Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Բելառուսը զորավարժություններ են սկսել ՆԱՏՕ-ի սահմանի մոտ՝ Լեհաստանի տարածք ԱԹՍ-ների ներխուժումից հետո


Ռուսաստանի և Բելառուսի անցկացրած զորավարժությունները, արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Բելառուսի անցկացրած զորավարժությունները, արխիվային լուսանկար

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի նկատմամբ իր համբերությունը սպառվում է։ «Այն կարծես թե սպառվում է և արագ է սպառվում», - Fox News-ին տված հարցազրույցում ասել է Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը հնչում է օրերս Լեհաստանի օդային տարածք ռուսական անօդաչուների ներխուժման և Ուկրաինայում հրադադար հաստատելու անհաջող փորձերի ֆոնին:

Մինչ այդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Կիևում Ուկրաինայի նախագահի հետ քննարկել էր Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հետագա ուղիները, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի գնման ու անօդաչուների համատեղ արտադրությանն առնչվող հարցեր:

Զելենսկին, երեկ անդրադառնալով Լեհաստան ռուսական անօդաչուների ներխուժմանը, դաշնակիցներին կոչ է արել վերանայել իրենց օդային պաշտպանությանը: Patriot-ներով Լեհաստանը չի կարող պայքարել «Շահեդ» անօդաչուների դեմ, ասել է նա, ապա հավելել՝ Ուկրաինան մեծ փորձ ունի ռուսական անօդաչուների դեմ պայքարում և պատրաստ է Լեհաստանի հետ կիսվել իր փորձով. «Մենք բաց ենք և պատրաստ օգնել ... մեր պաշտպանության նախարար Ալեքսանդր Սիրսկին կապի մեջ է Լեհաստանի զինված ուժերի հրամանատարի հետ... Այնպես, որ հաջորդ քայլերը տեխնիկական են», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Այսօր արդեն Կիև է այցելել Լեհաստանի արտգործնախարարը: Ռադոսլավ Սիկորսկին ասել է, որ կքննարկեն ընդհանուր անվտանգության, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, ինչպես նաև Ռուսաստանի վրա ճնշումն ավելացնելուն վերաբերող հարցեր: Այս հարցը ուկրաինական իշխանությունների հետ կքննարկի նաև Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Իվետ Քուփերը, որն այսօր ևս այցելել է Կիև՝ առաջին անգամ այս պաշտոնում:

Անվտանգության համար Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին 40 հազար զինվորական կտեղակայվի

Լեհաստանի տարածք ռուսական անօդաչուների ներխուժման հետևանքով առաջացած լարվածության ֆոնին Ռուսաստանը և Բելառուսն այսօր սկսել են «Զապադ 2025» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 16-ը: Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ զորավարժությունների ընթացքում անվտանգության նկատառումներով մոտ 40 հազար զինվորական կտեղակայեն Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին:

«Պետք է հիշել, որ «Զապադ-2025»-ը հարձակողական վարժանք է։ Ուկրաինայում պատերազմը սկսվեց ռուսական այսպիսի վարժանքներով, ինչպես նաև Վրաստանի դեմ ագրեսիան։ Այս առումով լեհական բանակը պատրաստվում էր դրան։ Առաջիկա օրերին սահմանին մոտ 40 հազար զինվոր կլինի», - ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Ցեզարի Տոմչիկը:

Ցեզարի Տոմչիկը հավելել է՝ Լեհաստան ռուսական անօդաչուների ներխուժումը ևս կապված էր այս զորավարժությունների հետ։

Ֆրանսիան իր հերթին հայտարարել է, որ երեք կործանիչ կտեղակայի Լեհաստանի օդային տարածքը պաշտպանելու համար:

ԱՄՆ նախագահը, անդրադառնալով Լեհաստան ռուսական անօդաչուների ներխուժմանը, ասել է, որ գուցե դա սխալմունք է եղել:

«Հնարավոր է, որ սխալմունք է եղել։ Բայց անկախ դրանից, ես գոհ չեմ այդ ամբողջ իրավիճակի հետ կապված որևէ բանից։ Բայց հուսով եմ, որ դրան վերջ կդրվի», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Լեհաստանի վարչապետը հակադարձել է՝ հայտարարելով, որ դրանում որևէ սխալմունք չկար: Դոնալդ Տուսկը շեշտել է՝ Վարշավան ևս կցանկանար, որ այդ հարձակումը սխալմունք լիներ, սակայն դա այդպես չէ, ապա հավելել, որ սա է այն ուղերձը, որ պետք է հասնի ԱՄՆ նախագահին:

«Մենք չենք կարծում, որ Ռուսաստանն է կանգնած է այս սադրանքի հետևում, մենք դա հաստատ գիտենք ... Հուսով եմ՝ մեր դաշնակիցներից ոչ մեկը չի ձևացնի, թե ոչինչ չի պատահել, որովհետև դա իսկապես տեղի է ունեցել», - ասել է Լեհաստանի վարչապետը։

Մոսկվան մեղադրում է Եվրոպային

Ու մինչ Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են, թե ինչպես ուժեղացնեն իրենց անվտանգությունը, իսկ Լեհաստանի վարչապետը մեղադրում է Ռուսաստանին իր օդային տարածք ներխուժելու համար, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է Ուկրաինայում հեռահար հրթիռների վառելիքի արտադրություն հիմնելու Դանիայի որոշումը: Ըստ Մարիա Զախարովայի՝ դա կմեծացնի իրավիճակի սրման ռիսկերը և կհանգեցնի Ուկրաինայում ավելի շատ արյունահեղության։

Կրեմլի խոսնակն իր հերթին է մեղադրել Եվրոպային՝ հավելելով, որ ռուս-ուկրաինական բանակցություններում հիմա դադար է. «Ռուսական կողմը պահպանում է պատրաստակամությունը՝ հետևելու խաղաղ երկխոսության և իրավիճակը կարգավորելու խաղաղ ուղիներ փնտրելու ճանապարհին։ Սակայն այն, որ եվրոպացիները խոչընդոտում են դրան, իսկապես այդպես է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ԵՄ-ն ևս վեց ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Շվեդիան հայտարարել է, որ առաջիկա երկու տարիներին Ուկրաինային լրացուցիչ մոտ 7.5 մլն դոլար ռազմական աջակցություն կտրամադրի, անհրաժեշտության դեպքում՝ նաև Լեհաստանին:

ԵՄ երկրներն իրենց հերթին համաձայնել են ևս վեց ամսով երկարաձգել ռուսաստանցի ավելի քան 2500 անհատի և կազմակերպության, այդ թվում՝ նախագահ Պուտինի նկատմամբ պատժամիջոցները։ Մեծ Բրիտանիան էլ ընդլայնել է պատժամիջոցների իր ցանկը՝ ներառելով ևս երեք ֆիզիկական և 27 իրավաբանական անձի:

Այս ընթացքում իրավիճակը ուկրաինական ճակատում մնում է լարված: Սումիում ռուսական հարվածից երկու մարդ է զոհվել: Ուկրաինական հարվածից Պրիմորսկի նավահանգստում նավթատար նավ է հրդեհվել: Ռուսաստանի մի քանի քաղաքներում օդանավակայանները կասեցրել են աշխատանքը:

XS
SM
MD
LG