Մատչելիության հղումներ

«Սամվել Կարապետյանը կրկին հարցաքննվել է, հերքվել են ամենաաբսուրդային վարկածները, Բագրատ սրբազանի շարժման հետ կապ չկա». փաստաբան


Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանն անցած շաբաթ ԱԱԾ մեկուսարանում լրացուցիչ հարցաքննվել է: Կարապետյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ հարցաքննությունը տեղի է ունեցել պաշտպանական կողմի նախաձեռնությամբ, և Սամվել Կարապետյանը քննչական գործողության ընթացքում այնպիսի դիրքորոշում է ներկայացրել, որով, ըստ փաստաբանի, հերքվել են նախաքննական մարմնի կողմից առաջ քաշված «ամենաաբսուրդային վարկածները»:

Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո միլիարդատեր Կարապետյանին մեղադրանք ներկայացվեց՝ իշխանությունը զավթելու հրապարկային կոչի հոդվածով: Գործարարն արդեն մեկ ամսից ավելի է՝ կալանքի տակ է: Փաստաբան Վարդևանյանը նշում է՝ քանի որ Կարապետյանը կոչ չի արել, բայց կալանավորված է իբրև թե կոչեր անելու համար, իրենք ստիպված են եղել լրացուցիչ հարցաքննություն նախաձեռնել: Իսկ այդ հարցաքննության ընթացքում ի՞նչ դիրքորոշում է ներկայացրել Սամվել Կարապետյանը՝ փաստաբանն ասաց՝ գործարարը կրկին պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել, երբ հարցազրույցում ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին «իր ձևով» է պաշտպանելու:

Ստորև ներկայացնում ենք հատված Արամ Վարդևանյանի հետ հարցազրույցից.


«Ազատություն». - Իսկ ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը, նա բացատրե՞լ է՝ ինչ է նկատի ունեցել:

Արամ Վարդևանյան. - Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի հանգամանքը՝ այս պահին դժվարանում եմ Ձեր հարցին ուղիղ պատասխան տալ:

«Ազատություն». - Իսկ Դուք այդ լրացուցիչ հարցաքննությամբ ինչի՞ հասաք:

Արամ Վարդևանյան. - Կարող եմ ուղղակի արձանագրել, որ նախաքննական մարմնի այն բոլոր վարկածները, որոնք առաջ էին քաշվել, որոնք կրկին որոշակի իմաստով նախաքննական գաղտնիք են, այդ իսկ պատճառով եմ դժվարանում հրապարակել, բայց այնտեղ կար իրականությունից կտրված վարկած: Այդ վարկածն ամբողջությամբ հերքվել է նաև հարցաքննությամբ:

«Ազատություն». - Այդ վարկածն իշխանության զավթման կոչի՞ն է վերաբերում:

Արամ Վարդևանյան. - Պատկերացրեք այդքան էլ ոչ ... հիմա եթե Ձեր հարցին պատասխանեմ, պետք է ինչ-որ կերպ բացահայտեմ նախաքննական գաղտնիքը: Բայց կարող եմ հետևյալն ասել՝ այն բոլոր վարկածները, տարբերակները և ի վերջո դրանցից բխեցնելով առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հերքված է, նույնիսկ ամենաաբսուրդային տրամաբանությամբ դիտարկելու դեպքում, այսինքն՝ ողջամիտ իրականության մեջ հնարավորություն չկա այս քրեական վարույթը չկարճելու:

«Ազատություն». - Կարո՞ղ ենք գոնե ասել, որ այդ վարկածները, բնականաբար, պետք է վերաբերեին, թե նա ինչպես պետք է իշխանությունը զավթեր, որի վերաբերյալ էր կոչ հնչեցրել՝ ըստ մեղադրանքի:

Արամ Վարդևանյան. - Ոչ, իրենք պատկերացնում էին, որ Սամվել Կարապետյանի այդ հայտարարությունը իբրև ունի որոշակի պայման, այսինքն՝ մի իրադարձության տեղի ունենալու հետ կապված պայման, և այդ իրադարձությունը որևէ կապ չի ունեցել Սամվել Կարապետյանի հետ, որևէ ձևով:

«Ազատություն». - Այսինքն՝ փոխկապակցվածություն պետք է ունենար իր այդ հայտարարությունը մեկ այլ իրադարձության հետ:

Արամ Վարդևանյան. - Որոշակի իմաստով այո՛, և այդ իրադարձության գնահատականն այս պահի դրությամբ չտամ, քանի որ իրենք դա պայմանականորեն պայմանավորում են որոշակի իրադարձության տեղի ունենալու կամ չունենալու հետ, և այ դրա պայմաններում փորձում էին դիտարկել «մեր ձևով» արտահայտությունը:

«Ազատություն». - Փոխկապակցվածություն կա՞ Բագրատ սրբազանի շարժման հետ:

Արամ Վարդևանյան. - Բացարձակապես, որևէ ձևով չկա:

«Ազատություն». - Այդ վարկածների մեջ չկա՞ այդպիսի կապ:

Արամ Վարդևանյան. - Բնավ, հասկանում եմ, Դուք հավանաբար հղում եք կատարում այն հրապարակային հայտարարություններին, որոնք տեղի են ունեցել: Ձեզ վստահեցնում եմ՝ ընդհանրապես չկա նման հանգամանք, չէր էլ կարող լինել:

Փաստաբանի համոզմամբ՝ այս հարցաքնննության արդյունքում պետք է դադարեցվի Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը: Նաև այս հիմքով է պաշտպանական կողմը 3 օր առաջ դիմել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Կարապետյանին կալանքից ազատելու միջնորդությամբ: Գլխավոր դատախազը, սակայն, ըստ Վարդևանյանի, 72 ժամ անց որևէ կերպ չի արձագանքել նրանց դիմումին:

Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ հունիսի 18-ի խուզարկությունը եղել է ապօրինի

Ի դեպ, կալանավորված գործարարի պաշտպանական խմբի մեկ այլ անդամ, փաստաբան Լիանա Գասպարյանը երեկ տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է իրենց բողոքը և արձանագրել է, որ հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի տանն իրականացրած խուզարկությունը կատարվել է ապօրինի։ Կարապետյանի տունը խուզարկելու թույլտվության վերաբերյալ որոշումը կայացրել էր առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը, որը նաև գործարարին կալանավորելու որոշումն էր կայացրել։

«Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ հունիսի 18-ի խուզարկությունը եղել է ապօրինի, այսինքն՝ չի եղել պատճառաբանված և փաստացի նաև չի համապատասխանել օրինականության պահանջներին։ Հիմնավորումներ, թե ինչի համար պետք է տեղի ունենա այդ խուզարկությունը, չի եղել», - «Ազատությանն» ասաց Արամ Վարդևանյանը:

Հարցին, թե այդ խուզարկության ժամանակ Սամվել Կարապետյանի տանը ի՞նչ են հայտնաբերել, նա պատասխանեց. «Ոչինչ, ոչինչ չեն առգրավել»։

Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ այն, որ Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, նաև ցույց է տալիս հենց այս ապօրինի խուզարկությունը, որին նախորդել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ստատուսները։ Փաստաբանի պնդմամբ՝ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը եղել է քաղաքական հետապնդման սկիզբը։ Վարչապետը Կարապետյանի հարցազրույցից հետո խոստացել էր, որ «պետության համը նրա բերանում կմնա», ինչպես նաև սպառնացել էր՝ «հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ»։

«Ապօրինի խուզարկություն, ապօրինի ձերբակալություն, ապօրինի կալանավորում, այնուհետև մասնավոր գործունեության ոլորտին միջամտություն, ի թիվս այլի ՀԷՑ-ի հետ կապված դեպքը, և տարբերակված մոտեցում, այս ամենը հենց խոսում է քաղաքական հետապնդման մասին: Մայր Աթոռը պաշտպանելու համար քաղաքական հետապնդման ենթարկվելը օբյեկտիվ իրականություն է», - հավելեց փաստաբանը:

Ի դեպ, իշխանություն զավթելու կոչի մեղադրանքով ավելի քան մեկ ամիս ԱԱԾ մեկուսարանում գտնվող Սամվել Կարապետյանի հետ, ըստ փաստաբանի, որևէ քննչական գործողություն չի իրականացվել, չհաշված պաշտպանական կողմի նախաձեռնությամբ իրականացված լրացուցիչ հարցաքննությունը։

XS
SM
MD
LG