Մատչելիության հղումներ

Սաֆրաստյան. Թուրքիայի համար կարևոր է, որ հայ - ադրբեջանական պայմանագիրը հնարավորինս արագ ստորագրվի


Ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Հայաստանի վարչապետի՝ վաղը Թուրքիա կատարելիք այցը չունի սկզբունքային կարևոր նշանակություն հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման տեսակետից, «բայց կարևոր կարող է լինել, որ երկու երկրների ղեկավարներն իրենց դիրքորոշումները արդեն մեկը մյուսին հայտնեն տետ ա տետ՝ դեմ դիմաց նստած»:

«Թուրքիան իր դիրքորոշումը չի փոխի, իսկ այդ դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակով՝ հենց նույն Էրդողանի կողմից, որ մինչև չստորագրվի հայ - ադրբեջանական պայմանագիր, Թուրքիայի կողմից որևիցե իրական քայլ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ չի կատարվի», - ընդգծեց Սաֆրաստյանը:

«Հետևաբար, վաղ է խոսել դիվանագիտական հարաբերությունների մասին», - այս դիտարկմանը թուրքագետն արձագանքեց. - «Վաղ է, իհարկե վաղ է, Թուրքիան կսպասի»:

«Վերջին պատերազմից հետո՝ 44 օրվա, Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում ուժեղացել են, Ռուսաստանինը թուլացել են: Հիմա քանի որ Թուրքիան շատ ավելի մեծ խնդիրների մեջ է ներգրավված, Հարավային Կովկասը իր համար չունի այնպիսի կարևոր նշանակություն, ինչպես առաջ էր, և այս տեսակետից, այս երկու հանգամանքները հաշվի առնելով, Թուրքիան հետևյալ դիրքորոշումն է որդեգրել՝ ապահովել, վավերագրել փաստաթղթային ձևով այն իրադրությունը, որ հիմա կա, այսինքն՝ Թուրքիայի դիրքերի ավելի ուժեղացում մեր տարածաշրջանում, զբաղվել այլ խնդիրներով՝ Սիրիա, հիմա արդեն՝ Մերձավոր Արևելք, ընդհանրապես, Իրան, և Թուրքիան հիմա ունի համաշխարհային ամբիցիաներ նաև, թողնել այս իրադրությունը այսպես, ինչպես որ կա, ստատուս քվոն պահպանել Հարավային Կովկասում, որը իրենց օգտին է ավելի, հետագայում, եթե հնարավորություն լինի, է՛լ ավելի իրենց դիրքերն ուժեղացնելու համար», - ասաց Սաֆրաստյանը:

Եվ այս տեսակետից, ըստ թուրքագետի, «Թուրքիայի համար կարևոր է, որ հայ - ադրբեջանական պայմանագիրը հնարավորինս արագ ստորագրվի, որ դրանով ֆիքսվի այդ նոր ստատուս քվոն, որ կա Հարավային Կովկասում»:

«Հետևաբար՝ ուռճացված չեն կանխատեսումները, որ գուցե Էրդողանը հենց այս օրակարգով է Փաշինյանին Անկարա հրավիրում», - սրան էլ Ռուբեն Սաֆրաստյանն արձագանքեց. - «Պետք է, ես կարծում եմ, Էրդողանը հորդորի, որ ավելի արագ այդ պայմանագիրը ստորագրվի, որովհետև իրենց շահերից է դա բխում՝ Թուրքիայի»:

Հարցին էլ՝ «նա ունի՞ այդ գործիքները այսօր Ալիևին ասելու՝ ստորագրիր», ակադեմիկոսը պատասխանեց. - «Իհարկե, Թուրքիայի քաշը և Ադրբեջանի քաշը անհամատեղելի են: Մյուս կողմից, իհարկե, նաև Թուրքիան չի ձգտում, որ Ադրբեջանի հետ որոշակի ինչ-որ հակասություններ լինեն: Դրա համար, ես կարծում եմ, Թուրքիան չի ձգտում լուրջ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, բայց հորդորում է»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.



XS
SM
MD
LG