Մատչելիության հղումներ

Սամվել ու Սեյրան Դարբինյանները 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեցին


Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյան, արխիվ
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյան, արխիվ

Դատարանը որոշեց Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին ու նրա եղբորը՝ Սեյրան Դարբինյանին, ազատ արձակել 3 մլն դրամ գրավի դիմաց: Նրանց նկատմամբ վարչական հսկողություն ու բացակայելու արգելք է սահմանվել: Անցած ամիս դատարանը երկամյսա տնային կալանք էր սահմանել, բայց պաշտպանների վերաքննիչ բողոքից հետո եղբայրների խափանման միջոցը փոխվեց ու մեղմացվեց:

Դարբինյանները մեկ ամիս անցկացրին տնային կալանքի տակ՝ խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով, ըստ որի՝ նախկին քաղաքապետը Վանաձորին պատկանող կեղտաջրերի մաքրման չգործող կայանի շենք-շինություններն իր մտերիմի անունով է սեփականացրել, խողովակներն ու սարքավորումներն էլ ապամոնտաժել, ու այդ տարիներին Դարբինյան եղբայրների սեփականությունը հանդիսացող «Մարցիգետ» հիդրոէլեկտրակայան են տեղափոխել:

Տնային մեկամսյա կալանքից հետո նախկին քաղաքապետն այսօր կարճ պատասխանեց «Ազատության» հարցին, ասելով, որ մեղադրանքը չի ընդունում:



Երեկ արդեն Դարբինյանների գործով նախաքննությունը ավարտվել է: Եթե դատախազությունը հաստատի մեղադրանքը, առաջիկա օրերին այն կուղարկի դատարան: Չնայած իրավապահները հայտարարել են, որ Դարբինյաններին պատկանած ՀԷԿ-ի խողովակները փորձաքննության են ենթարկել ու հիմքեր ունեն ասելու, որ դրանք Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանից են հասել հիդրոէլեկտրակայան, բայց Դարբինյանների փաստաբան Ռուբեն Հակոբյանը պնդում է՝ գործն ամբողջովին անհիմն է, ու ողջ նախաքննության ընթացքում, ըստ նրա, մեղքն ապացուցող որևէ փաստ քննիչները չեն ներկայացրել:

«Գեթ մեկ ապացույց, որը կվկայի Դարբինյանների առնչությունը որևէ իրավախախտմանը, բացակայում է, զրո ապացույց: Դարբինյաններից որևէ մեկը երբևէ որևէ առնչություն չի ունեցել մաքրման կայանի խողովակների հետ: Առհասարակ այն, ինչ վերագրում են, բացարձակ ապատեղեկատվություն է», - նշեց Ռուբեն Հակոբյանը:

Վանաձորի մաքրման կայանի թալանի փաստով քննություն սկսվել է դեռ 2000-ականներին։ Այդ ժամանակ էր, որ Վանաձորում իր տան դիմաց սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը։ Մամուլը մաքրման կայանի թալանի ու դատախազի սպանության կապի մասին էր գրում: Ընդ որում, դատախազի սպանությունից կարճ ժամանակ անց մաքրման կայանի գործը փակվեց։ Այն վերաբացվեց միայն թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, երբ դատախազությունը հայտարարում էր, թե Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման տարիներին Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանն ապօրինի օտարել է: Ըստ իրավապահների՝ քաղաքապետը կեղծ աճուրդ է կազմակերպել ու 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել իր մտերիմին։

Անցած 6 տարիներին մինչ քննիչները կպարզեին՝ ինչպես է Վանաձորում դեռ խորհրդային տարիներին կառուցված ու այդպես էլ չշահագործված մաքրման կայանը թալանվել, ինչ կապ ունի դրա հետ Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանը, ու արդյոք թալանված խողովակները նրա սեփական հիդրոկայանի համար են օգտագործվել, 2022-ին հանկարծ հայտնի դարձավ, որ Դարբինյան եղբայրները ՀԷԿ-ը տնօրինող «Արգիշտի-2» ընկերությունը վաճառել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդուն: Հենց առուվաճառքի օրը տնօրեն էր դարձել վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։

Պետական ռեգիստրի տվյալներով՝ այս տարվա ապրիլին արդեն ՀԷԿ-ը տնօրինող ընկերությունը վաճառվել է մեկ այլ սեփականատիրոջ: Վարչապետի եղբայրը 2023 թվականի հունիսից այլևս տնօրեն չէ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG