20 տարվա վարորդ Արմեն Զաքարյանը խոշոր հաշվով գոհ չէ վերջին շրջանում Երևանում կատարված երթևեկության փոփոխություններից: Տաքսի է վարում, ուղևորին Ա-ից Բ կետը հասցնելու ընթացքում ամեն օր մտքում հարցեր է տալիս քաղաքային իշխանությանը:
«Հիմա մարդ տանեմ Սարյան, Պուշկին չես կարող մտնել, ահավոր է, որովհետև վերևից Փարպեցին է գալիս, որ հատի Պուշկինը, գնա Արամիով, Սարյան մտնի, բացառվում է, Բուզանդ չես կարող մտնել, որովհետև ձախ չկա: Որ իջեցնես Սարյանի սկիզբ, պետք է գնաս, գոնե փորձես Մոսկովյան-Սայաթ-Նովա հատել, այն կողմով կարողանաս հետ գաս», - «Ազատության» հետ զրույցում ասում է նա:
«Սարյանը սարքեց միակողմանի, պրոսպեկտը լրիվ կանգնում է, Մոսկովյանից կամ Բաղրամյանից եկողը, որ պիտի մտնի էն կողմից Սարյան, չի կարում, Օպերայից հելնողը ձախ չի կարում անել, որովհետև հոսքը լրիվ կանգնած է
Երևանում վերջին մեկ տարում 11 հազարով ավելացել է գրանցված ավտոմեքենաների թիվը: Ըստ քաղաքային իշխանության՝ խցանումների պատճառներից մեկը նաև սա է: Բայց, քաղաքապետարանից նաև ասում են, որ մասնավոր մեքենաները չխանգարեն ավտոբուսների շարժին, Երևանի որոշ հատվածներում տրանսպորտի համար գծեր են առանձնացրել, դրանցով երթևեկող մեքենաներն էլ տուգանվում են: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է՝ նոր ավտոբուսներ են բերում, որ նախ դրանցից օգտվողներն ավելի արագ երթևեկեն:
«Մեր առաջնային խնդիրը ավտոմեքենաները չեն, հետիոտն է, հետո հեծանիվը, հետո ավտոբուսն ու տրոլեյբուսն են, նոր ավտոմեքենան», - նշում է քաղաքապետը:
Հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներն «Ազատությանը» պատմեցին՝ թեև նոր ու հարմարավետ ավտոբուսներ կան, բայց հատկապես օրվա պիկ ժամերին շարունակում են խցանումներում մնալ: Նրանք խնդրի լուծման իրենց տարբերակներն ունեն:
«Խցանումներ շատ են լինում, դրա համար պետությունը պետք է որոշ միջոցներ նույնպես ձեռք առնի՝ ճանապարհների լայնացում, կամուրջների կառուցում, նման բաներ են հարկավոր», - ասում է քաղաքացիներից մեկը:
«Էֆեկտ տվել է, որ փոխել են բոլոր ավտոբուսները, ես ողջունում եմ դա, ճիշտ ժամանակին էլ աշխատում են, խցանման ժամանակ է, որ ուշանում են: Նշանները, որ փոխել են, որևէ էֆեկտ չի տալիս, նոր ճանապարհներ պիտի կառուցվեն», - հավելում է մեկ այլ բնակիչ:
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը Երևանի քաղաքապետարանի՝ դասերը 15 րոպե շուտ սկսելու որոշումից հետո նկատում է որոշ դրական փոփոխություն՝ դպրոցների դիմաց, ասում է, այլևս խցանումներ չկան, բայց ընդգծում է, որ խցանումների նվազեցմանը զուգահեռ չի կարելի օրվա պիկ ժամերին փողոցներ փակել վերանորոգման համար կամ արգելապատնեշներ տեղադրել ճանապարհներին՝ խոչընդոտելով երթևեկությունը։
«Կոմպլեքս լուծումներ է պահանջում, միայն երթևեկության փոփոխությունները չէ, նոր ճանապարհների ստեղծումն է: Շատ կարևոր է, որ ժամերն այնպես են դասավորել, որ տարբեր խմբերի մարդիկ իրար հետ չբախվեն տարբեր ժամերի նույն վայրում, բայց այն, որ պետական հիմնարկների մեծ մասը Երևանի կենտրոնում է գտնվում, ու մի քանի հարյուր հազար մարդ ամեն իր գալիս է Երևանի կենտրոն աշխատանքի ու հետո հետ է գնում, մեծ խնդիր է: Տեսանելի փոփոխություն կարող է լինել ինչ-որ սուբյեկտիվ մակարդակով, բայց օբյեկտիվ մակարդակով պետք է երևի սպասել մի տարի, վիճակագրություն հավաքել, որ հասկանանք», - նշում է Պեդանյանը:
Երևանում խցանումների մակարդակը գնահատելու և իրավիճակի հստակ պատկեր ստանալու համար քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը գործակարգավարականի ընթացքում «Յանդեքս» տաքսի ծառայության տվյալները ներկայացրեց: 2024 և 2025 թվականների օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, ըստ այդ տվյալների վերլուծության, խցանումները հատկապես շատ են եղել հիմնականում աշխատանքային օրերին:
«Եթե քաղաքի ինչ-որ հատվածում երթևեկում ենք 40 կմ/ժ արագությամբ խցանումների բացակայության պարագայում, և նշված գործակիցը փոփոխվում է օրինակ՝ երկուսի, ապա նույն ճանապարհահատվածը փոփոխված գործակցի պարագայում հնարավոր կլինի երթևեկել 20 կմ/ժ արագությամբ, և առավելագույն դանդաղեցման ցուցիչը 1.73, իսկ 2025 թվականի նույն կիրակի օրը վերջին շրջանում կատարված երթևեկության կազմակերպման փոփոխությունները, ինչպես նաև կայացրած որոշումը հանրակրթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխության հետ կապված իր ուրույն դրական ազդեցություն են ունեցել Երևան քաղաքի խցանումների մակարդակի վրա», - ներկայացրել է Հարությունյանը։
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահն ասում է՝ «Յանդեքսը» մասնավոր ընկերություն է, ու դրա տվյալները չեն կարող ամբողջական օբյեկտիվ պատկերը ցույց տալ: Տրանսպորտի վարչության պետի խոսքով՝ մյուս տարի մասնավորապես փոքր կենտրոնում պետք է մայթերը լայնացվեն, հեծանվուղիներն ու ավտոբուսային նոր գծերն ավելացվեն: Քաղաքապետն էլ ասում է՝ այդ աշխատանքի մի մասը կարելի է հիմա անել. «Խոշոր հատվածներում, օրինակ, հենց նույն Արաբկիր վարչական շրջանում ավտոբուսային գծերի ստեղծմանը պետք չէ սպասել հաջորդ տարվան։ Շատ տեղեր ստեղծել ենք ավտոբուսային գծեր, ավտոբուսները սկսել են արագ տեղաշարժվել, ու դրան զուգահեռ տրված լուծումներով մենք խցանումների միջինացված թիվը էականորեն նվազեցրել ենք։ Այսինքն՝ սեպտեմբերի այս առաջին մի քանի օրվա ցուցանիշները դա...»:
Մինչև պաշտոնյաները քննարկում են ինչ անել, որ Երևանը խցանումներից չպայթի, մեզ հանդիպած տաքսու վարորդը և ուղևորները էական մեծ փոփոխություն դեռ չեն նկատում: