեն ընդհանուր անվտանգության, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, ինչպես նաև Մոսկվայի վրա ճնշումն ավելացնելուն վերաբերող հարցեր:

Անվտանգության համար Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին 40 հազար զինվորական կտեղակայվի

Լեհաստանի տարածք ռուսական անօդաչուների ներխուժման հետևանքով առաջացած լարվածության ֆոնին Ռուսաստանը և Բելառուսն այսօր սկսել են «Զապադ 2025» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 16-ը: Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ զորավարժությունների ընթացքում անվտանգության նկատառումներով մոտ 40 հազար զինվորական կտեղակայի Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին:

«Պետք է հիշել, որ «Զապադ-2025»-ը հարձակողական վարժանք է։ Ուկրաինայում պատերազմը սկսվեց ռուսական այսպիսի վարժանքներով, ինչպես նաև Վրաստանի դեմ ագրեսիան։ Այս առումով լեհական բանակը պատրաստվում էր դրան։ Առաջիկա օրերին սահմանին մոտ 40 հազար զինվոր կլինի», - ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Ցեզարի Տոմչիկը:

Ցեզարի Տոմչիկը հավելել է՝ Լեհաստան ռուսական անօդաչուների ներխուժումը ևս կապված էր այս զորավարժությունների հետ։

ԱՄՆ նախագահը, անդրադառնալով Լեհաստան ռուսական անօդաչուների ներխուժմանը, ասել է, որ գուցե դա սխալմունք է եղել:

«Հնարավոր է, որ սխալմունք է եղել։ Բայց անկախ դրանից, ես գոհ չեմ այդ ամբողջ իրավիճակի հետ կապված որևէ բանից։ Բայց հուսով եմ, որ դրան վերջ կդրվի», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Լեհաստանի վարչապետը հակադարձել է՝ հայտարարելով, որ դրանում որևէ սխալմունք չկար: Դոնալդ Տուսկը շեշտել է՝ Վարշավան ևս կցանկանար, որ այդ հարձակումը սխալմունք լիներ, սակայն դա այդպես չէ, ապա հավելել, որ սա է այն ուղերձը, որ պետք է հասնի ԱՄՆ նախագահին:

«Մենք չենք կարծում, որ Ռուսաստանն է կանգնած է այս սադրանքի հետևում, մենք դա հաստատ գիտենք ... Հուսով եմ՝ մեր դաշնակիցներից ոչ մեկը չի ձևացնի, թե ոչինչ չի պատահել, որովհետև դա իսկապես տեղի է ունեցել», - ասել է Լեհաստանի վարչապետը։

Շվեդիան հայտարարում է՝ Կիևին լրացուցիչ մոտ 7.5 մլն դոլար ռազմական աջակցություն կտրամադրեն

Ու մինչ Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են, թե ինչպես ուժեղացնեն իրենց անվտանգությունը, իսկ Լեհաստանի վարչապետը մեղադրում է Ռուսաստանին իր օդային տարածք ներխուժելու համար, Շվեդիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջիկա երկու տարիներին Ուկրաինային լրացուցիչ մոտ 7.5 մլն դոլար ռազմական աջակցություն կտրամադրեն: Փոլ Յունսոնը հավելել է, որ Ստոկհոլմը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նաև Լեհաստանին լրացուցիչ աջակցություն ցուցաբերել:

Այս ընթացքում իրավիճակը ուկրաինական ճակատում մնում է լարված: Սումիում ռուսական հարվածից երկու մարդ է զոհվել: Ուկրաինական հարվածից Պրիմորսկի նավահանգստում նավթատար նավ է հրդեհվել: Ռուսաստանի մի քանի քաղաքներում օդանավակայանները կասեցրել են աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG