«Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին այսօր «Արմավիր» բանտից տեղափոխել են Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։
Ի՞նչն է պատճառը, որ հինգ օր անց գործարարին տեղափոխել են «Երևան» կենտրոն քրեակատարողական հիմնարկ, Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակն ասաց. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են»:
Խոսնակն այլ մանրամասներ չհայտնեց։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբն էլ դեռ որևէ հայտարարություն չի արել։ Կարապետյանը կալանավորվեց հունիսի 19-ին ու տեղափոխվեց «Արմավիր» բանտ։ Նրա նկատմամբ խիստ ռեժիմ է կիրառվել, սահմանափակված էին տեսակցությունները։ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու, կառավարությանը տիրանալու հրապարակային կոչերի համար։
Նա վարչապետի թիրախում հայտնվեց հունիսի 18-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց։ Փաշինյանը վիրավորական գրառմամբ սպառնաց ընդմիշտ պասիվացնել հոգևորականների ակտիվացած բարեգործներին, ու դրանից հետո ոստիկանները գնացին Կարապետյանի առանձնատուն: Նրան ձերբակալեցին, իսկ հետ կալանավորեցին:
Պաշտպանական խմբից Արամ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում պնդել է՝ կատարվողը քաղաքական հետապնդում է՝ իրավապահներն առաջնորդվել են վարչապետի ֆեյսբուքյան գրառումներով։
Գործարարի պաշտպանական խումբը կալանքի որոշումը դեռ չի բողոքարկել: Դիմել էին Վերաքննիչ դատարան, բայց մեկ օր անց դիմումը հետ վերցրել, երբ հայտնի դարձավ՝ գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: Փաստաբանները հայտարարեցին, որ չեն վստահում դատավորին, նրանց խոսքով՝ նա ցածր վարկանիշ ունի և քաղաքական որոշումներ կայացնողի համբավ: Պաշտպանական խումբը հնարավոր է՝ կալանքի որոշումը բողոքարկի Եվրադատարանում:
Անազատության մեջ գտնվող միլիարդատերը կալանավայրից ակտիվ քաղաքական ուղերձներ է հղում, վերլուծում իշխանության գործունեության հետևանքները։ Այսօրվա նամակում էլ գործարարն անդրադարձել է խորհրդարանի իշխող խմբակցության վարքագծին։
«Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի, Ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի: Չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին՝ փոքրիկ խմբակը, չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի կանանց: Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը՝ ՔՊ-ի այն անդաստիարակ, հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները: Վստահ եմ, որ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորությունները, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած, զզվելի, տհաճ է: Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռոնալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ հայ ազգի նզովյալները: Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու»,- գրել է Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի ուղերձները ավարտվում են «պայքարելու ենք» կոչով։ Իշխանամերձ շրջանակները ռուսաստանաբնակ գործարին համարում են «Կրեմլի պրոյեկտ», Հայաստանում իշխանափոխության հնարավոր խողովակ: Այս մեկնաբանությունները գործարարի եղբոր որդին, «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում մանիպուլացիա է որակել:
Սամվել Կարապետյանն ուղերձներից բացի, գործնական քայլեր էլ է անում։ Նրա նախաձեռնությամբ փաստաբանական խմբեր են ստեղծվել, որ անվճար աջակցեն այն մարդկանց, որոնք ապօրինի քրեական հետապնդման ու անարդարության զոհ են։